Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 207-րդ հոդվածի 1-ին մասում <<Զինապարտների կողմից>> Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով>> բառերը փոխարինել <<Զինապարտ քաղաքացու կողմից <<Պաշտպանության մասին>> օրենքի 22-րդ հոդվածով>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 213.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- ՀՈԴՎԱԾ 213.1. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ
- Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձևով`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում քաղաքացու կողմից կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
- Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով հարգելի պատճառներ են համարվում քաղաքացու կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու հանգամանքները:>>:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասում և 2-րդ մասի 1-ին կետում <<213>> թիվը փոխարինել <<213.1>> թվով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: