«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի N 661-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 4-Ի N 661-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների (այսուհետ՝ տապանաքարերի) դիմաց հատուցման տրամադրման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Զինապահ - զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու հանդիսացող՝ 2023թ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, ինչպես նաև 2023թ. սեպտեմբերի 19-20-ին հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով մի շարք զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ իրենց միջոցներով և նախընտրած ձևով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պատրաստել ու տեղադրել են տապանաքարեր:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև գնման գործընթացի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով տվյալ տեսակի շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների համար նախատեսված գումարի չափով արդեն իսկ հատուցվել են վերը նշված ժամանակահատվածում և հանգամանքներում զոհված (մահացած) և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների մի շարք ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը:
Ներկա պահին քննարկվում է թվով 8 ընտանիքի հատուցման հարց, որի համար կպահանջվի շուրջ 10,0 մլն. դրամ գումար:
Առկա խնդրի լուծման նպատակով նախատեսվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված որոշ զինծառայողների ընտանիքների կողմից իրենց միջոցով և նախընտրած ձևով պատրաստված և տեղադրված տապանաքարերի դիմաց կատարված ծախսերի հատուցում, որի համար անհրաժեշտ է նաև համապատասխան լրացում կատարել ՀՀ կառավարության 04.05.2023թ. N661-Ն որոշման մեջ:
Հատուցումը նախատեսվում է տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ի կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով տվյալ տեսակի քարերի լրակազմի կամ որոշ բաղադրիչների համար նախատեսված գումարի չափով (1.400.000 դրամից ավելի քիչ, քանի որ գերեզմանների բարեկարգման աշխատանքները ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն իսկ իրականացրել է):
Թեև պանթեոնում նշված ընտանիքների կողմից տեղադրված են ինչպես ամբողջական լրակազմեր (նկարաքար, հենասյուն, պատվանդան, տապան, ծաղկաման, խնկաման), այնպես էլ տապանաքարեր` առանց բաղադրիչներից որևէ մեկի (մասնավորապես` առանց տապանի), առաջարկվում է հատուցումն իրականացնել պայմանագրով տվյալ տեսակի քարի համար նախատեսված լրակազմի համար նախատեսված չափով, հաշվի առնելով խնդրի բարոյական կողմն ու այն հանգամանքը, որ անթույլատրելի է փոխատուցման հարցում ընտանիքների միջև դնել տարբերություն` բացառությամբ քարի տեսակից կախված գումարային տարբերությունը: Միակ բացառությունը կկիրառվի այն դեպքում. երբ տապանաքարերի որոշ բաղադրիչներ տեղադրված լինեն ընտանիքներ կողմից, իսկ որոշը` «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի, որի պարագայում ընտանիքներին տրամադրվելիք հատուցման չափը կփոփոխվի «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի կողմից տեղադրված բաղադրիչի (ների) պայմանագրով սահմանված արժեքի չափով: Ամբողջական լրակազմ ընդունելու վերաբերյալ առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եթե անգամ ընտանիքներն իրենց ցանկացած ձևով չբարեկարգեին գերեզմանները, այն պետք է իրականացվեր պետության կողմից և ծախսվեր նույն գումարը, ինչ չափով էլ առաջարկվում է հատուցել: Կազմակերպությանը վճարելու կամ ընտանիքին հատուցելու միակ տարբերությունը ավելացված արժեքի հարկով պայմանավորված տարբերությունն է, սակայն ընտանիքներին հատուցվելիք գումարն այդ չափով նվազեցնելը նպատակահարմար չէ, քանի որ այն պատշաճ չի ընկալվի նրանց կողմից և կարող է առաջացնել լուրջ դժգոհություններ և բողոքներ:
Հատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականի ընթացքում տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհված (մահացած) և պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով անհրաժեշտ կլիներ ձեռք բերել նոր լրակազմեր` այդ նպատակով հայտարարելով մրցույթ, որի փոխարեն առաջարկվում է հատուցել զոհվածների ընտանիքների կողմից պատրաստված և տեղադրված տապանաքարերի արժեքը, իսկ այդ նպատակով նախատեսված և չօգտագործված ու պահեստավորման ենթակա տապանաքարերն արդեն իսկ կնքված Պայմանագրի շրջանակներում օգտագործել նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N916-Ն որոշման համաձայն` հատուցումն առաջարկվում է իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կնքված գնման պայմանագրով այդ նպատակով նախատեսված գումարների չափի և սույն գործընթացի շրջանակներում հատուցման ենթակա զոհված (մահացած) զինծառայողների տվյալների վերաբերյալ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունից ստացված տեղեկատվության հիմքով նախատեսվում է ապահովել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստումը և տեղադրումն իրենց միջոցներով իրականացված լինելու պայմաններում այդ ընտանիքներին հատուցում տրամադրելու գործընթացը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 9-րդ կետի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության կողմից զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությունը բարձրացնելու, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու հետ:
-
Տևողություն
06.03.2026 22.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 400
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: