ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի8-ի նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, որի Տնտեսական գործունեության թափանցիկությունը վերտառությամբ 3.3 կետում սահմանված է, որ անհրաժեշտ է նաև վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը՝ սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների համար և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցներին իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման գործընթացում լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելու անհրաժեշտությամբ:
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ
Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատել Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվության միջոցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը:
Միաժամանակ, Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, որպիսի կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գրանցման էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ՝ առանց պետական տուրքի անդորրագրի տեղեկություններ տրամադրելու հնարավորություն սահմանելու նպատակով:
ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը: