«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սամվել Հակոբյան 12.02.2026 17:47:56 | Նախագծով առաջարկվում է դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատման հիմքում չդնել միայն տուժողին պատճառված իրական վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հանգամանքը: Այդ դեպքում, ըստ նախագծի, դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն, սակայն նախագծով նախատեսված չէ որևէ հետևանք այն դեպքերի համար, երբ դատապարտյալը չկատարի դատարանի կողմից դրված՝ տուժողին պատճառված վնասը հատուցելու պարտականությունը: Նշյալ դեպքում, արդյո՞ք պետք է վերստին քննրակվի դատապարտյալի ազատության մեջ գտնվելու հարցը, թե՝ոչ: Եթե հիշյալ պարտականության չկատարումը որևէ իրավական բացասական հետևանքի չի հանգեցնելու դատապարտյալի համար, ապա որն է երաշխիքն այն բանի, որ դատապարտյալը կատարելու է Դատարանի կողմից սահմանված պարտականությունը: Հատկանշական է նաև, որ նախագիծը ներկայացվում է դատապարտյալի վերասոցիալականացման համատեքստում, սակայն այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալը կխուսափի իր՝ քրեաիրավական գնահատականի արժանացած արարքի արդյունքում տուժողին հասցված վնասը հատուցելուց կամ այլ կերպ հարթելուց՝ ապա խոսք չի կարող գնալ դատապարտյալի վերասոցիալականացման մասին, չէ որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է տոuժողի վնասի հատուցման դեպքում (առավել մանրամասն՝ ՄԱԿ-ի Nelson Mandela Rules (բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի նվազագույն ստանդարտ կանոնների մեկնաբանություններում)): Գտնում եմ` քանի դեռ նախագիծը չի լրացվել՝ վերը նշված հետևանքները չեզոքացնելու մասով, նախագիծը թերի է: |
Չի ընդունվել։ ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձը խուսափում է դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց կամ վերահսկողությունից, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը:»: Հիշյալ կարգավորման ուժով՝ այն դեպքում, երբ անձը չի ձեռնարկի գործողություններ և չի հատուցի տուժողին պատճառված վնասը, այլ խոսքով՝ չի կատարի դատարանի սահմանած պարտականությունը կամ խուսափի այն կատարելուց, ապա դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը պետք է վերացվի: Հատկանշական է նաև, որ հիշյալ կարգավորումը իմպերատիվ բնույթի է և չի ենթադրում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ դատարանի հայեցողություն: |
|||
| 2 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | 1. Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելը Գործող ձևակերպում Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք): Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքը: Մինչև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին: Առաջարկվող լրացում Այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը չի կարող մեկնաբանվել կամ կիրառվել այնպես, որ հանգեցնի ընտանեկան, սեռական կամ գենդերային բռնության գործերով տուժողների պաշտպանության նվազեցմանը կամ գործող պաշտպանության միջոցների դադարեցմանը Հիմնավորում
Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
|||
| 3 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | 2. Հոդված 2, 4, 5 - Լրացում տուժողի պաշտպանության երաշխիքներով Գործող ձևակերպումներ Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության լրիվ վերացման հիմքով պատժից ազատելը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից ազատել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձանց, որոնց կատարած արարքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում:
Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
|||
| 4 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության մասնակի վերացման հիմքով կատարվող համապատասխանեցումը
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձնանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:
Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
|||
| 5 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով պատժի չափերի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած կամ պատիժ կրող, կամ այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի չափերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները: Առաջարկվող լրացում Եթե համապատասխանեցումն առնչվում է ընտանեկան, սեռական կամ գենդերային բռնության հանցագործություններին, դատարանը մինչև որոշում կայացնելը պարտավոր է ստանալ տուժողի դիրքորոշումը և գնահատել հնարավոր կրկնահանցագործության վտանգը։ Դատարանը կարող է պահպանել կամ սահմանել՝
Հիմնավորում Բռնության բնույթի հանցագործություններն ունեն բարձր կրկնության ռիսկ։ Պատժի մեղմացումը չպետք է հանգեցնի տուժողի պաշտպանության մակարդակի նվազեցման, հանցագործության կրկնության և անպատժելիության խորացմանը։
Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
|||
| 6 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | 3. Հոդված 3 և 7 - Գույքային միջոցների հստակեցումԳործող ձևակերպումներ
Հոդված 3․ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով գույքի բռնագրավում պատժատեսակից ազատելը
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գույքի բռնագրավում պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուժի մեջ չի մտել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պաժատեսակն ի կատար չի ածվել: Հոդված 7․ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով բռնագանձման համապատասխանեցումը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավմանը
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կիրառված բռնագանձումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավմանը, եթե բռնագանձում նախատեսող դատավճիռը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուժի մեջ չի մտել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, սակայն գույքը չի բռնագանձվել: Առաջարկվող լրացում Առաջարկվում է հստակեցնել, որ բռնագրավման կամ բռնագանձման վերացումը չի կարող ազդել տուժողի փոխհատուցման իրավունքների վրա։ Սույն հոդվածով նախատեսված գույքային միջոցների վերացումը չի կարող սահմանափակել կամ խոչընդոտել տուժողի՝ քաղաքացիական պահանջով վնասի հատուցման իրավունքը, ինչպես նաև չի կարող վերացնել այն գույքային սահմանափակումները, որոնք ուղղված են տուժողի անվտանգության ապահովմանը։ Հիմնավորում Սույն նախագծով առաջարկվող լրացումները Հոդված 3 («Գույքի բռնագրավում պատժատեսակից ազատելը») և Հոդված 7 («Բռնագանձման համապատասխանեցումը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավմանը») նպատակ ունեն ապահովել տուժողի իրավունքների պաշտպանություն, հանրային անվտանգությունը և օրենքի հետևողական կիրառումն անցումային փուլում։
Այս մոտեցումը ապահովում է միաժամանակ քրեական պատասխանատվության պահպանություն, տուժողի իրավունքների պաշտպանության շարունակականություն և հանրային անվտանգության ապահովում, անկախ քրեական օրենսգրքի անցումային փուլում տեղի ունեցող իրավական փոփոխություններից։
Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
|||
| 7 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | Հոդված 6 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով կալանք և կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակների համապատասխանեցումը
Գործող ձևակերպում
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կալանք պատժատեսակի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակին: Առաջարկվող լրացում Առաջարկվում է ավելացնել հատուկ դրույթ, որ կարճաժամկետ ազատազրկման համապատասխանեցման դեպքում ընտանեկան և սեռական բռնության գործերով դատապարտված անձանց նկատմամբ պարտադիր կիրառվի պրոբացիոն վերահսկողություն։ Լրացում Ընտանեկան, սեռական և գենդերային բռնության հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ պատժի համապատասխանեցումը չի կարող իրականացվել առանց հետպատժային վերահսկողության և վարքագծային ուղղիչ ծրագրերի պարտադիր կիրառման։ Հիմնավորում Առաջարկվող լրացումը նպատակ ունի ապահովել, որ ընտանեկան, սեռական և գենդերային բռնության գործերով դատապարտված անձանց նկատմամբ պատժի մեղմացում կամ կարճաժամկետ ազատազրկման համապատասխանեցումը կատարվի հետպատժային վերահսկողության և վարքագծային ուղղիչ միջոցների պարտադիր կիրառմամբ։ Այս մոտեցումը համաչափ է հանրային անվտանգության պահանջին և կանխարգելում է բռնության կրկնությունը՝ երաշխավորելով, որ մեղմացումը կամ պատժի վերափոխումը չի նպաստի ռեցիդիվին կամ տուժողների նկատմամբ վտանգի բարձրացմանը։ Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
|||
| 8 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | Հոդված 8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով դատվածության կանոնների կիրառումը
Առաջարկվող լրացում Սույն հոդվածով նախատեսված դատվածության ավտոմատ վերացումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ ընտանեկան կամ սեռական բռնության համար դատապարտված անձի կատարած արարքը նոր քրեական օրենսգրքով շարունակում է համարվել հանցագործություն։ Հիմնավորում Ընտանեկան և սեռական բռնության հանցագործությունները ունեն բարձր հանրային վտանգավորություն և կրկնության ռիսկ։ Դատվածության ավտոմատ վերացումը նման դեպքերում կարող է վտանգել հանրային անվտանգությունը և տուժողների իրավունքների պաշտպանությունը։ Դատական վերահսկողության սահմանումը ապահովում է համաչափության և անհատականացման սկզբունքների պահպանումը։
Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
|||
| 9 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | Հոդված 9. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով քրեական գործերի հարուցումը մերժելը, հարուցված քրեական գործերը կարճելը, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը
Առաջարկվող լրացում Լրացնել հոդվածը նոր մասով հետևյալ բովանդակությամբ․ Չեն կարող կարճվել կամ քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել բացառապես այն հիմքով, որ նոր քրեական օրենսգրքով հանցակազմը վերաձևակերպվել է կամ փոփոխվել է իրավական որակումը, եթե արարքը շարունակում է համարվել հանցագործություն։
Հիմնավորում Օրենսդրական փոփոխությունը չի կարող ծառայել պատասխանատվությունից խուսափելու հիմք այն դեպքերում, երբ արարքը շարունակում է մնալ քրեականացված։ Միաժամանակ պահպանվում է օրինականության սկզբունքը՝ ապացույցների անբավարարության կամ քրեական պատասխանատվության այլ օրինական հիմքերի առկայության դեպքում գործի կարճման հնարավորությամբ։ Ընտանեկան բռնության, հետապնդման, ինչպես նաև հոգեբանական կամ տնտեսական բռնության դեպքերի վերաբերյալ քրեական գործերի նկատմամբ անցումային դրույթների կիրառումը ենթակա է պարտադիր դատական վերահսկողության։ Ընտանեկան և գենդերային բնույթի բռնությունը հաճախ ունի շարունակական բնույթ և բարձր կրկնության ռիսկ։ Անցումային դրույթների ավտոմատ կիրառումը նման գործերով կարող է խաթարել արդարադատության արդյունավետությունը և նվազեցնել տուժողների պաշտպանությունը։ Պարտադիր դատական վերահսկողությունը ապահովում է թափանցիկություն, կանխում հնարավոր չարաշահումները և ուժեղացնում տուժողների վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։
Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
|||
| 10 | Hasmik Karapetyan 25.02.2026 12:09:49 | Հոդված 10. Սույն օրենքի կատարման նկատմամբ կիրառվող ընթացակարգային դրույթները
Առաջարկվող լրացում Հոդված 10-ը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․ Ընտանեկան, սեռական և գենդերային բռնության բնույթի հանցագործությունների վերաբերյալ սույն օրենքով նախատեսված պատժից ազատման, պատժի մեղմացման, դատվածության վերացման, քրեական գործի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման, ինչպես նաև իրավական վիճակի այլ բարելավման հարցերը ենթակա են լուծման բացառապես դատարանի կողմից։ Դատարանը պարտավոր է ապահովել տուժողի պատշաճ ծանուցումը, նրա դիրքորոշման ներկայացման հնարավորությունը և գնահատել կրկնահանցագործության և տուժողի անվտանգության ռիսկերը՝ հիմնվելով գործի փաստական հանգամանքների և, անհրաժեշտության դեպքում, մասնագիտական եզրակացության վրա։ Անցումային դրույթների կիրառումը չի կարող հանգեցնել տուժողի իրավական վիճակի վատթարացման կամ նրա նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների դադարեցման, եթե ռիսկի գնահատմամբ հիմնավորվում է բռնության կրկնության հավանականությունը։ Անհրաժեշտության դեպքում դատարանը սահմանում կամ պահպանում է պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ շփման արգելք, բնակության վայրին կամ աշխատանքի վայրին մոտենալու արգելք, պրոբացիոն վերահսկողություն կամ պարտադիր վերականգնողական ծրագրերի մասնակցություն Հիմնավորում Քրեական գործի ավարտը ինքնին չի վերացնում տուժողի նկատմամբ առկա վտանգը։ Պետությունը կրում է դրական պարտավորություն՝ կանխելու բռնության կրկնությունը և ապահովելու տուժողի անվտանգությունը։ Այս մոտեցումը համահունչ է միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ի կանխարգելիչ և պաշտպանական սկզբունքներին, որոնց համաձայն զոհերի պաշտպանությունը չի կարող կախված լինել բացառապես քրեական հետապնդման ընթացքից։ Ավտոմատ իրավական բարելավումների բացառումը առանց ռիսկի գնահատման անհրաժեշտ է հանրային անվտանգության ապահովման և համաչափության սկզբունքի պահպանման համար։ Ընդհանուր եզրակացություն Առանց վերոնշյալ հստակեցումների՝ անցումային դրույթները կարող են ստեղծել իրավական բացեր, որոնք.
Կանանց իրավունքների տուն ՀԿ |
Դիտել կցված փաստաթուղթը |
Չի ընդունվել։ Առաջարկությունը դուրս է քննարկվող նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |
||
| 11 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.02.2026 16:04:20 | Նախագծով առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ «տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը», ինչպես նաև լրացնել 2.1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատման հիմքում չի կարող դրվել միայն տուժողին պատճառված իրական վնասը չհատուցելու կամ այլ կերպ չհարթելու հանգամանքը։ Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն»։ Կազմակերպությունը, իր կողմից վարված պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարույթներով, բազմիցս բախվել է այն իրավիճակին, երբ փաստացի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդության մերժման հիմք է հանդիսացել տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականությունը չկատարելու կամ մասամբ կատարելու հանգամանքը։ Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն ունի իր տրամաբանական հիմնավորումը, համաձայն որի՝ ազատման հիմք է հանդիսանում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձի դրսևորած պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր գնահատումը։ Վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը, կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցությունը (եթե առկա է եղել նման հնարավորություն), աշխատելը (եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, և չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով), ինչպես նաև դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ։ Արդյունքում, Նախագծով վարքագծի գնահատման չափանիշների շարքին ավելացվում է նաև տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը, որը չի կարող դիտարկվել որպես անձի վերասոցիալականացմանը նպաստող միջոց։ Պատժի կրման նպատակը ազատազրկված անձին իր վարքով այնպիսի շեմի հասցնելն է, որով նա կհամարվի վերասոցիալականացված և միաժամանակ հնարավոր կլինի փաստել, որ նրա կողմից կրկնահանցագործության կամ այլ հակաիրավական գործողությունների կատարման հավանականությունը նվազագույն է։ Տուժողին պատճառված վնասի հատուցումը քաղաքացիաիրավական պահանջ է, որն ուղղված է մեղադրյալին, մինչդեռ պատժի նշանակումը քրեաիրավական մեխանիզմ է, որը միտված է հանցանքի համար պատասխանատվության իրականացմանը և անձի վերասոցիալականացմանը։ Այսպիսով, խոսքը վերաբերում է երկու տարբեր իրավական մեխանիզմների, որոնք ենթակա են առանձին կարգավորման և կատարման։ Ավելին, եթե պատժի կատարումն ու վերահսկումն իրականացվում են ՀՀ քրեակատարողական ծառայության կողմից, ապա վնասի հատուցումը ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից։ Վերոնշյալից հետևում է, որ ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում անձի նկատմամբ շարունակում է գործել տուժողին պատճառված վնասը հատուցելու պարտականությունը, որը գործող օրենսդրությամբ ենթակա չէ անվավեր ճանաչման կամ վերացման։ Արդյունքում արձանագրում ենք, որ անձը պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, ավելին փորձաշրջանում գտնվելու ընթացքում կարող է աշխատել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված վնասը քան այն կհատուցվեր կամ կհարթվեր անազտության պայմաններում։ Առաջարկում ենք, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման որպես դատապարտյալի պատշաճ վարքագիծ չգնահատել տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը, այլ հաշվի առնել վերսոցիալականացումը։ |
Չի ընդունվել: Նախագծով նախատեսված կարգավորումը միտված է բացառելու միայն տուժողին պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելուն: |
|||
| 12 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 26.02.2026 19:31:21 | Կարծում ենք «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվող՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 133-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերի փոփոխությունները հիմնավորված չեն և խախտում են դատապարտյալների վերասոցիալականացման ու ուղղման դեպքում վաղաժամկետ ազատ արձակման իրավունքը, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքը։ Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ որոշումը կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու պարագայում, նույն հարցը կրկին քննարկելու համար սահմանված նվազագույն ժամկետները (համապատասխանաբար երեք և վեց ամիս) կասեցվում են, և շարունակում են հոսել բողոքարկման արդյունքներով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո: Թեև որոշակիորեն հասկանալի է հեղինակի կողմից նշված օրենսդրական փոփոխությունը նախաձեռնելու շարժառիթը (նախագծի հիմնավորման մեջ կոնկրետ այս փոփոխության հիմքերին հստակ անդրադարձ չկա, ուստի ենթադրելի է, որ շարժառիթը ՔԿՀ-ին և Պրոբացիայի ծառայությանը նոր զեկույցներ կազմելու համատեքստում լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելն է դատապարտյալի համար բողոքարկման գործընթացի հնարավոր դրական ելքի պարագայում), այնուամենայնիվ այն չի կարող իրագործվել դատապարտյալի՝ իր վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի պարբերական քննարկման և գնահատման հնարավորության սահմանափակման հաշվին։ Առաջարկվող կարգավորման պարագայում դատապարտյալների՝ իրենց վաղաժամկետ ազատ արձակման հարցի պարբերական քննարկման, վերանայման համար սահմանված ժամկետները կարող են փաստացի անգամներ երկարել՝ հաշվի առնելով թե համապատասխան դատական ակտերը բոլոր 3 ատյաններում բողոքարկելու իրավունքի առկայությունը, թե դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում գործնականում դատական վարույթների ժամկետների երկարացումները։ Արդյունքում դատապարտյալները զրկվելու են իրենց վարքագծի, ուղղման հանգամանքների՝ օրենքով սահմանված պարբերականությամբ և կոնկրետ պահի դրությամբ դատարանի կողմից գնահատման իրավունքից, այնինչ ակնհայտ է, որ վերանայման համար սահմանված այս ժամկետները ինքնանպատակ չեն, այլ ողջամտորեն նպատակ ունեն հնարավորություն ստեղծել ֆիքսելու անձի վարքի հնարավոր փոփոխությունները, որոնք իվերջո կարող են հանգեցնել անձի ազատ արձակման։ Այս համատեքստում հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ սկզբնական որոշման կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին դատարանի սկզբանական որոշման դեմ ներկայացված բողոքը քննող դատական ատյանը նույնպես չի կարող անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել դատապարտյալի վարքը բողոքը քննելու պահի դրությամբ, քանի որ սահմանափակված է բողոքի հիմքերով, որոնք կարող են վերաբերել բացառապես բողոքարկվող որոշումների կայացման պահին առկա իրադրությանը։ Ակնհայտ է, որ նախագծով նախատեսվող՝ խնդրո առարկա փոփոխությունները վտանգելու են դատապարտյալների՝ արդար դատաքննության սահմանադրական իրավունքի բաղադրիչ դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ նրանց կանգնեցնելու են ակնհայտ ոչ իրավաչափ երկընտրանքի առաջ՝ բողոքարկել իրենց համար անբարենպաստ ՔԿՀ կամ դատարանի որոշումները կամ հրաժարվել բողոքարկման իրավունքից՝ հօգուտ հարցը ավելի վաղ կրկնակի քննարկման առարկա դարձնելու հնարավորության։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծից հանել Օրենսգրքի 133-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերի փոփոխություններին առնչվող դրույթները։ |
Ընդունվել է: Նախագծերի փաթեթից հանվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերում առաջարկվող լրացումները: |