Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

 

  1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:
  2. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ.

2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

  1. Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
  2. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները: Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդը քննարկում է և

1) դրանք ընդունելու դեպքում՝ լիազորված մարմին է ներկայացնում որոշման լրամշակված տարբերակը, կամ

2) չի ընդունում դրանք և որոշման հետ միասին ներկայացնում է համապատասխան հիմնավորումներ:

  1. Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու դեպքում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:
  2. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն կամ մամուլ) յոթօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ:
  3. Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը ներկայացնում է հրապարակման նաև azdarar.am կայքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով և կրթության կառավարման պետական լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
  4. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է համաձայն Ձև 1-ի:
  5. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 7 աշխատանքային օր առաջ: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:
  6. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում՝ խորհրդի որոշմամբ լիազորած խորհրդի անդամի կողմից:
  7. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

  1. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (այդ թվում էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորած խորհրդի անդամը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է  խորհրդի մյուս անդամներին.

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում:

  1. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, բնօրինակները վերադարձվում է հավակնորդին: Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտոնային հասցեին: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են մրցույթի անցկացման օրը:
  2. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) ապահովում է հավակնորդների հանդիպումը աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար:
  3. Խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են համապատասխան խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում ներկայացվում են նույն օրը:
  4. Յուրաքանչյուր հավակնորդի հետ անցկացվում է առանձին քննարկում, ոչ ավել, քան 20 րոպե տևողությամբ:
  5. Հավակնորդը, քննարկմանը չներկայանալու դեպքում, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:
  6. Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն, որի ձևը (փակ կամ բաց) որոշում են համապատասխան խորհուրդներում: Քվեարկության ընթացքը և արդյունքները նույն օրը արձանագրվում են և փակ քվեարկության դեպքում քվեաթերթիկների հետ միասին պահպանվում ուսումնական հաստատությունում: Մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան արձանագրությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են դպրոցի պաշտոնական կայքում:
  7. Մանկավարժական և ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
  8. Մանկավարժական և ծնողական խորհուրդներում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը համարվում է համապատասխան խորհրդի թեկնածուն:
  9. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ևս հավասար ձայների դեպքում հավակնորդը որոշվում է վիճակահանությամբ: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներն երկուսն են և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:
  10. Եթե տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին դիմել է մեկ հավակնորդ, ապա քվեարկության ընթացքում մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: Որոշումն ընդունվում է առավելագույն ձայների հիման վրա, իսկ ձայների հավասարության դեպքում հավակնորդը համարվում է չընտրված և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն:
  11. Մրցույթի անցկացման ժամանակ սույն կարգի 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերում նշված քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար:
  12. Տվյալ ուսումնական հաստատության մանավարժական կամ ծնողական խորհրդի անդամ կամ տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) հանդիսացող հավակնորդը չի մասնակցում համապատասխան խորհրդում մյուս հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկմանը և քվեարկությանը:
  13. 25. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) պարտադիր մասնակցությամբ:
  14. 26. Մրցույթին, այդ թվում՝ հետաձգված, ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար խորհրդի նախագահը կամ նախագահին փոխարինող խորհրդի անդամը գրավոր դիմում է նախարարություն` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և հասցեն` միաժամանակ այդ մասին տեղեկացնելով նաև խորհրդի բոլոր անդամներին, հավակնորդներին, լիազոր մարմնին: Դիմումը ներկայացվում է նախարարություն` մրցույթից, այդ թվում` հետաձգված, առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
  15. Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) ուսումնասիրել սույն կարգի 18-րդ կետով սահմանված արձանագրությունները.

4) մեկ աշխատանքային օրվա ընթացքում կրթության և գիտության նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական է համարվում այն եզրակացությունը, որտեղ արձանագրվել է սույն կարգով սահմանված պահանջների խախտում կամ անհամապատասխանություն:

  1. 28. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 7-ը:
  2. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե՝

1) խորհրդի նիստն իրավազոր չէ, կամ

2) ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:

  1. 30. Հետաձգված խորհրդի նիստը սույն կարգի 29-րդ կետով սահմանված հիմքերով չկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:
  2. Մրցույթին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:
  3. 32. Մրցույթի ժամանակ հավակնորդի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:
  4. 33. Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը ձայնագրվում է, իսկ ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում:
  5. 34. Տնօրեն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:
  6. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և, սույն կարգի համաձայն, հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:
  7. 36. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:
  8. 37. Մրցույթի արդյունքները անվավեր են ճանաչվում`

1) դատական կարգով կամ`

2) ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի կամ խորհրդի ձևավորման օրինականության վերաբերյալ կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:

  1. 3 Սույն կարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր բողոքը նախարարություն կարող է ներկայացվել մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, և բողոքի ստացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է՝ նշելով բողոքը վերադարձնելու պատճառը:
  2. 39. Հանձնաժողովը ձևավորվում է բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`
  3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը` առնվազն 3 անդամ: Հանձնաժողովի կազմը հաստատելու համար նախարարությունը դիմում է համապատասխան մարմիններին` 3 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածու առաջադրելու համար.
  4. Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում կրթության և գիտության նախարարին` հանձնաժողովի ձևավորումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին.
  5. 42. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:
  6. 43. Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավել, քան հավակնորդի 65 տարին լրանալը:
  7. 44. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտը չեն կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
  8. 45. Մրցույթին, ինչպես նաև սույն կարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և առնվազն վերջին 3 տարում երեխայի իրավունքներով զբաղվող կամ կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ):
  9. 46. Հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել՝ նախապես գրանցվելով:
  10. 47. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել հաստատության խորհրդի նախագահին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության վերջին երեք տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը:
  11. 48. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները՝ նաև օպերատոր):
  12. 49. Խորհրդի նախագահը սույն կարգի 47-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ մերժելու մասին՝ այդ մասին տեղեկացնելով (գրավոր կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգի 45-րդ կետում նշված պահանջին:
  13. 50. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև մրցույթի մեկնարկը (մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ) ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
  14. 51. Մրցույթին ներկա դիտորդների թվից կախված՝ խորհուրդը կարող է որոշում ընդունել մրցույթը տվյալ հաստատության այլ տարածքում անցկացնելու վերաբերյալ:
  15. 52. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը՝ մասնակիցներից որոշակի հեռավորության վրա՝ պահպանելով լռություն:

  1. 53. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս իրավունք ունի՝

1) գրառումներ կատարելու.

2) մրցույթի ավարտից հետո խորհրդին իր դիտարկումները ներկայացնելու:

  1. 54. Դիտորդի կողմից սույն կարգի 52-րդ կետով սահմանված պահանջների չկատարման պարագայում խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու դիտորդին մրցույթի անցկացման վայրից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև տեղեկացնելու համապատասխան կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում դիտորդը:

 

 

 

 

Ձև 1

Մրցույթ՝

_____________________________________________________________________

(ուսումնական հաստատության անվանումը)

տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝___________________________________  ____________________________________________________________________________________-ի

                                              (ուսումնական հաստատության անվանումը)

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար: 

  1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
  • ՀՀ քաղաքացիությունը.
  • ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
  1. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
  • դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
  • հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
  • տվյալ հաստատության զարգացման ծրագիրը նաև էլեկտրոնային տարբերակով
  • հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են___________________________________________________-ում

                                                                   (ուսումնական հաստատության անվանումը)

201__ թվականի _______-ից մինչև __________-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը _____-ից մինչև ժամը _____-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 201__ թվականի ______-ին՝ ժամը _____-ին, _________________________________________________________________________________________________________________________________________________________________________

                                  (ուսումնական հաստատության անվանումը և հասցեն)

Տեղեկությունների համար դիմել՝ ___________________________________________________

____________________________________________________________________________________

           (խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

  • Обсуждалось

    13.05.2019 - 30.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13205

Принт

Предложения

Արմեն Ավագյան

24.05.2019

Կարծում եմ նախագծում պետքի հստակեցվի 30-րդ կետը :Նոր մրցույթ հայտարարվի միայն 29-րդ կետի 1-ին մասով՝ խորհրդի նիստը իրավազոր չէ: 30-րդ կետում ավելացնել՝ հետաձգված խորհրդի նիստում նախարարության ներկայացուցչի չներկայանալու դեպքում խորհուրդը մրցույթն անցկացվում է առանց ներկայացուցչի մասնակցության: Քանի որ նախարարության ներկայացուցչի երկու անգամ չներկայանալու դեպքում արդար չի լինի նոր մրցույթ հայտատարելը:Ստացվում է այնպես,որ խորհուրդ կարող է ամբողջ կազմով ներկա լինել,իսկ նախարարության ներկայացուցչի երկու անգամ չներկայանալու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:

Узнать больше