Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ ելնելով ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված ուղղությամբ զբաղվածության պետական ծրագրի արդյունավոտ իրականացումն ապահովելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ ժողովրդագրության ոլորտում արդեն իսկ իրականացվող միջոցառումների շարունակական ընթացքի ապահովման հետ մեկտեղ, առկա իրավիճակը պահանջում էր թիրախավորված նոր միջոցառումներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են որակական փոփոխություններ մտցնել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների և սոցիալական այլ խնդիրների լուծումներում, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ ինչպես բնակչության վերարտադրողական նպատակադրումների իրագործման, այնպես էլ միգրացիոն անբարենպաստ գործընթացների մեղմացման տեսանկյունից: Նշված միջոցառումներից մեկը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքի սահմանումն էր, որը տեղ գտավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում: Նշված իրավունքի իրացման նպատակով  ՀՀ կառավարության կողմից հաստատվեց և 2018թ. հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ ծրագրի իրականացման կարգը: Կարգով նախատեսված՝ շահառուին տրամադրվող աջակցության չափը կազմում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձավճարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Եթե խնդրի լուծումը դիտարկում ենք դայակի կողմից մատուցվող ծառայության՝ հարկման օբյեկտ լինելու տեսանկյունից, ապա երեխայի խնամքն իրակա­նացնող դայակները ծառայությունների մատուցման քաղաքացիաիրա­վական կամ աշխա­տանքային պայմա­նագրերի շրջանակներում ստացված եկա­մուտ­ներից պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով և 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:

Հիմք ընդունելով դայակին վճարվող օրինակ՝ 110.000 դրամ աշխատավարձը, ստացվում է, որ ծրագրի շրջանակներում 55.000 դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 150.000 դրամի դեպքում 23 տոկոս սահմանված է որպես եկամտային հարկ (արդյունքում, դայակի աշխատավարձից կհարկվի 25.300 դրամ): Արդյունքում, հաշվի առնելով նաև նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը, պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում տրվող աջակցությանը զուգահեռ նախատեսել նաև որոշակի հարկային արտոնություններ՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները համարել նվազեցվող եկամուտներ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխուների շարունակականությունը և մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու  և  երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում անհրաժեշտ է ընդունել 2018 թվականի հուլիսի 7-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտված անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ, ՀՀ պետական բյուջե գանձված գումարների վերադարձման կարգն ու ժամկետները հաստատող ՀՀ կառավարության որոշում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման պարագայում 2018 թվականի հուլիսի 7-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտված անձանց երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձանց (դայակների) կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ, ՀՀ պետական բյուջե գանձված գումարների վերադարձման անհրաժեշտություն կառաջանա: Մասնավորապես,  ս.թ. հուլիսի 7-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ անձանց կողմից կատարվել է 2 875 931 դրամի չափով եկամտային հարկի վճարում ՀՀ պետական բյուջե: Հետևաբար, նշված գումարի չափով կավելանան ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերը:

 

 

 

 

  • Обсуждалось

    05.11.2018 - 20.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9647

Принт

Предложения

Նենսի Գևորգիան

17.11.2018

Նախագծով հետապնդվող նպատակն անհասկանալի է։ Հիմնավորված չէ որոշակի աշխատանք իրականացնող անձանց նման հարկային արտոնությունների տրամադրումը։ Պարզ չէ,թե ինչու 110հազ դրամ ամսական աշխատավարձ ստացող ցանկացած այլ աշխատողի աշխատավարձը ենթակա է հարկման, իսկ դայակինը ոչ։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ համապատասխան ծրագրի շրջանակներում պետությունը ըստ էության քիչ է վճարում։ Եվ ինչ? Պետությունը քիչ է վճարում նաև նույն աշխատավարձի սանդղակում գտնվող հազարավոր պետական ծառայողների եվս` հարկելով վերջիններիս աշխատավարձը:Պետությունը վճարում է 50%, եվ չեմ կարծում որ հիմնավորումն արդարացված է: Այնուամենայնիվ, եթե նպատակը 55հազ պակաս չվճարելն է, ապա կարծում համապատասխան կարգում "ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձը" բառերը կարելի է փոխարինել "ոչ պակաս, քան 55հազ դրամը` հարկումից հետո" բառերով: Նման կարգավորման դեպքում ըստ էության 50%-ի հարկման բեռը եվս կընկնի պետության վրա եվ աջակցության փաստացի չափը ավել կլինի 50%-ից, բայց գոնե մյուս կեսի մասով կհարկվի ընդհանուր կարգով:

Աստղիկ Գրիգորյան

06.11.2018

Վարչարարության տեսակետից ավելի նպատակահարմար չէր լինի և ընդհանրապես հարկատուի համար էլ հարկվող եկամուտը նվազեցնել որոշակի գումարում օրինակ 60000-70000 ՀՀ դրամ նոր հարկել? շատերի համար դժվար կլինի վճարել հետո սպասել մի քանի ամիս նոր այդ գումարը հետ ստանալ գումարած բյուրոկրատական քաշքշուկը

Узнать больше