ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Կառավարությունը, ըստ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի, կոլեգիալ մարմին է և կազմված է վարչապետից, փոխվարչապետերից և նախարարներից: Սահմանադրության մեկ այլ՝ 159-րդ հոդված համաձայն՝ Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:
2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենքի)՝ մինչ 08.05.2019 թվականը գործող խմբագրությամբ 2-րդ հոդված 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:
Օրենքի՝ 01.06.2019 թվականին ուժի մեջ մտած (ՀՕ-31-Ն) կատարված փոփոխությունների համաձայն` Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:
Փաստորեն նշված փոփոխություններով Սահմանադրության 147-րդ հոդվածին համահունչ վերացվեց առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Սրա հիման վրա, ելնելով գործադիր իշխանություն իրականացնող մարմինների միջև գործառույթային կապերի տրամաբանական բնույթից, նախագծով առաջարկվում է չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը: ինչպես նաև առաջարկվում են իրավական կառուցակարգեր, որոնց հիման վրա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվի իր հայեցողությամբ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերի համաձայն` առաջարկվում է չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը, ինչպես նաև առաջարկվում են իրավական կառուցակարգեր, որոնց հիման վրա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվի իր հայեցողությամբ, իսկ պետական մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության կամ հրաժարականի դեպքում` նրան վարչապետ որոշմամբ կփոխարինի տեղակալներից որևէ մեկը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կչեղարկվի պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը: