ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-103 օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 2-ի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը, բուժումն և մոնիթորինգն իրականացնում են արտահիվանդանոցային և հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունները (այսուհետ՝ բժշկական կազմակերպություններ):»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. Բժշկական կազմակերպությունում խտրականության արգելումը
- Յուրաքանչյուր ոք անկախ ՄԻԱՎ-ի կարգավիճակից ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելը կամ ոչ պատշաճ տրամադրելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 3. Օրենքի հոդված 8-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքով գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչները սահմանում է առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի հոդված 10-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 10. Բժշկական հետազոտությունների իրականացումը
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար իրավունք ունեն բժշկական, այդ թվում լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների (այսուհետ՝ բժշկական հետազոտություններ):
- ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով իրականացվող բժշկական հետազոտությունները իրականացվում են սույն օրենքի և առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմնի կողմից հաստատված պացիենտի վարման գործելակարգերին և կլինիկական ուղեցույցներին համապատասխան:
- ՄԻԱՎ հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտությունները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակեպություններում:
- ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կրկնակի բժշկական հետազոտություն տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունում:
- ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտություններն անվճար են՝ երաշխավորված պետության կողմից, անանուն են և կամավոր՝ բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
- Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն կամ արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ կամ փոխպատվաստեն օրգաններ կամ հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով:
- ՄԻԱՎ-ի կարգավիճակի պարզմանն ուղղված բժշկական հետազոտությունը զուգորդվում է բժշկական կազմակերպության կողմից տրամադրվող նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվությամբ:
- Մինչև 14 տարեկան երեխաների բժշկական հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով`
«10.1 Ինքնաթեսթավորումը
- Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի հայտնաբերման մատչելիությունը ապահովելու նպատակով կարող է օգտագործվել ՄԻԱՎ-ի հայտնաբերման ինքնաթեսթավորման հավաքածու, որը կարող է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված դեղատնային գործունեություն իրականացնող կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից:
- ՄԻԱՎ վերջնական ախտորոշումը կատարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական կազմակերպություններում սույն օրենքով նախատեսված կարգով:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.
«Հոդված 14.1 ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և դրա փոխանցմանը ներկայացվող պահանջները
- ՄԻԱՎ հայտնաբերելու կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում պարզված տվյալները համարվում են բժշկական գաղտնիք:
- ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետոզոտության արդյունքը, ինչպես նաև ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից կարող է տրամադրվել.
1) հետազոտվող անձին.
2) մինչև 14 տարեկան հետազոտվող անչափահասի ծնողին կամ օրինական ներկայացուցչին, 14-ից բարձր անձանց դեպքում` հետազոտվողին:
- ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում անձը, բժշկական կազմակերպության բժշկի կողմից գրավոր տեղեկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման կանխարգելման կանոնների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև այլ անձին ՄԻԱՎ-ով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխաատվության վերաբերյալ:
- ՄԻԱՎ դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում բժշկական կազմակերպության բժիշկը խորհրդատվական աշխատանքներ է իրականացնում ՄԻԱՎ վարակակրի ամուսնուն կամ զուգընկերոջը ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման կարևորության և բժշկական հետազոտություն անցնելու ուղղությամբ` տրամադրելով առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմնի կողմից հաստատված ձևի իրազեկման թերթիկ:
- ՄԻԱՎ դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում այդ կարգավիճակի մասին բժշկական կազմակերպության բժիշկը կարող է ՄԻԱՎ վարակակրի ամուսնուն կամ զուգընկերոջը տեղեկացնել հետևյալ դեպքերում`
1) երբ ՄԻԱՎ վարակակիրը ինքը չի ցանկանում հայտնել ամուսնուն կամ զուգընկերոջը և գրավոր կարգով տալիս է ամուսու կամ զուգընկերոջ կոնտակտային տվյալներ, ինչպես նաև համաձայնություն իր կարգավիճակի բացահայտումով կամ առանց բացահայտման, տեղեկացնել ամուսնուն կամ զուգընկերոջը կարգավիճակի կամ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին,
2) երբ ՄԻԱՎ վարակակրի և բժշկական կազմակերպության բժշկի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ ամուսնուն կամ զուգընկերոջը որոշված տեղեկացման ժամկետը ավարտվել է և ՄԻԱՎ վարակակրի ամուսինը կամ զուգընկերը չի ներկայանում ՄԻԱՎ կարգավիճակը որոշելու նպատակով բժշկական հետազոտություն անցնելու համար, ապա բժիշկը, ըստ ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի կողմից ներկայացված կոնտակտային տվյալների, տվյալ անձին և ամուսնուն կամ զուգընկերոջը հրավիրում է ՄԻԱՎ կարգավիճակը պարզելու նպատակով հետազոտության անցկացման,
3) երբ բժիշկը, ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի գրավոր համաձայնությամբ, ուղեկցում է տվյալ անձին իր ամուսնուն կամ զուգընկերոջը տվյալ անձի կարգավիճակը բացահայտելու և ամունուն կամ զուգընկերոջը պատշաճ մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու ու ամուսնու կամ զուգընկերոջ ՄԻԱՎ կարգավիճակը բացահայտելու համար հետազոտություն անցնելու վերաբերյալ:
- 6. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները տիրապետող անձը պարտավոր է պահպանել (չփոխանցել) բժշկական գաղտնիքը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կամ օրենքով չնախատեսված դեպքերում բժշկական գաղտնիքի ապօրինի փոխանցումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.15-րդ հոդվածով.
«Հոդված 47.15. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելը կամ ոչ պատշաճ տրամադրելը.
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով.
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 123. Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելը
- Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
- Անձը ազատվում է սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունից, եթե՝
1) ՄԻԱՎ-ով վարակված անձին նախապես՝ մինչև վարակելուն ուղղված գործողության կատարումը նախազգուշացրել է իր մոտ այդ հիվանդության առկայության մասին և այդ անձը կամավոր համաձայնվել է կատարել վարակման վտանգ ստեղծած գործողություն, կամ
2) ձեռնարկել է վարակը չփոխանցելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանխարգելիչ միջոցառումները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: