Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Միջազգային կայուն և կանաչ շինարարության հավաստագրման համակարգերի ճանաչման և կիրառման խրախուսման հրամանի վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում նորակառույց շենքերի որակի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման միասնական և համապարփակ մեխանիզմները լիարժեք ձևավորված չեն, ինչի հետևանքով շինարարության ոլորտում հաճախ բացակայում է միջազգային չափանիշներին համապատասխան գնահատման և հավաստագրման միասնական մոտեցումը։

Միևնույն ժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ շենքերի հավաստագրման համակարգերի կիրառումը նպաստում է շինարարության որակի բարձրացմանը,
էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, բնակչության կյանքի որակի բարելավմանը։ Այս համակարգերը կիրառելով՝ հնարավոր է նվազեցնել էներգիայի սպառումը և կրճատել շահագործման ծախսերը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել համապատասխան հրաման, որը կներկայացնի միջազգային հավաստագրման համակարգերի ցանկը՝ ապահովելով դրանց ներդրման կիրառման և հետագա խրախուսման համար անհրաժեշտ հիմք։

          Նախատեսվում է մշակել և իրականացնել նաև խրախուսական միջոցառումներ, որոնք պետք է խթանեն Հայաստանում  հավաստագրման համակարգերի կիրառումը, մեծացնեն շինարարության և կառուցապատման ոլորտում ներդրումային գրավչությունը։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

          Ներկայումս աշխարհում լայնորեն կիրառվում են շենքերի կայունության, էներգաարդյունավետության և առողջ միջավայրի գնահատման միջազգային մի շարք հավաստագրման համակարգեր, որոնցից առավել հայտնի են «LEED», «BREEAM», «EDGE», «WELL» և «PASSIVE HOUSE» համակարգերը։ Այս համակարգերը ստեղծվել են տարբեր երկրներում, սակայն ընդհանուր նպատակ ունեն՝ ապահովել, որ շենքերը լինեն ավելի խնայող, անվտանգ, առողջ և բնության վրա նվազ ազդեցություն ունեցող։ Դրանք կիրառվում են որպես կամավոր գնահատման գործիքներ, սակայն շատ երկրներում դարձել են շինարարության որակի կարևոր չափանիշ։

          «LEED» համակարգը (Leadership in Energy and Environmental Design) ԱՄՆ-ում ստեղծված ամենատարածված կանաչ շինարարության գնահատման համակարգերից մեկն է։ Այն գնահատում է շենքը մի քանի հիմնական ուղղություններով, օրինակ՝ որքան արդյունավետ է օգտագործվում էներգիան, որքան ջուր է խնայվում, ինչպիսի նյութեր են օգտագործվում շինարարության ընթացքում, և ինչ որակ ունի շենքի ներսում օդը։ «LEED»-ը նաև հաշվի է առնում, թե որքան լավ է շենքը տեղակայված տարածքում և որքան է այն վնասում կամ պաշտպանում շրջակա միջավայրը։ Շենքերը գնահատման արդյունքում ստանում են տարբեր մակարդակներ՝ սկսած «Certified»-ից մինչև «Platinum» կարգավիճակներ, որտեղ բարձր մակարդակը նշանակում է ամենաբարձր որակ և ամենամեծ էներգախնայողություն։ Այս համակարգը շատ երկրներում օգտագործվում է որպես վստահելի նշան, որ շենքը կառուցված է ժամանակակից և կայուն չափանիշներով։

          «BREEAM» համակարգը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում և համարվում է առաջին նմանատիպ գնահատման մեթոդներից մեկը աշխարհում։ Այն շատ մանրամասն գնահատում է շենքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ սկսած շինարարության ընթացքում օգտագործվող նյութերից մինչև շենքի երկարաժամկետ շահագործումը։ «BREEAM»-ը նաև ուշադրություն է դարձնում այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են տրանսպորտային հասանելիությունը, էներգիայի օգտագործումը, թափոնների կառավարումը և ջրի խնայողությունը։ Այս համակարգում շենքերը կարող են ստանալ տարբեր գնահատականներ՝ «Pass», «Good», «Very Good», «Excellent» և «Outstanding» կարգավիճակներ։ «BREEAM»-ը լայնորեն կիրառվում է Եվրոպայում և համարվում է շատ խիստ և վստահելի գնահատման համակարգ։

          «EDGE» համակարգը մշակվել է Համաշխարհային բանկի խմբի կողմից՝ հատկապես զարգացող երկրների համար։ Այս համակարգի հիմնական նպատակը պարզ և հասկանալի ձևով ցույց տալն է, թե որքանով է շենքը խնայում էներգիա, ջուր և շինանյութեր։ «EDGE»-ի հիմնական պահանջն այն է, որ շենքը պետք է ապահովի առնվազն 20 տոկոս խնայողություն այս երեք ուղղություններով, որպեսզի կարողանա ստանալ հավաստագրում։ Այն ավելի պարզ է համեմատած այլ համակարգերի հետ և հաճախ օգտագործվում է այն նախագծերում, որտեղ կարևոր է արագ և մատչելի գնահատում ստանալ։ «EDGE»-ը հատկապես օգտակար է այն երկրներում, որտեղ նոր է զարգանում կանաչ շինարարության մշակույթը։

          «WELL» համակարգը տարբերվում է մյուսներից, քանի որ այն կենտրոնացած է ոչ թե միայն շենքի էներգիայի կամ բնապահպանական ազդեցության վրա, այլ մարդկանց առողջության և հարմարավետության վրա։ Այն ուսումնասիրում է, թե որքանով է շենքը նպաստում մարդկանց առողջ կյանքին՝ հաշվի առնելով օդի որակը, ջրի մաքրությունը, լուսավորությունը, ձայնային միջավայրը և նույնիսկ հոգեբանական հարմարավետությունը։ «WELL» հավաստագրված շենքերը պետք է ստեղծեն այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ իրենց ավելի առողջ և արդյունավետ են զգում։ Այս համակարգը շատ տարածված է գրասենյակային շենքերում և այն վայրերում, որտեղ մարդիկ երկար ժամանակ են անցկացնում ներսում։ Այն հաճախ համարվում է «մարդակենտրոն» շինարարության գնահատման համակարգ։

          «PASSIVE HOUSE» համակարգը կենտրոնացած է շենքերի էներգիայի նվազագույն օգտագործման վրա՝ հիմնականում ջեռուցման և հովացման կարիքները նվազեցնելու միջոցով։ Այս համակարգի հիմնական գաղափարն այն է, որ շենքը կառուցվի այնպես, որ գրեթե ինքնուրույն պահպանի ներսի ջերմաստիճանը՝ առանց մեծ էներգիայի ծախսի։ Այն իրականացվում է ջերմամեկուսացման, օդափոխության համակարգերի և ճարտարապետական լուծումների միջոցով։ «PASSIVE HOUSE»-ի դեպքում շենքը կարող է նվազեցնել էներգիայի օգտագործումը մի քանի անգամ՝ համեմատած սովորական շենքերի հետ։ Այս համակարգը հատկապես արդյունավետ է ցուրտ և տաք կլիմայական պայմաններում, քանի որ օգնում է պահպանել կայուն ջերմաստիճան ամբողջ տարվա ընթացքում։ «PASSIVE HOUSE»-ը համարվում է էներգախնայող շինարարության ամենախիստ և ամենաարդյունավետ մոտեցումներից մեկը աշխարհում։

          Այս միջազգային հավաստագրման համակարգերի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են։

          Նշված  հավաստագրման համակարգերի բացակայությունը սահմանափակում է շինարարական նախագծերի մրցունակությունը միջազգային շուկայում, ինչպես նաև չի ստեղծում բավարար խթաններ կառուցապատողների համար՝ կիրառելու էներգաարդյունավետ և կայուն լուծումներ։

Առկա են հետևյալ խնդիրները՝

­      խրախուսման տնտեսական և վարչարարական մեխանիզմների սահմանափակ կիրառում,

­      ոլորտի մասնակիցների իրազեկվածության ոչ բավարար մակարդակ,

­      ազգային չափանիշների և միջազգային փորձի համադրման անհրաժեշտություն։

          Հրամանի ընդունման նպատակն է լրացնել նշված բացերը և ձևավորել այնպիսի մոտեցում, որի շրջանակում միջազգային հավաստագրման համակարգերը կարող են կիրառվել որպես շենքերի որակի և կայունության գնահատման վստահելի գործիքներ։

          Ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը, Եվրոպական և այլ երկրների կարգավորումները, ինչպես նաև հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կլիմայական, տնտեսական և նորմատիվային առանձնահատկությունները։

          Միաժամանակ հարկ է նշել, որ տեղի են ունեցել քննարկումներ ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների, մասնագետների և կառուցապատողների հետ։ Վերջիններս ներկայացրել են իրենց առաջարկությունները և դրական դիրքորոշում հայտնել միջազգային հավաստագրման համակարգերի կիրառման առաջարկվող մոտեցումների վերաբերյալ։

2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

          Հրամանի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ոլորտային քաղաքականություններից, մասնավորապես՝

  1. ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, որով նախատեսվում է ապահովել կայուն և համաչափ տարածքային զարգացում և բարելավել կենսամիջավայրը,
  2. ՀՀ կառավարության 2021–2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարձրացման, վերակառուցման և կայուն զարգացմանն ուղղված միջոցառումները,
  3. ՀՀ քաղաքաշինության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված քաղաքաշինական փաստաթղթերի որակի բարձրացման, միջազգային չափանիշների ներդրման և շենքերի ու շինությունների կայուն և անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված նպատակները,
  4. «Քաղաքաշինության մասին» օրենք, որի համաձայն քաղաքաշինության հիմնական նպատակներից է մարդու կենսագործունեության համար բարենպաստ և անվտանգ միջավայրի ձևավորումը,
  5. պետական քաղաքականության առաջնահերթություններից բխող հանձնարարականների իրականացում՝ ուղղված շինարարության ոլորտում որակի և անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ներգրավելով ոլորտի մասնագետների, փորձագետների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների։

          Մշակման ընթացքում կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքում ստացված առաջարկությունները հաշվի են առնվել նախագծում։

4. Ակնկալվող արդյունքը

Հրամանի ընդունմամբ ակնկալվում է՝

­     շինարարության ոլորտում միջազգային չափանիշների կիրառման ընդլայնում,

­     նորակառույց շենքերի որակի և էներգաարդյունավետության բարձրացում,

­     շրջակա միջավայրի պահպանության մակարդակի բարելավում,

­     շինարարական նախագծերի ներդրումային գրավչության աճ,

­     շուկայի մասնակիցների համար խթանիչ և մրցակցային միջավայրի ձևավորում։

          Արդյունքում կձևավորվի ժամանակակից և միջազգային փորձին համահունչ կարգավորիչ միջավայր, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կայուն ու արդյունավետ շինարարության զարգացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը։

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

          Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

  • Продолжительность

    06.05.2026 21.05.2026
  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 291

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: