Добавить в избранное

Проект принят

«Ազդարարների պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից և դարձել միջազգային հանրության հոգածության առարկա: Այս ոլորտում ազդարարների պաշտպանությունը հանդիսանում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքային երաշխիքներից մեկը: Նրանց գործունեության արդյունքում հնարավոր է դարձել վերականգնել տարբեր պետություններին հասցված զգալի չափերով գույքային վնասները: Օրինակ՝ ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպության՝ ԱՄՆ-ում 1986-2013 թվականների ընթացքում հենց ազդարարների գործունեության արդյունքում վերականգնվել է 35 միլլիարդ ԱՄՆ դոլարի չափով հասցված վնասը: 2009 թվականի հոկտեմբերի 17-18 կայացած Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ երկրների տարեկան ժողովն ընդունել է ազդարարների վճռական նշանակությունը: Ճանաչվելով որպես խոսքի ազատության կարևոր բաղադրիչ՝ ազդարարումն ապահովում է կոռուպցիայի կանխարգելումը և հասարակության մասնակցությունն այդ գործում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է, որ գործնականում կարող են ծագել ազդարարմանն առնչվող մի շարք ռիսկեր: Ուստի, անհրաժեշտ է ներդնել գործուն կառուցակարգեր, որոնք կոռուպցիայի դեմ պայքարին զուգընթաց կապահովեն նաև ազդարարների պաշտպանությունը:

Այս առումով, հարկ է նշել, որ  Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիաները, պարտավորություն է ստանձնել ապահովել կոռուպցիոն դեպքերով հաղորդում ներկայացրած անձանց արդյունավետ պաշտպանությունը: Բացի այդ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի  շրջանակներում 2014 թվականի «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում» զեկույցի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը տրված 15-րդ հանձնարարականի երկրորդ մասում նշվում է ազդարարների պաշտպանությանն ուղղված օրենսդրական և պրակտիկ մեխանիզմների ընդունման անհրաժեշտությունը:

Այսպես, 1999 թվականին ընդունված և 2005 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիայի 9-րդ հոդվածն ամրագրում է. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի անարդարացի սանկցիաների կիրառումից պատշաճ պաշտպանություն այն աշխատողների համար, ովքեր կոռուպցիայի կասկածի հիմնավոր պատճառներ են ունեցել և իրենց կասկածների մասին բարեխղճորեն հայտնել են պատասխանատու անձանց կամ մարմիններին::

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31–ին Նյու Յորքում ընդունված և 2007 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության կողմից  Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի իր ներքին իրավական համակարգի մեջ բոլոր անձանց որևէ անարդարացի վերաբերմունքից պաշտպանության ապահովման համար պատշաճ միջոցներ ներառելու հնարավորությունը, ովքեր բարեխղճորեն և խելամիտ հիմքերով իրավասու մարմիններին հայտնում են այն իրավախախտումների հետ կապված փաստերի մասին, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրով նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում ազդարարման այլընտրանքային մեխանիզմների ստեղծում և ազդարարների պաշտպանության գործիքակազմի սահմանում:

Խոսելով ազդարարների պաշտպանության համատեքստում միջազգային մակարդակով կատարված հարցումներից և դրանց հիման վրա կազմված վիճակագրական տվյալներից՝ հարկ է նշել հետևյալը. Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության 2015 թվականի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հարցվածների 67 տոկոսը (2013 թվականին ևս նույն ցուցանիշն է) չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե դրանց առնչվի կամ ականատեսը լինի: Այս ցուցանիշով Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի 42 երկրների մեջ գտնվում է վերջին տեղում: Ընդ որում՝ ամենից հաճախ որպես պատճառ բերվում էր վախը հնարավոր հետևանքներից (41 տոկոս):

Այս արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են ազդարարների պաշտպանության մասին օրենսդրության ընդունման և ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն երաշխիքների ներդրման անհրաժեշտության այժմեականությունը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  շրջանակներում արդեն իսկ ամրագրել է որոշ դրույթներ, որոնք ուղղված են ազդարարների պաշտպանությանը: Սակայն դրանք բովանդակում են առկա խնդրի միայն մի հատվածի լուծումները:

Այսպես, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օրենսդրական կառուցակարգի շրջանակներում պաշտպանություն են ստանում միայն այն ազդարարները, որոնք արդեն իսկ ստացել են դատավարական կարգավիճակ: Մասնավորապես՝ նշյալ օրենսգրքի 98-րդ հոդվածն ամրագրում է առ այն, որ քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք: Քրեական դատավարությանը մասնակցող այդպիսի անձին տրամադրվող պաշտպանության միջոցներն են՝

1) անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում.

2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը.

3) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը.

4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.

5) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը.

6) պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը.

7) կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը.

8) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.

9) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը.

10) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը.

11) դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը.

12) դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:

Ինչ վերաբերում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  շրջանակներում ազդարարների պաշտպանությանը, ապա հարկ է նշել, որ նշյալ օրենքը և դրա հիման վրա ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման բերումով այլ ծառայողների կատարած իրավախախումների և հանրային ծառայությանն առնչվող անօրինական, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձանց, իրավասու պետական մարմիններին տեղեկացնելու և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1816-Ն որոշումը կարգավորում են միայն այն ազդարարների պաշտպանությունը, ովքեր հանդիսանում են հանրային ծառայողներ: Վերջինս երաշխավորում է անվտանգության հետևյալ միջոցները՝

1) տեղեկությունների գաղտնիությունը.

2) այլ ծառայողների կողմից կատարված իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների, հնարավոր հետապնդումների կամ հաշվեհարդարների անթույլատրելիությունը.

3) անհրաժեշտության դեպքում՝ խախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողին հնարավորության դեպքում այլ աշխատասենյակ տեղափոխելը.

4) իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմանների ստեղծումը.

5) իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի` արհեստականորեն չծանրաբեռնվելը հանձնարարականներով և

6) այլ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1141-Ն որոշման 1-ին հավելվածի 60-րդ և 61-րդ կետերի համաձայն՝

60. (…) Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չկան անհրաժեշտ պայմաններ՝ ազդարարման համար: Առկա չեն այս գործունեությունը կարգավորող բավարար և համապարփակ օրենսդրական կարգավորումներ: Բացի դրանից, ձևավորված չէ հասարակությանը կոռուպցիայի դեմ պայքարին մղող դրական միջավայր (…)

61. Վերոշարադրյալ հիմնահարցերը լուծելու համար կարևորվում է համալիր և հետևողական մի շարք քայլերի ձեռնարկումը: Այսպիսով, կոռուպցիայի դեմ պայքա­րող մարմինների նկատմամբհանրային վստահությունը բարձրացնելու և ամրապնդելու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ գործուն միջոցները՝

1) օրենքով սահմանել, որ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձինք հավասարապես օգտվում են տուժողների, վկաների և փորձագետների համար քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հատուկ պաշտպանության միջոցներից.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսել հանցագործության վերա­բերյալ հաղորդում տալու համար հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց գույքին կամ առող­ջությանը վնաս պատճառելու կամ այդպիսի սպառնալիքի համար, ինչպես նաև հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի` իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից ոչ իրավաչափ գաղտնազերծման համար.

3) սահմանել, որ իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպքում կոռուպցիոն հանցանքներին առնչակից անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամ ակնկալել համեմատաբար մեղմ պատժվելու հնարավորություն.

4) հանրությանը պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել կոռուպցիոն բնույթի իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ, այդ թվում՝ հրապարակել ամփոփ տեղեկատվություն ձևա­վորված կարգապահական, վարչական և դատական պրակտիկայի մասին.

5) հանրությանը պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն պետական ծառայողների պաշտոնանկության կամ տույժերի վերաբերյալ և հանրայնացնել հիմնավորումները՝ հաշվի առնելով անհատական տվյալների պաշտպանու­թյան և այլ երաշխիքների տրամադրման նկատառումները.

6) յուրաքանչյուր հանրային հաստատությունում ստեղծել մեխանիզմներ կոռուպցիոն իրավախախտումների առկայության դեպքում համապատասխան մարմիններին զեկուցելու վերաբերյալ և իրականացնել քարոզարշավ՝ հանրային ծառայողների շրջանում նման մեխանիզմների վերաբերյալ իրա­զեկվածությունը բարձրաց­նելու համար.

7) կատարելագործել կոռուպցիոն բնույթի իրավախախտումների վիճա­կագրու­թյան վարման և հաշվետվություններ ներկայացնելու համակարգերը:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ազդարարների պաշտպանության օրենսդրական բացի կարգավորումը:

Ազդարարների պաշտպանության մոդելները տարբեր են ըստ իրավաընտանիքների և կոռուպցիայի դեմ ներպետական պայքարի առանձնահատկությունների: Այդպիսի մոդելներից առավել համակարգային է համարվում ոլորտի կարգավորումն առանձնացված օրենքով, ինչին իրենց բազմաթիվ զեկույցներում անդրադարձելեն և՛ ՏՀԶԿ-ն, և՛ Թրանսփարենսի Ինթերնեշնլը: Կարգավորման առանձնացված մոդելով են առաջնորդվել Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ռումինիան, Սերբիան, Բոսնիա-Հերցեգովինան, իսկ Վրաստանի, Սլովենիայի և մի շարք այլ պետությունների կոռուպցիայի դեմ պայքարը կարգավորող ոլորտային օրենքներում առկա են ազդարարների պաշտպանությանն ուղղված օրենսդրական կառուցակարգեր:

Վերոնշյալ պետությունների սոցիալ-իրավական առանձնահատությունները հաշվի առնելով՝ հարկ է անդրադառնալ դրանցից մի քանիսին:

Այսպես, Ռումինիայի Հանրապետությունը, 2004 թվականին ընդունելով «Ազդարարների պաշտպանության մասին» առանձնացված օրենք, դարձավ մայրցամաքային Եվրոպայի՝ ոլորտի առանձնացված կարգավորման ուղին ընտրող առաջին պետությունը: Նշյալ օրենքի 1-ին հոդվածն ամրագրում է. Սույն օրենքը կարգավորում է այն միջոցառումները, որոնք ուղղված են անձանց պաշտպանությանը, որոնք բողոքել կամ տեղեկացրել են հանրային իշխանությունների, հանրային ինտիտուտների և այլ կառույցների գործունեության շրջանակներում գործադիր կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից 2-րդ հոդվածով նախատեսված գործողությունների կատարման մասին:

Հատկանշական է, որ, ըստ Թրանսփարենսի Ինթերնեյշնլի փորձագետների, Ռումինիայի Հանրապետության օրինակը զուտ տեսական առումով դիտարկվում է անհրաժեշտ լուծումներ բովանդակող, սակայն գործնական իմպլեմենտացիան դեռևս հեռու է լավագույնը համարվելուց (տե՛ս Whistleblowing Proteciton in Romania and Hungary. Marie Chene. 2013. Transparency International Secretariat): Բացի այդ, ՏՀԶԿ-ն և Թրանսփարենսի Ինթերնեյշնլը կարևորում են նաև մասնավոր ոլորտի ազդարարներին պաշտպանության հնարավորություն ընձեռելը:

Սերբիայի Հանրապետությունը «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքն ընդունել է 2014 թվականին։ Տվյալ օրենքը գնահատվում է Եվրոպայում ազդարարների պաշտպանության օրենսդրական լավագույն մոդելներից մեկը: Սերբիայի օրենսդիրը համալիր կարգավորման է ենթարկել ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց պաշտպանության միջոցները՝ սահմանելով ազդարարման 3 եղանակ՝ ներքին, արտաքին և հասարակությանը: Նշյալ օրենքով սահմանվում է գործատուի հասկացությունը, նրա կողմից հնարավոր վնասակար գործողությունների ոչ սպառիչ ցանկը, ինչը հնարավոր է դարձնում գործատուի կողմից ազդարարի համար բացասական հետևանքներ առաջացնող գործողությունների հետևանքների վերացման և ազդարարի վնասների հատուցման գործում դատարանի հայեցողության ճկունությունը: Բացի այդ, 10-ից ավելի աշխատող ունեցող գործատուները պարտավոր են ընդունել ազդարարման ներքին կանոնակարգ:

Սերբիայի «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը երաշխավորում է ազդարարի անձնական տվյալների պաշտպանությունը, պետական կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հաղորդման ընթացակարգի առանձնահատկությունները, ազդարարի դատական պաշտպանության իրավունքը, ներքին ազդարարման հետ կապված գործատուների պարտականությունները և արդյունավետ ազդարարման գործում առանցքային մի շարք այլ հարցեր: Բացի այդ, գործատուները պարտավոր են գրավոր տեղեկացնել աշխատողներին նրանց ազդարարման իրավունքի մասին:

Կարևոր է նկատել, որ Սերբիայի օրենսդիրը նախատեսել է նաև Թրանսփարենսի ինթերնեշնլի ազդարարների պաշտպանության նմուշային սկզբունքներում տեղ գտած՝ ազդարարման վարույթի շրջանակներում ազդարարների մասնակցության սկզբունքը: Այս առումով, Թրանսփարենսի Ինթերնեշնլի նշյալ սկզբունքներում ամրագրված է. (…) որպես տեղեկացված և հետաքրքված շահագրգիռ անձինք՝ ազդարարները պետք է ունենան քննության հետագա ընթացքին և հարցաքննություններին աջակցելու իրական հնարավորություն: Ազդարարները պետք է ունենան իրենց բողոքի պարզաբանման և լրացուցիչ տեղեկությունների և ապացույցների տրամադրման հնարավորություն: Նրանք ունեն քննության ցանկացած արդյունքի մասին տեղեկացված լինելու և ցանկացած արդյունքին ծանոթանալու և այն մեկնաբանելու իրավունք:

Բոսնիա-Հերցեգովինայի Հանրապետությունն ազդարարների պաշտպանությանը նվիրված օրենքն ընդունել է 2013 թվականին: Նշյալ օրենքը նախատեսում է ազդարարման եղանակները, սահմանում պատասխանատվություն օրենսդրական դրույթների չապահովման համար և պաշտպանում այն աշխատողներին, որոնց հաղորդումը պարունակում է պետական գաղտնիք: Այստեղ նույնպես առկա են գործատուի վնասակար գործողությունների կանխման և հետևանքների վերացման կառուցակարգեր, սակայն հետաքրքրական է այս հարցում լիազորությունների տրամադրումը ոչ թե դատարանին, այլ Բոսնիա-Հերցեգովինայի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման գործակալությանը, որն իրականացնում է ոլորտի նկատմամբ հսկողություն և կարգավորում: Ազդարարն իրավասու է դիմել նշյալ գործակալությանը ազդարարման հետ կապված կանխարգելիչ պաշտպանության խնդրանքով:

Վրաստանի Հանրապետությունը 2015 թվականին ընդունել է Շահերի բախման և հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի մասին օրենք (ուժի մեջ է մտնելու 2017 թվականին), որի չորրորդ բաժինը նվիրված է ազդարարների պաշտպանությանը:

Ինչպես վերը քննարկված պետությունների օրենսդիրները, Վրաստանի օրենսդիրը ևս նախատեսել է ազդարարի անձեռնմխելիության, ազդարարման հետ կապված պատասխանատվությունից ազատման, անձնական տվյալների պաշտպանության հնարավորությունները:

Սակայն հաշվի առնելով միջազգային առաջադեմ փորձը՝ օրենքի 202-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. Ազդարարումը չի պաշտպանվում սույն օրենքով, եթե. (…) բ) ազդարարը գործում է իր սեփական շահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ պարգևատրումը սահմանված է օրենքով:

Փաստորեն, Վրաստանի Հանրապետությունը վերոբերյալ ամրագրմամբ նախատեսում է նաև ազդարարներին ֆինանսապես շահագրգռելու իրավական հնարավորություն:

Խոսելով նաև անանուն ազդարարման մասին՝ հարկ է նշել, որ անանուն ազդարարումը համարվում է ազդարարների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը, քանի որ վերջինս ապահովում է ազդարարների վստահությունը իրենց անձնական տվյալների պաշտպանության համար՝ հաշվի առնելով դրանց անհայտ լինելը ինչպես երրորդ անձանց համար, այնպես էլ պետական իրավասու մարմինների համար:

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի` ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայում հիշատակված հակակոռուպցիոն մարմինները հայտնի լինեն հանրությանը, և պետք է ապահովի մուտքը դեպի այդ մարմինները, այդ թվում՝ անանուն ձևով` ամեն մի դեպքի մասին նրանց հաղորդումներ տրամադրելու համար, որը կարող են դիտարկվել որպես իրավախախտում` սույն Կոնվենցիային համապատասխան։

Անանուն հաղորդումների եղանակով ազդարարումը ևս տարածված է միջազգային փորձում:

Այսպես, համաձայն Սլովակիայի Հանրապետության օրենսդրության՝ աշխատողները կարող են ներքին կարգով ազդարարել անանուն ձևով:

Սլովենիայի Հանրապետությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտավոր է բոլոր հաղորդումները քննել նույն կարգով՝ անկախ այն հանգամանքից, թե հաղորդողի ինքնությունը հայտնի է, թե ոչ: Այս նպատակով հաղորդումները կարող են ներկայացվել Հանձնաժողովին էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի, կայքի, ֆաքսի եղանակով կամ անձնապես:

Ուկրաինայի Հանրապետության «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին անանուն հաղորդագրությունը ենթակա է քննարկման, եթե նրանում առկա տեղեկատվությունը վերաբերվում է կոնկրետ անձի, պարունակում է փաստացի տվյալներ, որոնք կարող են ստուգվել: Անանուն հաղորդագրությունը ենթակա է ստուգման այն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում: Եթե նշված ժամկետում հնարավոր չէ ստուգել հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը երկարացնում են հաղորդագրության քննարկման ժամկետը՝ այն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետով:

Կորեայի Հակակոռուպցիոն և քաղաքացիական իրավունքների հանձնաժողովը հատուկ ազդարարման համար ստեղծել է հեռախոսային թեժ գիծ:

Նույն կերպով, Էստոնիայում կոռուպցիոն դեպքերի մասին հաղորդում կարող է ներկայացվել թեժ գծի և կառավարության հակակոռուպցիոն կայքի միջոցով, ինչպես նաև առկա է հնարավորություն անանուն ձևով ներկայացնել հաղորդում ոստիկանությանը:

Հունգարիայում այսպիսի համակարգը դարձել է հասանելի Ազգային ոստիկանության վարչության կողմից գործարկված Հեռախոսային վկա անանուն ծառայության միջոցով: Հանցագործությունների կանխարգելման ազգային խորհուրդը ունի նաև այս նպատակի համար նախատեսված էլեկտրոնային փոստ հասցե:

2013 թվականին Ավստրիայի արդարադատության նախարարությունը մեկնարկել է հատուկ հարթակ՝ անհատների կողմից իրավախախտումների մասին հաղորդումներ ստանալու նպատակով: Այս վիրտուալ համակարգի միջոցով օգտատերը պետք է ընտրի իրավախախտման տեսակը. դրանք են՝ կոռուպցիա, ծառայողական հանցագործություններ, սոցիալական հանցագործություններ, ֆինանսական հանցագործություններ, կեղծարար հաշվապահություն, կապիտալի շուկայի իրավախախտումներ, փողերի լվացում: Նշելով համապատասխան դաշտը՝ օգտատերը կարող է ներկայացնել իր տեղեկատվությունը, իսկ Հանրային դատախազի կոռուպցիայի դեմ և ծառայողական հանցագործությունների  գործակալությունը իրավասու չէ հետապնդել հաղորդումները կամ փորձել բացահայտել անձի ինքնությունը: Իրավասու մարմինը կարող է համակարգի միջոցով պահպանել հետադարձ կապը: Անանության պաշտպանման համար՝ ազդարարը համակարգում ընտրում է կեղծանուն և գաղտնաբառ, իսկ ազդարարին անհատականացնող բոլոր տվյալները կոդավորվում են: Հետագայում համակարգը ապահովում է նաև ազդարարի տեղեկացվածությունը գործի հետագա ընթացքից:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը (միջազգային փորձի ուսումնասիրություններ):  Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց նյութաիրավական պաշտպանության երաշխիքներ նախատեսված են օտարերկրյա պետությունների օրենսդրություններում: Այսպես, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն դատավորի, երդվյալ ատենակալի կամ արդարադատության իրականացմանը մասնակցող այլ անձի, դատական կարգադրիչի, դատական կատարածուի, տուժողի, վկայի, քրեական դատավարության այլ մասնակիցների , ինչպես նաև հավասարապես նրանց մերձավորների նկատմամբ կիրառված անվտանգության միջոցների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման համար, եթե այդ արարքը կատարվել է  այն անձի կողմից, ում այդ տեղեկությունները վստահվել  կամ հայտնի էին դարձել իր ծառայողական գործունեության հետ կապված:

Բացի դրանից, Դաշնության քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածելու համար այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել էին կամ հայտնի էին դարձել իր ծառայության, աշխատանքի, ուսման հետ կապված կամ Դաշնության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, եթե այդ  տեղեկությունները դարձել են այլ անձանց սեփականությունը Դաշնության քր. օր. 275-րդ և 276-րդ հոդվածներով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշների բացակայության դեպքում:

Ղազախստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Կոռուպցիայի հակազդեցության գործում աջակցություն ցուցաբերած անձի վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք: Նշված տեղեկության հրապարակումը պատասխանատվություն է առաջ բերում, որը նախատեսված է օրենքով:

Կոռուպցիոն իրավախախտման մասին հաղորդած անձի գույքին կամ առողջությանը վնաս պատճառելու կամ այդպիսի գործողություններ կատարելու սպառնալիքի դեպքում, ելնելով կատարված հանցագործության հանգամանքներից, մեղավոր անձի գործողությունները որակվում են ընդհանուր հիմունքներով Ուկրաինայի քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի /դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը/, 122-րդ հոդվածի /դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը/, 123-րդ հոդվածի /դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը ուժեղ հոգեկան հուզմունքի վիճակում/, 129-րդ հոդվածի /սպանության սպառնալիք/, 194-րդ հոդվածի /գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում/ համապատասխան մասերով:

Ելնելով հանցագործության բնույթից, դատարանն իրավունք ունի նաև պատիժը ծանրացնող հանգամանք ճանաչել տուժողի կողմից ծառայողական կամ հասարակական պարտքի կատարման կապակցությամբ հանցագործություն կատարելը /67-րդ հոդվածի 1-ին  մասի 4-րդ կետ /պատիժը ծանրացնող հանգամանքներ/:

Մերկացնողի մասին տեղեկությունը կարող է հրապարակվել միայն նրա համաձայնության դեպքում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության կոռուպցիոն իրավախախտման մասին տեղեկություն տրամադրած անձի տվյալների ապօրինի հրապարակման համար Ուկրաինայի քրեական օրենսգրքի 365 -րդ հոդվածով /իրավապահ մարմնի աշխատակցի կողմից իշխանության կամ ծառայողական լիազորությունների վերազանցություն/ կամ 367-րդ հոդվածով /պաշտոնական անփութություն/, ելնելով մեղավոր անձի դիտավորությունից, կատարված հանցագործության հետևանքներից և այլ հանգամանքներից:

Լեհաստանի քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով կիրառում է բռնություն կամ սպառնալիքներ վկայի, փորձագետ վկայի, թարգմանչի, մեղադրողի կամ մեղադրյալի վրա ազդեցություն գործելու համար կամ հետևաբար խախտում է տվյալ անձի անձնական անձեռնմխելիությունը, ենթակա է պատժի  3 ամսից մինչև 5 տարի ազատազրկման տեսքով:

Իրավապահ մարմինների աշխատակիցները կարգապահական պատասխանատվությունից բացի, իրենց լիազորությունները չարաշահելու կամ պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար նույնպես ենթակա են քրեական պատասխանատվության: Ներկա կանոնակարգումը ներառվել է Լեհաստանի քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածում:  Ոստիկանության կողմից լիազորությունների չարաշահումը, որը գործնականում կարող էր հանգեցնել մի շարք այլ վարքագծերի առաջացմանը, պատկանում է չարաշահման գործողությունների կատեգորիային: Ինչպես նախատեսված է քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածով: Հանրային ծառայողը, ով չարաշահում է իր պարտականությունների կատարումը կամ չի կտարում իր պարտականությունները, գործում է  ի վնաս հանրային և անհատական շահերի, ենթակա է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման:  Ի հավելումն, եթե հանցագործը կատարում է նման հանցագործություն  նյութական կամ անձնական շահույթ ձեռք բերելու համար, նա ենթակա է ազատազրկման 1-ից 10 տարի ժամկետով: Մյուս կողմից, եթե հանցագործը գործել է առանց դիտավորության և պատճառել է էական վնաս, ենթակա տուգանքի, ազատության սահմանափակման կամ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկման:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները քրեական հետապնդման տվյալների դիտավորյալ հրապարակման համար, եթե այդ գործողությունը առաջացրել է կասկածյալին, մեղադրյալին, վկային կամ տուժողին կամ նրանց ներկայացուցիչներին բարոյական կամ նյութական վնաս, կամ նպաստել է մեղադրյալին պատասխանատվությունից խուսափելու հարցում, կրում են քրեական պատասխանատվություն Մոլդովայի  քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով:

Կոռուպցիոն հանցագործությունների մասին հայտնած անձի գույքին կամ առողջությանը վնաս կամ վնասի սպառնալիք հասցնելու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ հատուկ նորմերը Բելառուսի Հանրապետության քր. օր.-ում բացակայում են: Սակայն նման գործողությունները ունեն կյանքի և առողջության, ունեցվածքի, անձնական ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցակազմերի ընդհանուր հատկանիշներ:

Կոռուպցիոն հանցագործությունների մասին հայտնած անձի տվյալների ոչ իրավազոր գաղտնազերծման համար իրավապահ մարմինների ներկայացուցիչների  պատասխանատվության վերաբերյալ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքում սահմանված է քրեական պատասխանատվություն նախաքննության կամ հետաքննության կամ փակ դատական նիստի տվյալները հրապարակելու համար /քր. օր. 407-րդ հոդված/, ինչպես նաև դիտավորությամբ քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցների վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու համար /քր. օր. 408 -րդ հոդված/:

2010 թվականի հուլիսի 19-ի «Պետական  գաղտնիքների մասին» Բելառուսի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝  հետախուզական, հակահետախուզական եւ oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնաբար համագործակցող կամ համագործակցած քաղաքացիների մաuին, ինչպես նաև այդ մարմինների  հաստիքային գաղտնի, այդ թվում կազմակերպված խմբերում ներմուծված, հատուկ առաջադրանքներ կատարող /կատարած/ այդ մարմինների աշխատակիցների մասին տեղեկությունները կարող են դաuվել պետական գաղտնիքների շարքին:

Այդ դեպքում, նման տեղեկություններ հրապարակած  անձը, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել /քր. օր. 373-րդ և 374 -րդ հոդվածներ/:

Լատվիայի  քրեական դատավարության 375-րդ հոդվածը սահմանում է, որ քրեական վարույթների ժամանակ քրեական գործի մեջ մտնող տեղեկատվությունը դասակարգվում է որպես հետաքննության գաղտնիք: Բայց և այնպես, քրեական պատասխանատվություն չի նախատեսվում տեղեկատվության բացահայտման համար: Եթե քրեական գործում տեղ գտած նյութերը դասակարգվում են որպես պետական գաղտնիք (հատուկ հետաքննչական գործողությունների կատարման մեթոդներ, հնարքներ և այլ միջոցներ, ինչպես նաև դրա արդյունքում ստացված տեղեկատվություն), ապա անձիք պատասխանատվություն կկրեն այն բացահայտելու համար՝ Լատվիայի քրեական օրենսգրքում (234-րդ մասում) տեղ գտած ընթացակարգերի համաձայն:

Հոնկոնգի «Կաշառակերության կանխարգելման» հրամանագրի 30 մասը կիրառելի է բոլորի նկատմամբ, այսինքն՝ և իրավապահ մարմինների ծառայողների և քաղծառայողների նկատմամբ: Բացի դրանից, Հոնկոնգի «Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովի» բոլոր ծառայողները պարտավոր են ստորագրել ամենամյա հայտարարագիր՝ համաձայն «Ծառայողների գաղտնիության» կանոնակարգի 521 4 մասի: Տեղեկության անօրինական հրապարակումը համարվում է հանցագործություն, որը նախատեսված է կանոնակարգով: «Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովի» ծառայողը որևէ պատճառով հանձնաժողը լքելու դեմքում, պետք է ստորագրի տվյալ հայտարարագիրը, որը պարտավորեցնում  է նրան՝  նրա հեռանալուց հետո:

ԱՄՆ-ում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում տալու համար հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի սեփականությանը կամ առողջությանը վնաս պատճառելու կամ այդպիսի սպառնալիքի համար առկա են քրեական ստատուտներ, որոնք կարգավորում են նման տեսակի հանցագործությունները, որոնցից է արդարադատությանը խոչընդոտելը և վկայի վրա ճնշում գործադրելը: Այս հատուկ քրեական ստատուտները կարող են կիրառվել ցանկացած հանցագործություն կարգավորող օրենքների հետ միաժամանակ, ինչպես օրինակ՝ սպանությունը, հրազենի գործադրմամբ հարձակում և այլն: ԱՄՆ-ում նման ստատուտները հասանելի են և դաշնային և նահանգային իրավական համակարգում:

Իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք, ովքեր հրապարակում են տեղեկատվությունն առանց թույլտվության, ենթակա են քրեական հետապնդման: Սա վերաբերում է բոլոր դեպքերին, ոչ միայն կաշառակերության դեպքերին: Իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք կարող են նաև ենթարկվել վարչական պատասխանատվության միջոցների՝ նախազգուշացում, առանց աշխատավարձ վճարելու աշխատանքից հեռացում, պաշտոնից հեռացում, դասային աստիճանից զրկում: Խստության աստիճանը կախված է տեղեկատվության դասակարգման աստիճանից: Արդարադատությանը խոչընդոտելուն ի հավելումն, որոշ այլ դաշնային ստատուտներ են կիրառվում դատական հետապնդում կատարելու համար տեղեկատվությունը տարածելու համար:

Վրաստանի «Հանրային ծառայությունում շահերի անհամատեղելիության և կոռուպցիայի մասին» օրենքի  204 հոդվածի 1-ին կետով չի թույլատրվում մերկացնողին կամ նրա հարազատին սպառնալը, ճնշումը, հարկադրումը, ստորացումը, հետապնդումը, նրա նկատմամբ ճնշում գործադրելը, նրան բարոյական կամ նյութական վնաս պատճառելը, բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելը, խտրականական վերաբերմունքը կամ մերկացման փաստի հետ կապված այլ ապօրինի արարքի կատարումը:

Վրաստանի օրենսդրությունը անմիջականորեն չի սահմանում քրեական պատասխանատվություն իրավապահ մարմինների ներկայացուցչի կողմից տեղեկություն տրամադրած անձի տվյալների ապօրինի հանձնման դեպքում, սակայն գոյություն ունեն նորմեր, որոնք սահմանում են պատասխանատվություն անձնական տվյալների ապօրինի հրապարակման համար: Գոյություն ունի ինչպես քրեաիրավական, այնպես էլ վարչաիրավական պատասխանատվություն:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը (միջազգային փորձի ուսումնասիրություններ): Համաձայն «Տուժողների, վկաների և քրեական դատավարության այլ մասնակիցների պետական պաշտպանության մասին» ՌԴ 20.08.2004թ. №119-ԴՕ Դաշնային Օրենքի 2-րդ հոդվածի՝ պետական պաշտպանության ենթակա են.

- տուժողը,

- վկան,

- մասնավոր մեղադրողը,

- կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատապարտյալը, արդարացվածը, ինչպես նաև անձը, որի նկատմամբ քրեական գործը կամ քրեական հետապնդումը կարճվել է,

- փորձագետը, մասնագետը, թարգմանիչը, ընթերական, ինչպես նաև քրեական դատավարությունում մասնակցող մանկավարժն ու հոգեբանը,

  • քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը,
  • օրինական ներկայացուցիչները, տուժողների, քաղաքացիական հայցվորի և մասնավոր մեղադրողի ներկայացուցիչները:

Դիմողի, ականատեսի կամ հանցագործության զոհի, ինչպես նաև հանցագործության կանխմանը կամ բացահայտմանը նպաստող այլ անձանց նկատմամբ պետական պաշտպանության միջոցները կարող են կիրառվել նաև մինչև քրեական գործի հարուցումը:

Պետական պաշտպանությանն են ենթակա նաև ՌԴ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մերձավոր ազգականները, ազգականները և մերձավոր անձինք, որոնց նկատմամբ ապօրինի ոտնձգությունը իրականացվում է վերը նշված անձանց վրա ազդելու նպատակով:

ՌԴ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ի» կետի համաձայն՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ են հանդիսանում, այդ թվում նաև մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն, հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն աջակցելը:

Ընդ որում, մեղադրող և պաշտպանող կողմերի միջև կարող է կնքվել համագործակցության մասին մինչդատական համաձայնագիր, որում նշված կողմերը համաձայնեցնում են կասկածյալի կամ դատապարտյալի պատասխանատվության պայմանները կախված քրեական գործը հարուցվելուց կամ մեղադրանք ներկայացվելուց հետո նրա գործողությունների հետ:

Համագործակցության մասին մինչդատական համաձայնագրի հետ կապված դատական որոշումն ընդունելու հատուկ կարգը նախատեսված է ՌԴ քրեական օրենսգրքի 62 հոդվածով:

Համաձայն «Կոռուպցիայի հակազդման մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետի՝ կոռուպցիոն իրավախախտման մասին հաղորդած կամ կոռուպցիայի հակազդեցության գործում այլ կերպ համագործակցություն ցուցաբերած անձը գտնվում է պետության պաշտպանության ներքո և խրախուսվում է Ղազախստանի Հանրապետության կառավարության «Կոռուպցիոն իրավախախտման փաստի մասին հաղորդած կամ կոռուպցիայի հակազդման գործում համագործակցություն ցուցաբերած անձանց խրախուսելու կանոնները հաստատելու մասին» որոշմանը համապատասխան; Տվյալ կետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք կոռուպցիոն իրավախախտման փաստի մասին հաղորդել են ակնհայտ կեղծ տեղեկություն, որոնք ենթակա են պատասխանատվության՝ համաձայն ՂՀ ՎԻՎ օրենսգրքի 439-րդ հոդվածի (Կոռուպցիոն իրավախախտման փաստի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն):

Քրեական դատավարությունում մասնակցող վկաների, կասկածյալների և այլ անձանց, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների անվտանգության ապահովման նպատակով, մարմինը, որը վարում է քրեական գործընթացը, անվտանգության միջոցներ է ձեռնարկում (ՂՀ քր. դատ. օր,–ի 97-րդ հոդ.՝ քրեական գործընթացում մասնակցություն ունեցող վկաների, տուժողների, կասկածյալների և այլ անձանց անվտանգությայն միջոցներ):

Ղազախստանի Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործություն կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է համաձայն քրեական և քրեական դատավարության օրենսգրքի՝ ընդհանուր հիմունքներով: Պատիժ նշանակելիս հաշվի են առնվում քրեական իրավախախտման հասարակական վտանգավորության բնույթը և աստիճանը, մեղավորի անձը, այդ թվում՝ նրա վարքագիծը մինչ իրավախախտում կատարելը և դրանից հետո, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի 8-րդ բաժնի /Մերկացնողների պաշտպանությունը/ 53-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ պետական պաշտպանություն ստանում են.

1/ կոռուպցիայի կանխման և հակազդման մեջ օգնություն ցուցաբերած անձը /մերկացնողներ/ - այն անձը, ով հիմնավորված համոզմունքի առկայության դեպքում, որ տեղեկությունը արժանահավատ է, հայտնում է այլ անձի կողմից Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին;

2/ անձինք, ովքեր օգնություն են ցուցաբերում կոռուպցիայի կանխման և հակազդման մեջ, գտնվում են պետության պաշտպանության ներքո:

Կոռուպցիայի կանխման և հակազդման մեջ օգնություն ցուցաբերած անձանց կամ նրանց հարազատների կյանքին, բնակավայրին, առողջությանը և գույքին սպառնալիքի առկայության դեպքում Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին կատարված հաղորդման կապակցությամբ, իրավապահ մարմինների կողմից նրանց նկատմամբ կարող է կիրառվել Ուկրաինայի «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված իրավական, կազմակերպատեխնիկական և հակաօրինական ոտնձգություններից պաշտպանելուն ուղղված այլ միջոցներ;

3/ անձը կամ նրա ընտանիքի անդամը չեն կարող ազատվել կամ հարկադրվել ազատման կամ ղեկավարի կամ գործատուի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության կամ ենթարկվել ներգործության այլ բացասական միջոցների /տեղափոխում, ատեստացիա, աշխատանքի պայմանների փոփոխում, բարձր պաշտոնի նշանակվելու մերժում, աշխատավարձի կրճատում և այլն/ կամ այլ անձի կողմից այդպիսի ներգործության միջոցների սպառնալիքի՝ Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին նրանց կողմից հաղորդման կապակցությամբ:

4/ ազգային գործակալությունը, ինչպես նաև այլ պետական մարմինները, Ղրիմի ինքնավար հանրապետության իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց աշխատակիցների կողմից այլ անձի կողմից Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին հաղորդագրությունների համար ապահովում են պայմաններ, ինչպես նաև հատուկ հեռախոսային գծերի, պաշտոնական կայքերի, էլեկտրոնային կապերի միջոցներով;

5/ Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին հաղորդումը կարող է կատարվել համապատասխան մարմնի աշխատակցի կողմից առանց հեղինակին նշելու /անանուն/:

Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին անանուն հաղորդագրությունը ենթակա է քննարկման, եթե նրանում առկա տեղեկատվությունը վերաբերվում է կոնկրետ անձի, պարունակում է փաստացի տվյալներ, որոնք կարող են ստուգվել:

Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին անանուն հաղորդագրությունը ենթակա է ստուգման այն ստանալու օրվանից 15 օրից ոչ ավել ժամկետում: Եթե նշված ժամկետում հնարավոր չէ ստուգել հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը երկարացնում են հաղորդագրության քննարկման ժամկետը՝ այն ստանալու օրվանից 30 օրյա ժամկետով:

Ուկրաինայի «Կոռուպցիայի կանխման մասին» օրենքի պահանջների խախտման մասին հաղորդագրության մեջ շարադրված տեղեկության հաստատման դեպքում համապատասխան մարմնի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում կանխելու հայտնաբերված խախտումը, վերացնելու նրա հետևանքները և մեղավոր անձանց ենթարկելու կարգապահական պատասխանատվության, իսկ քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշների հայտնաբերման դեպքում՝ նաև տեղեկացնում է կոռուպցիայի հակազդման ոլորտում հատուկ լիազորված սուբյեկտների;

6/ Ազգային գործակալությունն իրականացնում է մերկացնողների պաշտպանության ոլորտում օրենքի կատարման մշտական մոնիտորինգ, անցկացնում է ամենամյա վերլուծություն և այդ ոլորտում պետական քաղաքականության վերանայում;

7/ Ղրիմի ինքնավար հանրապետության պետական մարմինների, իշխանության մարմինների պաշտոնատար և ծառայողական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, հանրային իրավունքի, նրանց կառուցվածքային ստորաբաժանումների իրավաբանական անձինք Ղրիմի ինքնավար հանրապետության համապատասխան պետական մարմինների, իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային իրավունքի, նրանց կառուցվածքային ստորաբաժանումների իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից կոռուպցիոն կամ կոռուպցիայի հետ կապված իրավախախտում հայտնաբերելու կամ այդպիսի իրավախախտում կատարելու մասին տեղեկություն ստանալու դեպքում պարտավոր են իրենց լիազորությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ այդպիսի իրավախախտումը դադարեցնելուն և անհապաղ գրավոր ծանուցել նրա կատարման մասին կոռուպցիայի հակազդման ոլորտում հատուկ լիազորված սուբյեկտին:

Լեհաստանի Հանրապետության 2014թ. նոյեմբերի 28-ի «Տուժողների և վկաների պաշտպանության մասին» ակտը սահմանում է վկաների, տուժողների և նրանց մերձավորների պաշտպանության և աջակցության սկզբունքները և շրջանակները: Պաշտպանության և աջակցության միջոցները կարող են օգտագործվել նախքան քրեական կամ քրեական հարկային վարույթի հարուցումը, եթե կյանքին կամ առողջության սպառնալիքը դառնում է ակնհայտ օպերացիոն-նախնական քննության կամ վարույթների ընթացքում: Պաշտպանության և աջակցության համար միջոցառումները նախատեսվում են նահանգային (մայրաքաղաքային) ոստիկանության պետի կողմից, ում ենթադատության ներքո գտնվում է տուժողը, վկան կամ նրանց մերձավորները, ում նկատմամբ որ պետք է իրականացվեն պաշտպանություն և աջակցության միջոցառումներ, որոնք անվանվում են պաշտպանության տակ առնված անձինք: Պաշտպանության և աջակցության միջոցառումների իրականացման և տրամադրման նպատակով հանգամանքների բացահայտման համար ապացույցների հավաքագրման գործընթացն անընդունելի է: Պաշտպանության և աջակցության միջոցառումերի իրականացմանը և տրամադրմանն առնչվող տեղեկատվությունն երաշխավորված և պաշտպանված է Լեհաստանի Հանրապետության 2010թ. օգոստոսի 5-ի «Գաղտնիացված տեղեկատվության պահպանման մասին» ակտով:

Օրենսդիրը ներառել է «Քրեական պատասխանատվության չնախատեսման դրույթ», որով նախատեսվում են իրավապահ մարմիններին աջակցելու հանգամանքները և պայմանները: Համաձայն կանոնակարգման՝ կոռուպցիոն հանցագործության առնչությամբ հնարավոր է աջակցել իրավապահ մարմիններին ապացույցը ձեռք բերելու համար՝ ներառյալ մյուսների հետ նույն շարքում հատուկ իրավապահ լիազորությունների կիրառում, որը ներառում է նյութական շահույթների գաղտնի ստացման գործողությունները: Այս օպերացիոն-հետախուզական գործունեության կիրառումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձին խոստացվել է շահույթի տրամադրում, բայց այս անձը սկզբնապես չի ընդունել այս շահույթը (Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք 229-րդ հոդվածի 6-րդ կետ):

Մոլդովայի քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածը երաշխավորում է կոռուպցիային հանցագործությունների մասին հաղորդում ներկայացրած վկայի իրավական պաշտպանությունը, եթե առկա են իրական հիմքեր ենթադրելու, որ վկայի կամ նրա մերձավոր ազգականի կյանքը, մարմնական անձեռնմխելիությունը կամ ազատությունը վտանգված են նրա կողմից տրված ցուցմունքների հետ կապված;

Մոլդովայի քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի կարգով նախատեսված իրավական պաշտպանությունից հավասարաչափ օգտվում են նաև գաղտնի գործակալները, ինչպես նաև քննության այլ մասնակիցները, որոնք օրենքի համաձայն ստացել են վկաների և քրեական դատավարության այլ մասնակիցների պաշտպանության պաշտպանվող անձի կարգավիճակ:

Մոլդովայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն այն անձանց համար, որոնք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման համար համագործակցել են իրավապահ մարմինների հետ: Միաժամանակ, Մոլդովայի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է պատժի կրճատում, եթե մեղադրյալը կամ ամբաստանյալը համաձայնել է ճանաչել իր մեղքը:

Բելառուսի Հանրապետության «Կոռուպցիայի դեմ պայքարի» օրենքի 35-րդ հոդվածի համապատասխան՝ կոռուպցիայի և կոռուպցիոն իրավախախտման համար պայման ստեղծող իրավախախտման մասին հայտնած կամ այլ կերպ կոռուպցիան ի հայտ բերելուն նպաստող ֆիզիկական անձը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

Կոռուպցիան ի հայտ բերելուն նպաստող ֆիզիկական անձին, նրա կնոջը /ամուսնուն/ մտերիմ բարեկամներին կամ խնամիներին, եթե առկա են բավարար տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ իրենց նկատմամբ իրական սպանության, գույքի ոչնչացման կամ վնասման, կամ այլ հակաիրավական գործողությունների իրականացման վտանգ կա, երաշխավորվում է Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Բելառուսի Հանրապետության օրենքով, Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի 2016թ. հունվարի 21-ի թիվ 44 որոշմամբ հաստատված «Պաշտպանվող անձանց նկատմամբ անվտանգության միջոցների կիրառման կարգի մասին» Դրույթով, նախատեսված անվտանգությունն ապահովող միջոցների կիրառումը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին հայտնած անձանց նկատմամբ, անվտանգության միջոցների կիրառման կարգն ու դեպքերը, ինչպես նաև դրանց տեսակները քրեական դատավարության բոլոր մասնակիցների համար միևնույն են:

Բացի այդ, Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի «Կոռուպցիան ի հայտ բերելուն նպաստող ֆիզիկական անձին, պարգևատրում և այլ վճարներ վճարելու մասին» 2016թ. փետրվարի 5-ի թիվ 101 որոշմամբ, վճարվում են պարգևատրում և այլ վճարներ, որոնք չեն նշվում եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարության մեջ:

2015 թվականի հունվարի 28-ից Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի մեջ մտցվել է համագործակցության մասին համաձայնության մինչդատական ինստիտուտը, որը կանոնակարգված է «Վարույթը քրեական գործով կասկածյալի /մեղադրյալի/ նկատմամբ, որի հետ կնքվել է համագործակցության մասին մինչդատական համաձայնություն» 49-1 գլխով:

Համագործակցության մասին համաձայնություն կնքելիս մեղադրյալին, կասկածյալին երաշխավորվում է պատիժ, որը չի կարող գերազանցել քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժի առավելագույն ժամկետի կամ չափի կեսը, իսկ ծանր կամ մարդու կյանքի կամ առողջության դեմ ոտնձգությամբ զուգորդված առանձնասպես ծանր հանցագործության կատարման համար՝ առավելագույն ժամկետի կամ առավել խիստ պատժի չափի երկու երրորդը; Համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում մահապատիժ չի նշանակվում- փոխարինվում է ցմահ բանտարկությամբ կամ ազատազրկմամբ: Համաձայնությունը չի կարող կնքվել, եթե կասկածյալի /մեղադրյալի/ օժանդակությունը կայանում է հանցավոր գործունեության մեջ միայն իր մասնակցության վերաբերյալ տեղեկություններ հայտնելու մեջ:

Բացի այդ, հանցագործություն կատարած անձը, այդ թվում կոռուպցիոն, որը հանգեցրել է պետական սեփականության կամ իրավաբանական անձի, որի կանոնադրական հիմնադրամի բաժնեմասը պատկանում է պետությանը, գույքի վնասին, կամ պետական կամ հասարակական շահերի էական վնասին և չի զուգորդվել մարդու կյանքի կամ առողջության դեմ ոտնձգությամբ, կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա կամովին հատուցել է պատճառված վնասը, վճարել է, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը, ինչպես նաև կատարել է քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, օրենսդրական ակտով նախատեսված, այլ պայմաններ /քր. օր. 88-1-րդ հոդված/. Այդ հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու կարգը սահմանվել է 1994թ. դեկտեմբերի 3-ի Բելառուսի Հանրապետության Նախագահի «Բելառուսի Հանրապետությունում դատապարտվածների համաներման, հանցագործությունների բացահայտմանն ու դրանց հետևանքների վերացմանը նպաստած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ կարգի կատարման Դրույթի հաստատման մասին» թիվ 250 հրամանագրով:

Լատվիան համապարփակ իրավական դաշտի պակաս ունի, կապված տեղեկություն տվողներին պաշտպանության հետ:

Ներկայումս տեղեկատվություն տվողների պաշտպանությունը կատարվում է հետևյալ իրավական նորմերով.

- «Ներկայանալու մասին» օրենքի 9-րդ հոդվածը արգելում է առանց տեղեկատվություն ներկայացնողի թույլտվության տեղեկատվություն տրամադրել, որը բացահայտում է անձի ինքնությունը:

- Աշխատանքային օրենսգրքի 9-րդ հոդվածը արգելում է պատժամիջոցներ կիրառել այն աշխատակցի նկատմամբ (կամ հակառակը ուղղակի կամ անուղղակի կերպով բացասական հետևանքներ պատճառել նրան), եթե անձն իր կասկածների մասին տեղեկացնի իրավասու մարմիններին, որոնք առնչվում են են աշխատանքի վայրում կատարված քրեական հանցագործություններին կամ վարչական խախտումներին:

- Քրեական դատավարության մասին օրենքի 17-րդ գլուխը հատուկ ընթացակարգային պաշտպանություն է նախատեսում այն մարդկանց համար (տուժողներ, վկաներ և այլն), ովքեր վկայություն են տալիս քրեական վարույթներում՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված:

2015 թվականի դեկտեմբերին պետքարտուղարների հանդիպման ժամանակ «Տեղեկատվություն տրամադրողների պաշտպանության մասին» օրենքի նախագիծ է հայտարարվել՝ ուղղված իրավասու մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև ներդաշնակեցման գործընթացին: «Տեղեկատվություն տրամադրողների պաշտպանության մասին» օրենքի նախագիծն իր մեջ ներառում է պաշտպանական միջոցներ տեղեկատվություն տրամադրողների համար՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի, Իրավաբանական և քաղաքացիական անձանց համար հատուկ պաշտպանության օրենքի, վարչական և քրեական պատասխանատվության:

Լատվիայի քրեական օրենսգրքի 324-րդ մասի համաձայն՝ այն անձը, ով կաշառք է տվել, կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա կամավոր կերպով տեղեկացնի տեղի ունեցածի մասին և ակտիվ կերպով օգնի բացահայտմանը և քրեական հանցագործության հետաքննության գործընթացներին: Կաշառակերության միջնորդը կամ օժանդակողը կարող է քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե քրեական հանցանքը գործելուց հետո նա կամավոր կերպով տեղեկացնի կատարվածի մասին և ակտիվ կերպով օգնի բացահայտման և քրեական հանցագործության հետաքննության գործընթացներին: Նմանապես, քրեական օրենսգրքի 326 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն անձը, ով անօրեն կերպով օգուտ է տվել, կարող է քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե օգուտը պահանջվել կամ կորզվել է տվյալ անձից, կամ եթե նա կամավոր կերպով ծանուցի կատարված քրեական հանցագործության մասին, հանցագործությունը կատարելուց հետո, և ակտիվ կերպով օգնի բացահայտման և քրեական հանցագործության հետաքննության գործընթացներին: Նույն ձևով, այն անձը, ով օգուտ է առաջարկել, կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա կամավոր կերպով ծանուցի հանցագործության մասին և ակտիվ կերպով օգնի բացահայտման և քրեական հանցագործության հետաքննության գործընթացներին:

Հոնկոնգի օրենքները ապահովում են օրինական հիմունքներ վկաների և գործի քննությանը վերաբերող բոլոր մասնակիցների պաշտպանության վերաբերյալ՝ ներառյալ կոռուպցիայի վերաբերյալ հանցագործությունները: Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի յուրաքանչյուր իրավապահ գործակալ կարող է մշակել վկայի պաշտպանության ծրագրեր և եթե անհրաժեշտ է՝ «Վկայի պաշտպանության» կանոնակարգի համաձայն: Կանոնակարգում առկա են դրույթներ վկային նյութական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Գումարի չափը որոշվում է գործերի հանգամանքների հիման վրա:

Հոնկոնգի «Կաշառակերության կանխարգելման» հրամանագրի 30 Ա բաժինը վերաբերում է տեղեկություն հայտնողների պաշտպանությանը: «Կաշառակերության կանխարգելման» հրամանագրի 30 բաժնով նախատեսված հանցագործություններով յուրաքանչյուր անձ, ով չունի օրենքով նախատեսված լիազորություն կամ պատճառաբանված պատճառ քննության էությունը կամ առարկան, կամ քննության մանրամասները բարձրաձայնելու համար, եթե այդ քննությունը իրականացվում է Հոնկոնգի «Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողով» -ում:

Հոնկոնգում հանցակիցը կարող է ազատվել մեղադրանքից և դառնալ վկա: Դա կախված է վկայի՝ հանցագործության կատարման մեջ իրականացրած դերից և ծանրությունից: Այն իրավասու մարմինը, որը կարող է տրամադրել այդպիսի կարգավիճակ, համարվում է Արդարադատության Դեպարտամենտը:

Այն հանցագործության համար, որն արդեն կատարվել է, հանցագործության կողմերը կարող են հանդուրժողականություն խնդրել դատարանում իրավասու մարմի հետ համագործակցության նպատակով՝ տեղեկություն տրամադրելով այն գործերով, որոնցում իրենք ներքաշված են: Դա ընդունված օրինական հիմք է, որի համաձայն տեղեկությունները կարող են ստացվել հանցակիցներից: Անձը, տեսականորեն, կարող է պաշտպանություն խնդրել հանցագործության մեջ մասնակցելու համար՝ իրավապահ մարմնի համար ապացույց հավաքելու նպատակով: Նման իմունիտետ տրամադրող մարմինը համարվում է Արդարադատության Դեպարտամենտը: Նման կարգավիճակը կտրամադրվի տեղեկատուի համաձայնագրում նշված պայմանների համաձայն, որը պետք է ստորագրվի տեղեկատուի կողմից:

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ քանի դեռ գործը շարունակվում է, առկա են մի քանի պաշտպանական միջոցներ, որ ՀԴԲ-ն կարող է կիրառել պաշտպանելու համար այն անձի ինքնությունը, ով տրամադրում է տեղեկատվությունը: Փաստաթղթաշրջանառության մեջ ՀԴԲ-ն կպահանջի որպեսզի անձի ինքնությունը պաշտպանի: Պաշտպանության մեկ այլ եղանակ է հանդիսանում անձին «Կոնֆիդենցիալ մարդկային աղբյուր» դարձնելը որը նաև հայտնի է «CHS» /հատուկ տեսակի պաշտպանություն/ հապավումով: Երբ անձը դառնում է հատուկ պաշտպանության կարիք ունեցող, մնացած առարկաների շրջանակում՝ տվյալ անձը ՀԴԲ բոլոր ֆայլերում նշվում է թվի ներքո՝ անվան փոխարեն, անձի գործը սահմանափակվում է և զեկուցումը տարվում է ոչ հրապարակային տարբերակով, բացառելով որևէ նշում արդյոք այդ անձը կին է, թե տղամարդ: Յուրաքանչյուր հնարավոր քայլ ձեռնարկվում է քողարկելու համար անձի համագործակցությունը ՀԴԲ-ի հետ: Չնայած ՀԴԲ-ն փորձում է պաշտպանել անձի ինքնությունը, ամեն դեպքում, երբ գործը քննվում է և ուղարկվում է դատարան, միշտ առկա է հնարավորություն, որ անձը պետք է ցուցմունք տա: Անձը տեղեկացվում է վկայություն տալու հնարավորության մասին և որ նրանց ինքնությունը կարող է հայտնի դառնալ, երբ նրանք սկսում են տեղեկատվություն տրամադրել ՀԴԲ-ին: Երբ անձը հանդիսանում է հատուկ պաշտպանության կարիք ունեցող, լրացուցիչ պաշտպանության միջոցներ են ձեռնարկվում այդ ողջ պաշտպանության ընթացքում:

ՀԴԲ-ն կարող է աշխատել ԱՄՆ «Մարշալների Ծառայության» հետ վկաներին վկաների պաշտպանության ծրագրում ներառելու առավել լուրջ դեպքերում, երբ անձը վախենում է իր անվտանգության համար՝ այն տեղեկատվության պատճառով, որ նա տրամադրում է: Նման դեպքերում հնարավոր է վկայի վերաբնակեցում: «Ազդանշան տվողների (մատնիչների) պաշտպանության» ակտը (այսուհետ՝ WPA) տրամադրում է օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ դաշնային աշխատակիցների համար, ովքեր ներառված են «ազդանշան տալու» ծրագրի մեջ, այն է՝ տեղեկատվության բացահայտումը դարձնելով ապօրինի կամ ոչ պատշաճ կառավարչական գործունեություն: WPA պաշտպանությունը կիրառվում է գրեթե բոլոր դաշնային գործադիր իշխանության ծառայողների նկատմամբ և ենթակա է կիրառման, երբ «անձնական գործողությունը» կատարվել է «քողարկված ծառայողի» կողմից «պաշտպանության ներքո բացահատման պատճառով»: Ընդհանուր առմամբ մատնիչների պաշտպանության հարց կարող է առաջանալ հետևյալ 4 իրավիճակներում.

1/ աշխատողը դիմում է գործակալության «Վաստակների Համակարգի Պաշտպանության Խորհրդին» ծառայողին խոչընդոտող գործողության դեմ, որը հայտնի է որպես դիմում «Գլուխ 77»-ին,

2/ «Հատուկ Խորհրդի Գործակալության» կողմից կատարված գործողություն,

3/ «Վաստակների Համակարգի Պաշտպանության Խորհրդի» առջև անհատապես պաշտպանվող իրավունքների գործողություն (հայտնի է որպես անհատի գործելու իրավունք),

 4/ աշխատողի կողմից ներկայացված բողոքներ՝ բանակցելի բողոքների գործընթացի ներքո:

Վերոհիշյալ կանոնները հնարավոր է կիրառել նաև վկաների նկատմամբ, սակայն փորձագետների համար նման «հատուկ» պաշտպանություն առկա չէ, քանի դեռ նրանց չեն սպառնացել: Անձը, ով ներկայանում է կոռուպցիոն պնդումներով, դասակարգվում է որպես փաստացի «տուժող»: Առկա են Գլխավոր դատախազի ղեկավար դրույթներ և իրավական ստատուտներ, որոնք կարգավորում են տուժողի պաշտպանությունը և իրավունքները:

Եթե քրեական պատասխանատվության ենթարկվող անձը համագործակցում է հնարավոր է, որ նա ենթարկվի առավել մեղմ պատասխանատվության: Պատասխանատվությունը որոշվում է համագործակցության աստիճանով և դատախազի կողմից նախագահող դատավորին արված առաջարկություններով: Համագործակցողը ստորագրում է համագործակցության համաձայնագիր դատախազի հետ, և այն կնքելուց հետո, դատախազը նամակ է հղում դատավորին մասնավորեցնելով համագործակցության աստիճանը: Ամեն դեպքում պատժի չափը որոշում է դատավորը: Համագործակցողներին զգուշացվում է, որ ՀԴԲ-ն չի կարող խոստանալ որևիցե բան այդ համագործակցության համար, նաև հնարավոր է, որ դատախազը տրամադրի համագործակցության անձեռնմխելիություն, բայց դա այդքան էլ տարածված պրակտիկա չէ:

Կոռուպցիոն իրավախախտման մասին տեղեկության տրամադրած անձի իրավական երաշխիքները սահմանվում են Վրաստանի “Հանրային ծառայությունում շահերի անհամատեղելիության և կոռուպցիայի մասին” օրենքի” V1 գլխով:

Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 9 գլուխը սահմանում է քրեական դատավարության մասնակցի պաշտպանության հատուկ միջոցների կիրառման կարգը:

Վրաստանի քրեական օրենսգրքի 339-3391 հոդվածները նախատեսում են քրեաիրավական պատասխանատվությունից ազատում այն մեղավորների համար, ովքեր ինքնակամ քրեաիրավական դատավարություն իրականացնող մարմնին կհայտնեն հանցագործության մասին: Պատասխանատվությունից ազատելու մասին որոշումը կայացնում է քրեաիրավական դատավարություն իրականացնող մարմինը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականության առանձնահատկությունները՝ մշակվել են «Ազդարարների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնք համալիր կարգավորման կենթարկեն ազդարարման հետ կապված իրավահարաբերությունները և կերաշխավորի ազդարարման իրավունքի արդյունավետ իրացումը: Մասնավորապես, առաջարկվող օրենքով կարգավորվում են ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաև ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առանձին հոդվածներով քրեական պատասխանատվություն նախատեսել հանցագործության վերաբերյալ հաղորդում տալու համար հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կյանքին,  առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքի համար, ինչպես նաև հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի` իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից ոչ իրավաչափ գաղտնազերծման համար: Եթե մարդու առողջության և գույքի պաշտպանությունն իրականացվում է վերը նշված ռազմավարությամբ, ապա կյանքի պաշտպանությունը հանդիսանում է այդ ռազմավարությամբ նախատեսված պայմանի տրամաբանական շարունակությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրավական երաշխիքներ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց պաշտպանության համար, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց համար կնախատեսվի տուժողների, վկաների և փորձագետների համար քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հատուկ պաշտպանության միջոցներից հավասարապես օգտվելու հնարավորություն, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպքում կոռուպցիոն հանցանքներին հանցակից անձանց համար քրեական պատասխանատվությունից ազատման հնարավորություն:

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ կերաշխավորվեն քրեադատավարական օրենսդրությամբ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց համար նախատեսված պաշտպանության միջոցների իրականացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում  լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ներքին ազդարարման ընթացակարգի շրջանակներում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի վրա դրված պարտականությունների չկատարման դեպքում նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ազդարարի ներկայացրած հաղորդումը հավասարեցնել վարչական մարմնին տրվող դիմումին՝ ելնելով նրանից, որ հաղորդումը կարող է ներկայացվել օրինակ՝ անանուն կամ առանց ստորագրությամբ:

 

Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության՝ կոռուպցիոն դեպքի մասին ազդարարած անձանց պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդնումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ներգրավման եղանակով: Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը:

Բացի այդ, քննարկվող ինստիտուտի ներդրմամբ կբարձրանա կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետությունը:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ազդարարների պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում  լրացում կատարելու մաuին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազդարարների պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում  լրացում կատարելու մաuին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Обсуждалось

    30.01.2017 - 14.02.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13318

Принт