Добавить в избранное

<<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր

 

 

<<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր

 

 

  1. Ամփոփ համառոտագիրը

 

Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում: Երեխայի բնականոն զարգացումը և որակյալ նախադպրոցական կրթությունը մեծապես պայմանավորում են հետագա հաջողություններն ու անհաջողությունները կրթական բոլոր մակարդակներում, նպաստում նրա կարողությունների զարգացմանը` միջավայրում հարմարվելու և սոցիալականացման հարցերում:

Նախադպրոցական տարիքը երեխայի զարգացման այն ժամանակահատվածն է, երբ ձևավորվում է նրա` որպես քաղաքացու հոգևոր, մտավոր և ֆիզիկական որակները: Այս շրջանի առանձնահատկությունն այն է, որ ապահովվում է ընդհանուր զարգացումը, ի տարբերություն մյուս փուլերի, երբ զարգացումն ունի առավել ուղղորդված բնույթ: Երեխայի բնականոն և համակողմանի զարգացման ապահովման տեսանկյունից մեծ է նախադպրոցական կրթության համակարգի դերը:

  1. Ներածություն

Բազմաթիվ երկրներում նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությունը և ուսուցումը համարվում է կրթության առաջին մակարդակ:

Ամենատարբեր ուսումնասիրությունները և տասնամյակների ընթացքում կատարած գիտահետազոտական աշխատանքները փաստում են նաև, որ ներդրումները վաղ մանկան զարգացման և նախադպրոցական կրթության ոլորտներում ունենում են երկարաժամկետ հիմնարար ազդեցություն հասարակության և տնտեսության զարգացման վրա: 

Նախադպրոցական կրթության զարգացման հիմնական գերակայությունը նախադպրոցական կրթության մատչելիության, ներառականության և հասանելիության ապահովումն է: Այն ներառում է գործողությունների հետևյալ շրջանակը.

  • նախադպրոցական կրթության կազմակերպման ձևերի բազմազանեցում,
  • նախադպրոցական հաստատությունների ցանցի (երեխաների ընդգրկվածության) ընդլայնում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակավայրերին և սահմանամերձ համայնքներին,
  • նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյուավետ մոդելների ներդրում,
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար համապատասխան պայմանների ստեղծում:

 

  • Նախապատմություն. Խնդիրներ, նպատակներ

 

Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երեք վարկային ծրագրերի շրջանակներում «Կրթական  ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից  2008-2017 թվականներին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվել են շուրջ 360 նախադպրոցական կրթության միկրոծրագրեր՝ ընդգրկելով շուրջ 6100 երեխա:

Միկրոծրագրերի շրջանակներում նախակրթարաններին տրամադրվող տարածքը ամբողջությամբ վերանորոգվել է, բարեկարգվել, իրականացվել են անհրաժեշտ գույքի, սարքավորումների, ուսումնախաղային ու դիդակտիկ պարագաների, մասնագիտական գրականության  ձեռքբերման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակներում Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվել են նոր ստեղծվող նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումներ՝  ընդգրկելով  նաև ներառական կրթության բաղադրիչ:  

  Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով նախակրթարանների ստեղծմանը զուգընթաց իրականացվել է ծրագրի ընթացքում հիմնված նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատում և համեմատում նախադպրոցական հաստատություններ չընդգրկված երեխաների հետ: Արձանագրվել են դրական արդյունքներ:

Այս ամենով հանդերձ, հանրապետության 201–ում համայնքներում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում: Նախադպրոցական ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը խիստ անհավասար է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններում, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ մատուցվում են նախադպրոցական ծառայություններ:

Վերջին տարիներին իրականացված բազմաթիվ հետազոտությունների և այլ երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախադպրոցական ծառայությունների արդյունավետությունը առանձնապես կախված չէ դրանց ինտենսիվությունից. մինչև տարրական դպրոց հաճախելը վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) ցանկացած ծառայությունում երեխայի ներգրավվածությունը զգալի դրական ազդեցություն է թողնում նրա զարգացման վրա, անկախ այն հանգամանքից, ամբողջ օրով գործող մանկապարտեզո՞ւմ է եղել նա, թե՞ ստացել է կարճօրյա նախադպրոցական ծառայությունն:

ՀՀ համայնքների և բնակավայրերի ֆինանսական սուղ հնարավորությունները համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ ամբողջապես վերանորոգելու համար, պարտադրում են այս ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնելուն և դրանք համայնքներում կիրառելի դարձնելուն՝ պահպանելով գործող նախադպրոցական կրթական չափորոշիչները:

Ուսումնասիրված երկրների փորձը ցույց է տվել, որ այլընտրանքային մոդելներով ստեղծված նախադպրոցական կրթական ծառայությունների համակարգը հատկապես արդյունավետ է մեկուսացված գյուղերում, որտեղ կենտրոնական համայնքային մանկապարտեզներ չկան կամ գտնվում են մեծ հեռավորության վրա:

 

  1. Առաջարկվող լուծումներ, առավելություններ

 

Որպես խնդրի լուծման տարբերակ՝ 2014 թվականին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի առաջարկությամբ ձեռնարկվել է համայնքային այլընտրանքային, քիչ ծախսատար, կեսօրյա նախադպրոցական կրթական ծառայությունների տարբեր մոդելների ստեղծումը և իրականացումը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ մշակվել է փորձնական ծրագիր, որն իրականացվել է Սյունիքի մարզի Բնունիս, Հացավան, Տորունիք, Թասիկ, Եղվարդ, Բարձրավան, Ալվանք և Նռնաձոր փոքր համայնքներում:

 Մարզի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Սյունիքում առկա է 300-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ամնենամեծ թիվը և հարաբերակցությունը  (86 համայնքներից 56-ը): Այդ պատճառով նպատակահարմար էր նախադպրոցական ծառայությունների այլընտրաքային մոդելները ստեղծել և փորձարկել այդ մարզի մի քանի համայնքներում, որտեղ երեխաների թիվը 10-ից ավելի չէր:

Փորձնական ծրագրի շրջանակներում մշակվել և Սյունիքի մարզի 8 փոքր համայնքներում  ստեղծվել են նախադպրոցական ծառայությունների մոդելներ՝ 3-6 տարեկան երեխաների համակողմանի զարգացման և կրթության նպատակով՝ այդ համայնքների կարիքներին համապատասխան: Ընտրված համայնքներում ստեղծվել են բարեկարգ, համապատասխան կահավորմամբ և ուսումնախաղային նյութերով հագեցած նախադպրոցական կենտրոններ: Սյունիքի մարզի 8 համայնքներում մայրերը (համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր աշխատել են որպես դաստիարակներ) ապահովվել են համապատասխան գիտելիքներով և կարողություններով՝ երեխաների համար այլընտրանքային որակյալ նախադպրոցական ծառայություններ մատուցելու համար: Նրանց համար կազմակերպվել են մասնագիտական զարգացման դասընթացներ՝ 3-6 տարեկան երեխաների հետ տնային պայմաններում կամ համապատասխան զարգացնող միջավայր ապահովող այլ տարածքում աշխատելու համար: Ըստ փորձնական արդյունքների գնահատման, որն իրականացրել է ՄԱԿ- մանկական հիմնադրամը, ծրագիրը դրական ազդեցություն ունի, մասնավորապես, Լոռու մարզում 1.1%-ով աճել է մանկապարտեզ հաճախող երեխաների թվաքանակը և 0.4 տոկոսային կետով՝ մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության աստիճանը, երեխաներն օգտվել են կրթության իրենց իրավունքից, ստեղծվել է  բարեկեցիկ և ապահով միջավայր: Նկարագրությունը բերված է Մոդել 1-ում:

Մոդել 1: 

Տարբերակ 1 /3.5-4 ժամ/

Նորաստեղծ նախադպրոցական ծառայությունները կարճօրյա են՝ 3.5 - 4 ժամ տևողությամբ, առանց ցերեկային քնի ապահովման:

Համայնքի միջոցներով երեխաներին տրվում է մեկանգամյա թեթև նախաճաշիկ, որի  կազմակերպումը կատարվում է ծնողների կողմից: 

Ընտրված համայնքներում ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝

1) Ընտրված տարածքների բարեկարգում.

2) Գույքի, ուսումնախաղային ու դիդակտիկ պարագաների, մասնագիտական գրականության ապահովում ստեղծված նախադպրոցական կենտրոնների համար.

3) Մասնագիտական վերապատրաստումներ երեխաների հետ աշխատող մայրերի (կամ համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատել են որպես դաստիարակներ) համար.

4) Մենթորական խորհրդատվություն և անհատական մասնագիտական օգնություն (տեղերում) վերապատրասված մասնագետներին.

5) Մոնիթորինգ՝ ծրագրի տարբեր բաղադրիչների արդյունավետության և որակի վերահսկման և աջակցության նպատակով.

6) Ծրագրի շրջանակներում դաստիարակներին հատկացվող ուսումնախաղային, դիդակտիկ և ուսումնամեթոդական նյութեր, ինչպես նաև վերապատրաստումների միջոցով ձեռք բերված նոր գիտելիքներ, որոնք կօգնեն դաստիարակներին կազմակերպել չափորոշչահեն տարբերակված ուսուցում 3-6 տարեկան երեխաների համար:

Այս տարբերակի հիմնադրման գինը միջինում կազմում է 4,100,000 ՀՀ դրամ

Պահպանման ծախսերը տարեկան` 4,150,500 ՀՀ դրամ:

Պետք է հաշվի առնել, որ հիմնադրման գինը և պահպանման ծախսերը կարող են փոփոխվել՝ պայմանավորված տարածքի մեծությամբ և երեխաների թվով:

 

Տարբերակ 2 /4-5 ժամ, համայնքահեն/

Նորաստեղծ նախադպրոցական ծառայությունները կարճօրյա են՝ 4-5 ժամ տևողությամբ, առանց ցերեկային քնի ապահովման: Այս մոդելը կարելի է կիրառել, եթե համայնքում նախադպրոցական տարիքի երեխաների թիվը փոքր է և համայնքը չունի շատ միջոցներ լիարժեք մանկապարտեզ ունենալու համար։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։

Առաջարկվող տարբերակի շրջանակներում հիմնականում շեշտադրվում են համագործակցային հմտությունների զարգացումը, պրակտիկ կիրառությամբ սովորելը (learning by doing), զարգացման խաղերը։

 

Խառը խմբի պայմաններում տիպային դասերի կազմակերպումը հնարավոր չէ, ուստի այս մոդելում չափորոշչային նպատակին հնարավոր է հասնել ուսուցման տարբեր մեթոդների կիրառմամբ, մանկավարժի հայեցողությամբ՝ հիմնվելով նաև տարիքային կրթական չափորոշչի վրա։

Կարևոր է համայնքի կողմից պատրաստակամության և վճռականության դրսևորումը, քանի որ ընթացիկ ծախսերը ֆինանսավորվելու են համայնքային բյուջեից։

Վարչական հաստիքների քանակը ենթակա չէ ավելացման, նույնիսկ եթե մեկից ավելի խումբ է սպասարկում տվյալ վարչական անձնակազմը։

Տարիքային խումբը` 3-6 տարեկաններ (խառը տարիքային խմբեր): Խմբում երեխաների առավելագույն քանակ` 30 երեխա:

Սնունդը` խորտիկ:

Ղեկավարումը` համայնքի կողմից:

Հիմնադրման գինը` 5,254,000 ՀՀ դրամ:

Պահպանման ծախսերը (մեկ հերթափոխով) տարեկան` 5,376,000 ՀՀ դրամ:

 Պահպանման ծախսերը (երկու հերթափոխով) տարեկան` 9,276,000 ՀՀ դրամ:

 

Տարբերակ 3  /Ամբողջ օր, համայնքահեն/

          Այս տարբերակը կարելի է կիրառել, եթե համայնքում նախադպրոցական տարիքի երեխաների թիվը փոքր է և համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։

Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։ Առաջարկվող տարբերակի շրջանակներում հիմնականում շեշտադրվում են համագործակցային հմտությունների զարգացումը, պրակտիկ կիրառությամբ սովորելը (learning by doing), զարգացման խաղերը։

Խառը խմբի պայմաններում տիպային դասերի կազմակերպումը հնարավոր չէ, ուստի այս մոդելում չափորոշչային նպատակին հնարավոր է հասնել ուսուցման տարբեր մեթոդների կիրառմամբ, մանկավարժի հայեցողությամբ՝ հիմնվելով նաև տարիքային կրթական չափորոշչի վրա։

          Քանի որ ծառայությունը տրամադրվում է ամբողջ  օրով,  պետք  է ապահովել  քնելու  հարմարություն երեխաների համար։

Կարևոր է համայնքի կողմից պատրաստակամության և վճռականության դրսևորումը, քանի որ ընթացիկ ծախսերը ֆինանսավորվելու են համայնքային բյուջեից։

Վարչական հաստիքների քանակը ենթակա չէ ավելացման, նույնիսկ եթե մեկից ավելի խումբ է սպասարկում տվյալ վարչական անձնակազմը։

Տարիքային խումբը՝ 3-6 տարեկաններ (խառը տարիքային խմբեր): Խմբում երեխաների առավելագույն քանակ՝ 30 երեխա:

Տևողությունը՝ 8 ժամ:

Սնունդը՝ օրը 3 անգամ - նախաճաշ, ճաշ, հետճաշիկ:

Ղեկավարումը՝ համայնքի կողմից:

Հիմնադրման գինը՝ 6,694,000 ՀՀ դրամ:

Պահպանման ծախսերը տարեկան՝ 10,716,960 ՀՀ դրամ:

 

Տարբերակ 4 /կես օր, տնահեն/

Այս տարբերակը կարելի  է  կիրառել,  եթե  համայնքում  3-6  տարեկան  երեխաների  թիվը  շատ  փոքր  է  և համայնքը        չունի  միջոցներ     նախադպրոցական կրթության մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար   է   կիրառել,   եթե   համայնքում   կա   տուն,   որն   ունի   համապատասխան պայմաններ մինչև 15-18 երեխա ընդունելու համար։

          Ծառայության համակարգումը կարող է լինել ինչպես կենտրոնացված, այնպես էլ ապակենտրոնացված։ Համայնքի կողմից կենտրոնացված կառավարումը կարող է հանգեցնել 1 աշխատողի կողմից մինչև 5 տան պայմաններում մատուցվող ծառայության համակարգման։

Խնամառուն պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Տվյալ տնային         տնտեսությունը պետք է        պատրաստակամություն   հայտնի        և ունենա համապատասխան պայմաններ ծառայությունը կազմակերպելու համար։

Ծառայության հիմնադրման և պահպանման համար պատասխանատու է տվյալ համայնքը։ Մոդելի իրագործման համար անհրաժեշտ են նվազագույն ծախսեր։

Խնամառուն հանդիսանում է ընտրված տան մայրը/տատիկը, ով կարող է նաև չունենալ համապատասխան կրթություն, սակայն համայնքը պարտավոր է կազմակերպել նրա վերապատրաստումը։

Զարգացման բաղադրիչի ապահովման նպատակով ծառայության համակարգողը լրամշակում է պետական ծրագիրը՝ հարմարեցնելով տվյալ մոդելի առանձնահատկություններին։

Տարիքային խումբը՝ 3-6 տարեկաններ (խառը տարիքային խմբեր): Խմբում երեխաների առավելագույն քանակ` 15-18 երեխա: Քնելու հնարավորությունը  բացակայում է:

Սնունդ` Նախաճաշ կամ խորտիկ

Հիմնադրման գին` 1 բնակավայրի հաշվարկով`  609,000 ՀՀ դրամ

Պահպանման ծախսերը տարեկան` 2,450,400 ՀՀ դրամ

 

Տարբերակ 5 /ամբողջ օր, տնահեն/

           Այս տարբերակը կարելի է կիրառել, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքը ունի միջոցներ, բայց չունի շենքային պայմաններ։

 Նպատակահարմար   է   կիրառել,   եթե   համայնքում   կա   տուն,   որն   ունի   համապատասխան պայմաններ մինչև 15-18 երեխա ընդունելու համար։

                     Ծառայության համակարգումը կարող է լինել ինչպես կենտրոնացված, այնպես էլ ապակենտրոնացված։ Համայնքի կողմից կենտրոնացված կառավարումը կարող է հանգեցնել 1 աշխատակազմի կողմից  մինչև  5  տնային  պայմաններում  մատուցվող  ծառայության համակարգման։

Տվյալ տնային        տնտեսությունը պետք      է        պատրաստակամություն   հայտնի և ունենա համապատասխան պայմաններ ծառայությունը կազմակերպելու համար։ Խնամառուն հանդիսանում է ընտրված տան մայրը/տատիկը, ովպետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Համայնքը պարտավոր է ապահովել խնամառուի վերապատրաստումը:

Ծառայության հիմնադրման և պահպանման համար պատասխանատու է տվյալ համայնքը։

Զարգացման բաղադրիչի ապահովման նպատակով ծառայության համակարգողը լրամշակում է պետական ծրագիրը՝ հարմարեցնելով տվյալ մոդելի առանձնահատկություններին։

Տարիքային խումբը՝ 3-6 տարեկաններ (խառը տարիքային խմբեր): Խմբում երեխաների առավելագույն քանակ` 15-18 երեխա: Քնելու հնարավորությունը  ապահովված  է:

           Սնունդը՝ օրը 3 անգամ - նախաճաշ, ճաշ, հետճաշիկ:

          Հիմնադրման գինը՝ 5,723,000 ՀՀ դրամ:

           Պահպանման ծախսերը տարեկան՝ 4,566,576 ՀՀ դրամ:

 

Մոդել 2: Խոշորացված համայնքները, որոնք իրենց կազմում ընդգրկում են մի շարք բնակավայրեր, խնդիր ունեն նախադպրոցական կրթության ծառայությունը ամբողջ բնակչությանը հասանելի դարձնելու մասով: Առաջարկվող լուծումը կիրառելի  է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում:

ՀՀ գործող օրենսդրության պայմաններում  կարելի է ձևավորել ծրագրով նախատեսված նախադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման համար նախատեսվող ուսումնական հաստատությունները: Դրանք կարելի է հիմնադրել հետևյալ եղանակներով.

  • Տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով: Ստեղծման այս եղանակը բնորոշ է իրավաբանական անձանց, այն սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածով: Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները: Մասնաճյուղը առանձին իրավաբանական անձ չէ, այն մաս է կազմում արդեն իսկ գործող կազմակերպությանը: Օրինակ՝ Դիլիջան խոշորացված համայնքում, Դիլիջան քաղաքի համայնքային ենթակայության որևէ մանկապարտեզ (ՀՈԱԿ) առանց առանձին իրավաբանական անձ ստեղծելու, հնարավորություն ունի Դիլիջան բազմաբնակավայր համայնքի Հաղարծին բնակավայրում ստեղծելու մասնաճյուղ և իրականացնելու համապատասխան գործունեություն:  Մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից և գործում են նրա լիազորագրի հիման վրա: Այս իմաստով, համայնքին  որևէ կերպ ձեռնտու չէ, բացի կրթադաստիարակչական ծառայություն մատուցող մասնագետից, նաև ընդունել վարչական աշխատող: Սակայն հնարավոր է, որ բնակավայրում գործող մանկապարտեզի մասնաճյուղի ղեկավարի գործունեությունը և դրանով պայմանավորված նրա պարտականությունները հանձնարարվեն համայնքի կենտրոնում գործող տվյալ մանկապարտեզի ղեկավարին կամ որևէ այլ վարչական աշխատողի:
  • Առանց որևէ մասնաճյուղի ստեղծման կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու միջոցով, փոփոխություն կատարելով  գործող նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրության մեջ, որով «նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության վայրը» բաժնում կկատարվի լրացում՝ համապատասխան բնակավայրի հասցեի մասով, այն հասցեի, որտեղ  պլանավորվում է ծավալել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայությունների մատուցումը:

Մոդել 3:

Տարբերակ 1 /ամբողջ օր/

Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից 6 տարեկանների համար:

Նախատեսվում է բացել 1-ամյա նախադպրոցական դասարաններ հիմնականում այն համայնքների հանրակրթական դպրոցներում, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:

Մոդելը հեշտությամբ կարող է իրականացվել գյուղական բնակավայրերում: Մոդելի առավելությունն այն է, որ հիմնվում է դպրոցների առկա խոշոր ցանցի վրա: Իրականացվող ծրագիրը պետք է ուղղված լինի երեխայի համակողմանի զարգացման պայմանների ստեղծմանը և դպրոցին նախապատրաստելուն, ուստի կընդգրկվեն հիմնականում հաջորդ ուսումնական տարում առաջին դասարան գնացող 5-ից 6 տարեկան երեխաները:

 Երեխաների թիվը կախված կլինի համայնքում առկա 5-ից 6 տարեկանների թվից, դիմումների քանակից, ինչպես նաև ֆիզիկական պայմաններից:

Այս մոդելի դեպքում մեկ նախադպրոցական խմբի մեկ տարվա ծախսը կկազմի շուրջ 2 070.7 հազ. դրամ, իսկ մեկ երեխայի հաշվով տարեկան ծախսը` շուրջ 82.8 հազ. դրամ: Ընդ որում, այս ծախսերի զգալի մասը` շուրջ 60 տոկոսը, ներդրումային ծախսերն են:

Վերջնական ներդրման արդյունքում 1 երեխայի հաշվով կատարվող ծախսերը կկազմեն շուրջ  32.7 հազ. դրամ, ինչն արդեն այսօր կազմում է մանկապարտեզներում մեկ երեխայի վրա կատարվող ծախսերի մոտ 1/3-ը:

Տարբերակ 2 /3-4 ժամ/

Նպատակահարմար  է  կիրառել,  եթե  համայնքում  առկա  է  հանրակրթական  դպրոց  և  չկա նախադպրոցական ուսումնական հաստատություն։

Առաջարկվող տարբերակը ֆինանսավորվում է դպրոցների ֆինանսավորման երեխա-թվով տրամաբանությամբ և բանաձևով, և հետևաբար ֆինանսավորումը տրամադրվում է ըստ ուսումնական հաստատության ենթակայության:

 

 

          Խմբում երեխաների առավելագույն քանակը 30 երեխա է, քնելու հնարավորությունը բացակայում է:

          Սնունդը` խորտիկ:

          Ղեկավարումը` ապակենտրոնացված` դպրոցի կողմից:

Հիմնադրման գինը` 5,254,000 ՀՀ դրամ

Պահպանման ծախսերը /մեկ հերթափոխով/ տարեկան` 3,048,000 ՀՀ դրամ

Պահպանման ծախսերը /երկու հերթափոխով/ տարեկան` 5,958,000 ՀՀ դրամ

Մոդել 4. Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից 6 տարեկան երեխաների համար:

Այս մոդելը կարող է իրականացվել ցանկացած համայնքում, որտեղ կա դպրոց: Կկազմակերպվեն երեքամսյա նախապատրաստական դասընթացներ 5-ից 6 տարեկանների համար, որոնք նոր ուսումնական տարում պետք է հաճախեն 1-ին դասարան:

Կիրականացվի դպրոցական ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում կամ ամառային արձակուրդների ընթացքում` կախված տվյալ դպրոցի ֆիզիկական պայմաններից: Ծրագրում առաջին հերթին կընդգրկվեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Այս մոդելի դեպքում կարող է օգտագործվել նաև 6 տարեկանների համար դպրոցում ստեղծված դասասենյակը, ինչի արդյունքում ներդրումային ծախսերը ևս էապես կնվազեն:

Մոդելի ընտրության ժամանակ հաշվի է առնվել նաև Կրթության և գիտության նախարարության կողմից նախկինում իրականացված` դպրոցին նախապատրաստման 3-ամսյա կարճատև դասընթացների ծրագրի դրական փորձը, որը  ֆինանսավորվել է պետական բյուջեից:

Այս մոդելի դեպքում մեկ նախապատրաստական դասարանի երեք ամսվա ծախսերը կկազմեն շուրջ 1022.7 հազ. դրամ, ինչը մեկ երեխայի հաշվով կկազմի շուրջ 41.0 հազ. դրամ:

Ներդրումային ծախսերը նախատեսված են տարածքի մասնակի նորոգման, կահավորման, գույքի, ուսումնական նյութերի ձեռքբերման համար՝ ներդրման առաջին տարում: Վերջնական ներդրման արդյունքում մեկ դասարանի համար պահանջվող ծախսերը զգալիորեն կնվազեն` կազմելով 1 երեխայի հաշվով շուրջ 8000 դրամ:

 

Մոդել 5.Շարժական/Մոբիլ/ ծառայություն

Այս մոդելի ընտրությունը նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը շատ փոքր է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր ։

Նպատակահարմար  է  կիրառել  խոշորացված  համայնքում,  եթե  համայնքում  առկա  է  գործող համայնքային հաստատություն/ կամ հարմար տուն։ Ենթադրում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։

Ցանկալի է, որ թիմի մասնագետները բնակվեն ծառայության մատուցման տարբեր համայնքներում.դա կկրճատի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։

Մոդելը հիմնականում շեշտադրում է զարգացումն ու կրթությունը՝ դուրս թողելով խնամքի բաղադրիչը։ Հաշվի առնելով, որ խառը տարիքային խմբով է առաջարկվում աշխատել, շեշտադրումները կլինեն համագործակցային ոգին և թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը։

          Կարևոր       է        մասնագիտական   թիմի  առկայությունը       և        համայնքի վճռականությունն  ու պատրաստակամությունը ծառայության մատուցումը կազմակերպելու համար։

Մոդելի հիմնադրման և պահպանման պատասխանատվությունը կրում է համայնքը։

Տարիքային խումբը՝ 3-6 տարեկաններ (խառը տարիքային խմբեր): Խմբում երեխաների առավելագույն քանակ` 15 երեխա: Քնելու հնարավորությունը  բացակայում  է:

Տևողությունը՝ 3-4 ժամ:

Սնունդ՝  Խորտիկ

Ղեկավարում՝ Համայնքի կողմից/ մեկից ավելի համայնքների դեպքում՝ մեկ համայնքի կողմից

Հիմնադրման գին՝ 1,288,000 ՀՀ դրամ

Պահպանման ծախսերը տարեկան՝  5,190,000 ՀՀ դրամ

 

                                      ԱԿՆԿԱԼՎՈՂ  ԱՐԴՅՈՒՆՔ

Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրմամբ ակնկալվում է՝

  • երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման համար նպաստավոր պայմանների ապահովում և համապատասխան ուսուցում.
  • բազմազան մեթոդներով իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների (խաղեր, պարապմունքներ, միջոցառումներ) միջոցով իրենց տարիքին համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերում և առօրյայի անցկացում  ապահով, ուրախ, խրախուսող և ստեղծագործական մթնոլորտում.
  • երեխաների մոտ գիտելիքների, հմտությունների և արժեքային համակարգի ձևավորում, որը կօգնի նրանց լինել բանիմաց, նպատակասլաց, ճկուն և հաջողակ.
  • երեխաների՝ ինքնուրույն ստեղծագործական զարգացման կարողությունների ձևավորում, համագործակցելու և թիմով աշխատելու հմտությունների ձեռքբերում, դպրոց հաճախելու հավասար մեկնարկային պայմանների ստեղծում տվյալ տարիքային խմբի բոլոր երեխաների համար:

Մոդելների իրականացման համար նախատեսվում է պետության համագործակցություն դոնորների, մասնավոր հատվածի, ծնողների և ուսումնական հաստատությունների  հետ:

 

Հավելված 2
Կրթության և գիտության նախարարի  թվականի
-Ն հրամանի

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՑԱՆԿ

NN

ը/կ

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

 

Կատարման

վերջնաժամ- կետը

Կատարողը

Ֆինանսավորումը

1.      

Համագործակցություն համայնքների ղեկավարների հետ՝ աջակցելով յուրաքանչյուրին համապատասխան և արդյունավետ մոդելների ներդրման համար

1) Ստեղծված է աշխատանքային խումբ

2) Աշխատանքային խմբի կողմից կազմված  է ժամանակացույց՝ համայնքների հետ հանդիպումներ կազմակերպելու համար

3) Համայնքներն իրազեկված են մոդելների և հետագա աշխատանքների վերաբերյալ

1) 10.01.2019թ.

 

 

2)30.01.2019թ.

 

 

 

3) 10.02.2019թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ֆինանասավորում չի պահանջվում

2.     

Մոդելների ընտրություն՝ ըստ տվյալ համայնքի հնարավորության

Համայքների կողմից, անհրաժեշտության դեպքում, ընտրված են մոդելները՝ ըստ իրենց կարիքների և հնարավորությունների

 

10.05.2019թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն /համաձայնությամբ/,մարզպետարաններ/համաձայնությամբ/, համայնքներ/համաձայնությամբ/, Երևանի քաղաքապետարան/համաձայնությամբ/

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3.     

Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման վերաբերյալ քննարկումների կազմակերպում

1)             Աշխատանքային խմբի վերհանված են խնդիրները,

2)             Գնահատված են ռիսկերը

3)            Քննարկված են անհրաժեշտ ֆինանսավորման խնդիրները

25.05.2019 թ.

Աշխատանքային խումբ

Ֆինանասավորում չի պահանջվում

4.     

Մոդելների ներդրման գործընթաց

Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները,                                 ըստ անհարժեշտության, ներդրված են

10.06.2019 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն /համաձայնությամբ/,մարզպետարաններ/համաձայնությամբ/, համայնքներ/համաձայնությամբ/, Երևանի քաղաքապետարան/համաձայնությամբ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

5.     

Մոդելների ներդրման գործընթացի մշտադիտարկում

Մոդելների ներդրման և կիրառման գործըթացը մշտադիտարկվում է

 

1) 10.06.2019թ.-ից սկսած` պարբերաբար

2)10.12.2019 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն/համաձայնությամբ/

Ֆինանասավորում չի պահանջվում

6.     

«Նախադպրոցական կրթության մասին»                    ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»                   ՀՀ օրենքի նախագիծը              ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

Նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող օրենքը վերանայված է

2019 թվականի 1-ին կիսամյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

        

 

  • Обсуждалось

    25.10.2018 - 13.11.2018

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 15301

Принт

Предложения

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Մոդել 1-ի 1-ին և 2-րդ տարբերակների բովանդակային տարբերությունը հստակ չէ: Տարբերակ 1-ի դեպքում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյո՞ք այն համայնքահեն է, թե տնահեն, նախատեսված է երեխաների փո՞քր, միջի՞ն, թե մե՞ծ քանակ ունեցող համայնքների համար: Միևնուն ժամանակ, նախագծի ներածական մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե նախագծի համատեքստում որն է համարվում շատ փոքր, փոքր, միջին և մեծ թվաքանակ: Հաշվի առնելով տարբերակ 1-ի և 2-ի ժամային տևողության գրեթե նույնականությունը, ինչպես նաև տարբերակ 1-ի բովանդակային առանձնահատկությունների բացակայությունը, առաջարկում ենք հանել Տարբերակ 1-ը մոդել 1-ի ցանկից:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Ծրագրում հստակեցված չէ, թե արդյոք առաջարկվող մոդելները գործելու են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան, թե դրանց բովանդակային մասը ևս լինելու է այլընտրանքային: Նախագծում բացակայում է մոդելներից յուրաքանչյուրի բովանդակության մանրամասն նկարագրությունը: Առաջարկում ենք ծրագրի հետ միաժամանակ ներկայացնել նաև նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչում իրականացվելիք համապատասխան լրացումները, որոնցով կսահմանվեն մոդելների և տարբերակների ծրագրային բովանդակությունները:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Նախադպրոցական կրթության ծառայությունների իրականացումը հնարավոր է միայն համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում, որի ստացման համար անհրաժեշտ է որոշակի ընթացակարգերի պահպանում: Սակայն, ներկայացված ծրագրում հստակ չէ, թե ինչ կարգով են լիցենզավորվելու առաջարկվող մոդելները և արդյոք դրանց լիցենզավորման համար նախատեսված է որևէ հատուկ ընթացակարգ: Առաջարկում ենք Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում և հարակից կարգերում ևս այս առումով կատարել փոփոխություններ՝ այլընտրանքային մոդելների լիցենզավորման համար պահանջների հստակ ձևակերպման համար:

Узнать больше