«Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի ______ N__-Ն
ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ (ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼՈՒ) ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի «Մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների գծով պարտավորությունները կատարելու ձևերը (եղանակները) ու վճարման միջոցները, ինչպես նաև վճարման պահը (վճարելու օրը) սահմանելու մասին» N 883-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2026 թվականի _____________ ____-ի
N____-Ն որոշման
ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրումն իրականացվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված՝ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների միջոցով՝ անկանխիկ եղանակով մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով:
2. Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրումն իրականացվում է՝
1) դրամական միջոցները վճարողի բանկային հաշվից վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների միջոցով (այդ թվում՝ պետական վճարումների էլեկտրոնային հարթակի (e-payments) միջոցով) մաքսային միասնական հաշվին փոխանցելու արդյունքում.
2) մաքսային անձնական հաշվի քարտում հաշվառված պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում։
3. Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրումից հետո դրանք արտացովում են մաքսային պարտավորությունները վճարողի (հայտարարատուի) մաքսային անձնական հաշվի քարտում:
4. Փոխանցված դրամական միջոցների մուտքագրումը մաքսային միասնական հաշվին մաքսային մարմինների կողմից համարվում է կատարված՝
1) մաքսային մարմինների կողմից կիրառվող համակարգի միջոցով դրանց մարման նպատակով համապատասխան գանձապետական հաշվին փոխանցվելու վերաբերյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները մաքսային մարմիններին հասանելի դառնալու պահից.
2) մաքսային մարմինների կողմից կիրառվող համակարգում համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի միջոցով՝ օրական կտրվածքով, պետական գանձապետական համապատասխան հաշիվներին կատարված մուտքերի վերաբերյալ տեղեկությունների՝ մաքսային մարմնին հասանելի դառնալու պահից:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2026 թվականի _____________ ____-ի
N____-Ն որոշման
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ (ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼՈՒ) ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույն հավելվածով կարգավորվում են վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից մաքսային միասնական հաշվին դրամական միջոցների մուտքագրման վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Մաքսային մարմինների կողմից կիրառվող համակարգի միջոցով կազմակերպությունների կողմից մաքսային մարմնին է տրամադրվում մաքսային միասնական հաշվին դրամական միջոցների մուտքագրման փաստն արտացոլող վճարային փաստաթուղթը (այսուհետ՝ անդորրագիր) կամ այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները։
3. Անդորրագիրը կամ անդորրագրի վերաբերյալ տեղեկությունները պետք է պարունակեն առնվազն հետևյալ տվյալները՝
1) անդորրագրի համարը.
2) վճարման գործառնության իրականացման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) և ժամը (ժամը, րոպեն, վայրկյանը).
3) կազմակերպության անվանումը.
4) հայտարարատուի (վճարողի) անվանումը կամ անունը, ազգանունը.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․
6) վճարված գումարը․
7) այլ նշումներ՝ առկայության դեպքում։
4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված անդորրագիրը կամ համակարգերի փոխազդեցության արդյունքում նույնականացված տեղեկությունները կազմակերպությունների կողմից տրամադրվում են ավտոմատացված եղանակով համակարգին՝ գործառնության իրականացումից հետո անմիջապես (իրական ժամանակում):
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի միջոցով՝ օրական կտրվածքով, պետական գանձապետական համապատասխան հաշիվներին կատարված մուտքերի վերաբերյալ տեղեկությունների՝ մաքսային մարմնին հասանելի դառնալուց հետո, մաքսային մարմիններն իրականացնում են այդ տեղեկությունների և սույն կարգի 4-րդ կետով ստացված տեղեկությունների համադրում։
-
Продолжительность
23.04.2026 08.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 206
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .