Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1796 որոշմամբ:

 Ներկայումս Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածով սահմանված է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, որի 15-րդ և 16-րդ կետերում ընդգրկված են երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91) և երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0) ախտորոշումները: Վերոգրյալ կետերը ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1796 որոշմամբ ճանաչվել են Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

 2. Առաջարկվող կարգավորումների բնույթը       

 Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել փոփոխությունները՝ ուժը կորցրած ճանաչելով Որոշման N 1 հավելվածի 15-րդ և 16-րդ կետերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1796 որոշման կատարումը:

 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 943-Լ որոշման Հավելված N 2-ի 1-ին կետի 1-ին ենթակետից, այն է` ՀՀ օրենսդրության համապատասխանություն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային: Վերոնշյալ կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին։ Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի իրավունքը. սա ներառում է ապրուստի միջոցներ վաստակելու իրավունքը աշխատանքի միջոցով, որը նա ձեռք է բերում իր ազատ ընտրության ու համաձայնության պայմաններում, ինչպես նաև աշխատուժի շուկայում և հաշմանդամություն ունեցող անձի համար բաց, ընդգրկուն ու մատչելի աշխատանքային միջավայրում: Մասնակից պետությունները պաշտպանում են աշխատանքի իրավունքը և նպաստում դրա կիրառմանը, ի թիվս այն անձանց, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ընթացքում, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում նաև օրենսդրության միջոցով...»:

6. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Տևողություն

    26.02.2026 13.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 472

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

09.03.2026

Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1796 որոշմամբ արձանագրվել է, որ հաշմանդամության հիմքով հանրային ծառայության անցնելու իրավունքի նկատմամբ բացարձակ սահմանափակումների սահմանումը հակասում է Սահմանադրությանը։ 

Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Բարձր դատարանի որոշման հիմնավորումների տրամաբանությունը չի սահմանափակվում միայն նշված երկու ախտորոշումներով, այլ վերաբերում է այնպիսի կարգավորումների սահմանադրականությանը, որոնք հիվանդության կամ ախտորոշման հիմքով սահմանում են հանրային ծառայության անցնելու ավտոմատ արգելքներ՝ առանց անհատական գնահատման և խելամիտ հարմարեցումների հնարավորության դիտարկման։

Այդ պայմաններում միայն առանձին կետերի ուժը կորցրած ճանաչելը չի վերացնում խնդրի համակարգային բնույթը, քանի որ հիվանդությունների կամ վիճակների ցանկով սահմանված ավտոմատ սահմանափակումները իրենց էությամբ կարող են հանգեցնել հաշմանդամության հիմքով խտրականության։

Վերոգրյալից ելնելով՝ նպատակահարմար է վերանայել գործող կարգավորումը ամբողջությամբ և հրաժարվել հիվանդությունների կամ վիճակների ցանկի միջոցով դատավորի պաշտոնում նշանակվելու սահմանափակումներ նախատեսելու մոտեցումից։ Փոխարենը առաջարկվում է ներդնել անհատական գնահատման մեխանիզմ, որը հիմնված կլինի պաշտոնի գործառույթների իրականացման կարողության գնահատման վրա՝ հաշվի առնելով նաև խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունը։

Նման մոտեցումը կապահովի Սահմանադրության պահանջների լիարժեք իրականացումը, ինչպես նաև կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք աջակցել համապատասխան իրավական և քաղաքական լուծումների մշակմանը, որոնք կապահովեն հանրային ծառայության հասանելիության հավասար պայմաններ և կհամապատասխանեն մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին։ 

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: