Ստելլա Չանդիրյան
01.03.2019
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքով ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ ամրագրված չէ եւ ավելին, գործող հանցակազմերում այն որպես արարքը ծանրացնող հանգամանք չի համարվում՝ ընտանեկան բռնություն (այն արտահայտվում է ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնության գործադրմամբ) գործադրած անձինք շատ հաճախ կամ մնում են անպատիժ կամ նրանց նկատմամբ կիրառվում է այնպիսի պատասխանատվության միջոց, ինչ նույն արարքը ոչ ընտանեկան բռնության պարագայում կատարած անձի նկատմամբ, ինչը կատարված արարքի եւ դրա նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցի ոչ համաչափության մասին է վկայում։ Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ հիմնարար իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Ասվածով պայմանավորված՝ անհրաժեշտ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թվականին ընդդեմ Իտալիայի կայացրած գործերից մեկով հստակ ամրագրեց, որ ներպետական դատարանները որեւէ պարագայում չպետք է թույլ տան, որ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրած անձինք անպատիժ մնան: Ելնելով վերոգրյալից ՀՀ քրեական օրենսգրքում անհապաղ պետք է փոփոխություն եւ լրացում կատարել եւ ընտանեկան բռնությունն ամրագրել որպես առանձին հանցակազմ, որը կատարած անձինք չեն կարող քրեական պատասխանատվությունից ազատվել վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով, չեն կարող պատժից ազատվել մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով եւ վերջիններիս նկատմամբ չի կարող հայտարարվել համաներում։ Օրենսդրական փոփոխություն է հարկավոր կատարել նաեւ «Ներման մասին» ՀՀ օրենքում՝ սահմանելով, որ ներում չի կարող շնորհվել ընտանեկան բռնության գործերով դատապարտված անձանց։