ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________ 2018 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» կետերով, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահին՝ Կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` բացի Կոմիտեի ներկայացուցիչներից դրա կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչներին:
3. Սահմանել, որ՝
1) Կազմակերպության լուծարումից հետո Կազմակերպության պահպանման ծախսերից մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնվելու է Կոմիտեին:
2) Կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ Կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Կոմիտեին:
- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված 08 բաժնի 04 խմբի 01 դասի «01. «Երիտասարդական ծրագրեր» ծրագրով «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ծրագրի գծով նախատեսված հատկացումների մնացորդը Կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվելուց հետո վերաբաշխել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող 08 բաժնի 06 խմբի 01 դասի «01. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրին: