«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների նախագծեր
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության կարգը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կազմավորմանը վերաբերող սահմանադրական կարգավորումներն ամրագրված են Սահմանադրության` համապատասխանաբար «Դատավորների ընտրության և նշանակման կարգը» վերտառությամբ 166-րդ հոդվածով և «Սահմանադրական դատարանը» վերտառությամբ 167-րդ հոդվածով: Մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ»: Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով»:
Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի կազմավորման կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Ազգային ժողովը` որպես Սահմանադրական դատարանի դատավորին ընտրող սահմանադրական մարմին, Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գործում է իր կանոնակարգին համապատասխան, որը ևս սահմանադրական օրենք է (Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասություն): Իսկ սահմանադրական օրենքների առումով առկա է Սահմանադրության ուղղակի պահանջ, այն է` սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից (Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասություն):
Ներկայիս կարգավորումների պայմաններում Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 3-րդ մասով, 7-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 8-րդ մասով սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության անցկացմանը, ներառյալ՝ առաջադրմանը, պաշտոնի ստանձնմանը վերաբերող էական մանրամասներ բովանդակող իրավակարգավորումներ, մասնավորապես, թե ինչ հաջորդականությամբ են կատարվում Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները և ինչ ժամկետներում, երբ է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ստանձնում իր պաշտոնը՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում, ինչ ժամկետում է առաջադրվում Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում:
Արդեն իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մանրամասները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանելու սահմանադրական պատվիրանն իրացրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի հատկապես 17-րդ հոդվածում, որով, մասնավորապես, սահմանել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված ժամկետում՝ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով (1-ին մաս): Իսկ առավել մանրամասն կարգավորումներ տրված են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերը նշված հոդվածով:
Բարձրացված հարցերի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի՝ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով թիվ ՍԴՈ-1434 որոշումը, ըստ որի Սահմանադրական դատարանը որոշել է, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորմանը՝ ճանաչել Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:
Հաշվի առնելով վերոշարադրյալը և մասնավորապես Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումն անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելով Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ Սահամադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1434 որոշումը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.
1) Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող իրավակարգավորումների սահմանումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահամադրական օրենքի շրջանակներում,
2) Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումների և ընտրության համար նախատեսված ժամկետների հստակեցում և ամրագրում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներով սահմանված՝ սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը և դրա ժամկետներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1434 որոշման պահանջներին:
-
Обсуждалось
10.12.2018 - 25.12.2018
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Конституционное и административное законодательство
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6407
Принт