«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշում
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել 2025 թվականի դեկտեմբերի 22-ի Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/379-2025 արձանագրության 2․1-ին կետի հանձնարարականը։
Կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումները ծրագիրը հաստատելու մասին» N 611-Լ որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսվում է մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացում, այդ թվում՝ հանրապետության համար 14 անշարժ դիտակայանների ձեռքբերում,որից 6-ը նախատեսված է Երևան քաղաքի համար։
Մթնոլորտային օդի մոնիթորինգի արդիականացման՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով՝ 2025 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 մլն դրամ մթնոլորտային օդի որակի գնահատման երկու դիտակայանի ձեռքբերման համար։
Ձեռքբերված երկու դիտակայանները տեղադրվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար 6/1 հասցեում և Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթի զբոսայգում: Ընթանում են սարքավորումների փորձարկման և ստուգաճշտման աշխատանքները։ Շահագործումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարից։
Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռնի ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչների պարունակությունը (ներառյալ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը) և տեղեկատվությունը ստանալ իրական ժամանակին:
Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի դիտացանցի զարգացման նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 29-ին Շրջակա միջավայրի նախարարությունը և Ճապոնիայի կառավարությունը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից ավտոմատ սարքավորումներ (ճապոնական Horiba ընկերության արտադրության) մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի երեք դիտակայանի համար՝ հիմնական աղտոտիչների (ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի, գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5)) չափման նպատակով։ Նոր դիտակայանները տեղադրվելու են Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ ապահովելով օդի աղտոտվածության վերաբերյալ ավելի համապարփակ տվյալների հավաքագրում և դրանց հասանելիություն հանրությանը իրական ժամանակում։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ միջոցառումներով Երևան քաղաքում կապահովվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համար անհրաժեշտ նվազագույն ծածկույթ՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» N 1142-Ն և Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման մասին» N 1145-Ն որոշումների (այսուհետ՝ որոշումներ) ուժի մեջ մտնելու ժամկետները վերանայել և ագլոմերացիայի (ք․ Երևան) համար ավելի շուտ ուժի մեջ մտնելու ժամկետներ սահմանել։ Միևնույն ժամանակ Կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման հավելվածով սահմանված աղյուսակի «Ազոտի երկօքսիդ», «Ածխածնի օքսիդ», «Անհիդրիդ ծծմբային», «Կախված մասնիկներ PM2.5», «Կախված մասնիկներ PM10 » աղտոտող (վնասակար) նյութերի 4-րդ սյունակի «միջին օրական» ցուցանիշները՝ «0.04», «3», «0.05», «0.035», «0.06» թվերը փոխարինել «-» կետադրական նշանով, քանի որ դրանք արդեն իսկ սահմանված են 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ՝ համապատասխանեցնելով ԵՄ 2024/2881 դիրեկտիվին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցանիշներին։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել որոշումներում և մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներն ու միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդաբանություններն ագլոմերացիայի (ք․ Երևան) համար կիրառելի դարձնել 2026 թվականի ապրիլի 1-ից։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում՝
Երևան քաղաքի (ագլոմերացիա) համար 2026 թվականի ապրիլի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներն ու մեթոդաբանությունները։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 13.4 և 13.5 կետերի կատարման, այն է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման անհրաժեշտությունից և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայր» բաժնի շրջակա միջավայրի կառավարման 11-րդ և 15-րդ առաջնահերթ ուղղություններին
· մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,
· 1142-Նհիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգի արդիականացումը՝ դիտարկումների նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։
-
Տևողություն
21.01.2026 05.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 118
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: