26.02.2026
Կարծում ենք «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվող՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 133-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերի փոփոխությունները հիմնավորված չեն և խախտում են դատապարտյալների վերասոցիալականացման ու ուղղման դեպքում վաղաժամկետ ազատ արձակման իրավունքը, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքը։
Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ որոշումը կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու պարագայում, նույն հարցը կրկին քննարկելու համար սահմանված նվազագույն ժամկետները (համապատասխանաբար երեք և վեց ամիս) կասեցվում են, և շարունակում են հոսել բողոքարկման արդյունքներով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:
Թեև որոշակիորեն հասկանալի է հեղինակի կողմից նշված օրենսդրական փոփոխությունը նախաձեռնելու շարժառիթը (նախագծի հիմնավորման մեջ կոնկրետ այս փոփոխության հիմքերին հստակ անդրադարձ չկա, ուստի ենթադրելի է, որ շարժառիթը ՔԿՀ-ին և Պրոբացիայի ծառայությանը նոր զեկույցներ կազմելու համատեքստում լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելն է դատապարտյալի համար բողոքարկման գործընթացի հնարավոր դրական ելքի պարագայում), այնուամենայնիվ այն չի կարող իրագործվել դատապարտյալի՝ իր վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի պարբերական քննարկման և գնահատման հնարավորության սահմանափակման հաշվին։
Առաջարկվող կարգավորման պարագայում դատապարտյալների՝ իրենց վաղաժամկետ ազատ արձակման հարցի պարբերական քննարկման, վերանայման համար սահմանված ժամկետները կարող են փաստացի անգամներ երկարել՝ հաշվի առնելով թե համապատասխան դատական ակտերը բոլոր 3 ատյաններում բողոքարկելու իրավունքի առկայությունը, թե դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում գործնականում դատական վարույթների ժամկետների երկարացումները։ Արդյունքում դատապարտյալները զրկվելու են իրենց վարքագծի, ուղղման հանգամանքների՝ օրենքով սահմանված պարբերականությամբ և կոնկրետ պահի դրությամբ դատարանի կողմից գնահատման իրավունքից, այնինչ ակնհայտ է, որ վերանայման համար սահմանված այս ժամկետները ինքնանպատակ չեն, այլ ողջամտորեն նպատակ ունեն հնարավորություն ստեղծել ֆիքսելու անձի վարքի հնարավոր փոփոխությունները, որոնք իվերջո կարող են հանգեցնել անձի ազատ արձակման։
Այս համատեքստում հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ սկզբնական որոշման կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին դատարանի սկզբանական որոշման դեմ ներկայացված բողոքը քննող դատական ատյանը նույնպես չի կարող անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել դատապարտյալի վարքը բողոքը քննելու պահի դրությամբ, քանի որ սահմանափակված է բողոքի հիմքերով, որոնք կարող են վերաբերել բացառապես բողոքարկվող որոշումների կայացման պահին առկա իրադրությանը։
Ակնհայտ է, որ նախագծով նախատեսվող՝ խնդրո առարկա փոփոխությունները վտանգելու են դատապարտյալների՝ արդար դատաքննության սահմանադրական իրավունքի բաղադրիչ դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ նրանց կանգնեցնելու են ակնհայտ ոչ իրավաչափ երկընտրանքի առաջ՝ բողոքարկել իրենց համար անբարենպաստ ՔԿՀ կամ դատարանի որոշումները կամ հրաժարվել բողոքարկման իրավունքից՝ հօգուտ հարցը ավելի վաղ կրկնակի քննարկման առարկա դարձնելու հնարավորության։
Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծից հանել Օրենսգրքի 133-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերի փոփոխություններին առնչվող դրույթները։