В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
-
2 - За
-
1 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքում իրավական որոշակիության ապահովման կարևորագույն նպատակը, քանի որ քրեաիրավական նորմերը պետք է լինեն խիստ որոշակի և բացառեն տարաբնույթ մեկնաբանություններ:
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց, լուսանկարվելուց, մատնադրոշմման կամ նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության նախատեսում.
Նախագծով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 339.1 հոդվածով, համաձայն որի վկան, տուժողը, կասկածյալը կամ մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով նախատեսված կարգով քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց, մատնադրոշմման կամ հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում ենթակա է պատասխանատվության: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ, 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ, 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 4-րդ, 86-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետերի համաձայն տուժողը, կասկածյալը, մեղադրյալը և վկան պարտավոր են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման, փորձաքննության և բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարման, ինչպես նաև տալ նմուշներ` համեմատական հետազոտման համար:
Ստացվում է, որ քրեական վարույթի վերոնշյալ մասնակիցներն օրենքով նախատեսված կարգով կրում են քննման, փորձաքննության և բժշկական ստուգման ենթարկվելու, մատնադրոշմման, լուսանկարման, ինչպես նաև նմուշներ ներկայացնելու պարտականություն, մինչդեռ նշված պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմ առկա չէ:
Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական ռեժիմ: Այն է՝ քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր հիմք է, եթե նա նախաքննության ընթացքում' մինչև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնել կամավոր ներկայացրել է նմուշները, մատնադրոշմները, լուսանկարվել է կամ կամավոր ենթարկվել է քննման, փորձաքննության, բժշկական ստուգման և ժամանակին ներկայացված նմուշները, լուսանկարները, մատնադրոշմները կամ բժշկական ստուգման արդյունքները կարող են օգտագործվել (պիտանի են) քրեական գործի լուծման համար:
Քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր հիմքի կիրառման համար նախատեսված է երկու պայման. նմուշները կամավոր ներկայացնելը և այն ժամանակին ներկայացնելը։ Բանն այն է, որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձը օրինակ՝ ալկոհոլ (թմրանյութ) օգտագործած վիճակում նախաքննության սկզբնական հատվածում հրաժարվում է փորձաքննության ենթարկվել կամ հրաժարվում է նմուշներ տրամադրել, մինչդեռ անձը գիտակցում է, որ տվյալ նմուշները մարդու օրգանիզմում պահվում են որոշակի ժամանակահատվածում։ Կամ նախաքննության ընթացքում չի թույլատրում մարմնի վրայից համապատասխան հետքեր վերցնել, այն ակնկալիքով, որ հետագայում կարող է դրանք մաքրել կամ լվանալ։ Այս պարագայում, անձը, եթե նախապես հրաժարվել է դատավարական պարտականությունը կատարելուց, սակայն հետագայում ցանկություն է հայտնում այդ պարտականությունը կամավոր կատարելու մասին, ապա նա կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե նմուշները ուշ ներկայացնելու պատճառով, դրանք չեն կորցրել իրենց ապացուցողական նշանակությունը կամ բացակայել է այն թաքցնելու վտանգը։
Բացի այդ նման նորմ է նախատեսվում նաև արտասահմանյան մի շարք քրեական օրենսգրքերում: Մասնավորապես.
Իսրայելի քրեական օրենսգրքի[1] 241-րդ հոդվածի համաձայն՝ եթե անձը պարտավոր է ցուցմունք տալ կամ ներկայացնել այլ ապացույցներ դատավարության ընթացքում, սակայն հրաժարվում է դա իրականացնելուց, ապա նա պատժվում է ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով: Որպես այլ ապացույցներ ներկայացնելուց հրաժարվել է համարվում նաև փորձաքննության համար նմուշներ չտալը:
Լատվիայի քրեական օրենսգրքի[2] 262.1-րդ հոդվածը վերնագրված է ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ նյութի, թունանյութերի կամ այլ թմրեցնող նյութերի հայտնաբերմանն ուղղված փորձաքննություն անցնելուց հրաժարվելը և այդ հոդվածի համաձայն՝ ավտոմեքենայի վարորդը, ով տարվա ընթացքում երկրորդ անգամ է կատարել խախտում և հրաժարվում է ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ նյութի, թունանյութի կամ այլ թմրեցնող նյութերի հայտնաբերմանն ուղղված փորձաքննություն անցնել պատժվում է ազատազրկմամբ մինչև 1 տարի ժամկետով, կալանքով կամ հանրային աշխատանքներով, կամ տուգանքով նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելով 3-ից 5 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի[3] 308-րդ հոդվածի համաձայն՝ վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը կամ տուժողի քննմանը մասնակցելուց հրաժարվելը, նրա նկատմամբ փորձաքննության անցկացումից խուսափելը, այն դեպքում, երբ նրա համաձայնությունը պարտադիր չէ, կամ համեմատական հետազոտության համար ձեռագրի կամ այլ փորձանմուշներ տրամադրելուց հրաժարվելը պատժվում է տուգանքով մինչև քառասուն հազար ռուբլի կամ դատապարտյալի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով մինչև երեք ամիս ժամկետով, կամ հանրային աշխատանքներով մինչև երեք հարյուր վաթսուն ժամ տևողությամբ, կամ ուղղիչ աշխատանքներով առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով առավելագույնը երեք ամիս ժամկետով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող լրացումներով և փոփոխություններով հստակեցվում են քրեական վարույթի մասնակցի կողմից քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության հարցերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
ՀՀ քննչական կոմիտե:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը:
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտե
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացվում է նոր՝ 339.1-րդ հոդվածով, որով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով քննչական ենթակայության հարցը լուծելու պահանջն ինքնին ենթադրում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածում՝ 190-րդ հոդված, կատարել լրացում՝ օրենքով նախատեսված կարգով մշակելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Սակայն, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ, 315-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ, 345-րդ և 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը (…), և քանի որ նախատեսվող նոր՝ 339.1-րդ հոդվածը, գտնվում է 337-340-րդ հոդվածների միջակայքում, և, հետևաբար լուծվում է 339.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով քննչական ենթակայության հարցը, ապա «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտե
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտե
[1] https://www.twirpx.com/file/691498/
[2] http://www.pravo.lv/likumi/07_uz.html
[3] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/60fe35427754a2f7623e0432ed10d149b8efa79f/
-
Обсуждалось
30.11.2018 - 15.12.2018
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Следственный комитет РА
Просмотры 8913
Принт