ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 160-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերի համաձայն Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետները համակարգում են պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-278-Ն հրամանագրով, որը, սակայն, Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 9-ի ՆՀ-226-Ն հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել
Վերոնշյալի կապակցությամբ առաջացել է «Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտություն:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվել են՝
- տարածքային քաղաքականության իրագործման սկզբունքները,
- մարզպետի նշանակման և ազատման կարգը,
- տարածքային քաղաքականության իրագործման բնագավառները,
- պետական կառավարման համակարգման մարմինների տարածքային ծառայությունների համակարգման կարգը,
- տարածքային քաղաքականության իրականացման ոլորտում մարզպետի լիազորությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:
Նախագծերի մշակմանն օժանդակել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մազերում Կառավարության տարածքային քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ընդունման արդյունքում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: