ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
|
Օրենքի կարգավորման առարկան
|
1.Սույն օրենքը սահմանում է տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, նրանց լիազորությունները և կարգավորում է տարածքային կառավարման մարմինների փոխհարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների և վերջիններիս տարածքային ստորաբաժանումների հետ։
Հոդված 2
|
Տարածքային կառավարման սկզբունքները
|
1.Տարածքային կառավարման սկզբունքներն են՝
1) պետական և համայնքային շահերի ներդաշնակեցումը.
2) մարզպետների և պետական կառավարման համակարգի մարմինների ու վերջիններիս տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցությունը և գործողությունների փոխհամաձայնեցվածությունը.
3) տարածքային համաչափ և կայուն զարգացումը։
ԳԼՈՒԽ 2
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 3.
|
Տարածքային կառավարման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը
|
1.Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝
1) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու և դրա իրականացման ծրագրերը.
2) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.
3) քննարկում և համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.
4) պետական կառավարման համակարգի մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.
5) անմիջականորեն կամ մարզպետների միջոցով իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև գրավոր համաձայնեցում է տալիս մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.
6) Երևան համայնքում իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով մարզպետներին վերապահված լիազորություններ.
7) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.
8) ապահովում է մարզպետների գործունեության գնահատման աշխատանքների իրականացումը և գնահատման արդյունքների ներկայացումը վարչապետին.
9) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
2.Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ռազմավարությունը հաստատում է Կառավարությունը։
Հոդված 4.
|
Տարածքային կառավարման մարմինը
|
1. Տարածքային կառավարման մարմինը՝ մարզպետարանն է, որը գործում է լիազորված մարմնի ենթակայությամբ։
2.Մարզպետարանը ղեկավարում է մարզպետը։
3.Տարածքային քաղաքականությունը համպատասխան բնագավառներում մարզպետն իրականացնում է մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով։
1.Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:
2.մարզպետը`
1) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը.
2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր․
3) լիազորված մարմնին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ․
4) համագործակցում է պետական կառավարման համակարգի մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերը.
5) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմնին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջովներով:
8) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ։
- Մարզպետը ընդունում է որոշումներ:
- Մարզպետն իրականացնում է իրավական և մասնագիտական հսկողություն լիազորված մարմնի հանձնարարությամբ.
- Համայնքային ծառայության բնագավառում պետական լիազորված մարմնի փոխանցմամբ մարզպետը իրականացնում է օրենքով նախատեսված լիազորություններ։
- Մարզպետի կողմից կատարված աշխատանքները ենթակա են գնահատման:
- Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը:
- Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամի համար սահմանված գործունեության երաշխիքները:
Հոդված 6
|
Մարզպետի նշանակման և ազատման կարգը
|
- Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ։
- Մարզպետի նշանակման վարչապետի առաջարկությանը կցվում են՝
1) մարզպետի թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համաձայնության մասին.
2) տեղեկանք՝ մարզպետի թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տված տեղեկանքը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) մարզպետի թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) մարզպետի թեկնածուի համառոտ կենսագրությունը:
- Սույն հոդվածի իմաստով` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է համարվում ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը:
- Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկանքները տրամադրվում են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
- Մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե
1) հրաժարական է ներկայացրել.
2) դադարեցվել է նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) խախտվել է պաշտոնի անհամատեղելիության պահանջները.
4) նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդություն.
5) Կառավարությունն ընդունել է վարչապետի՝ մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:
- Համարվում է, որ մարզպետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
1) մարզպետը մահացել է.
2) մարզպետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) մարզպետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
- Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները և անհամատեղելիության պահանջները:
Հոդված 7.
|
Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները
|
1.Մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետևյալ հիմնական բնագավառներում`
1) ֆինանսներ,
2) քաղաքաշինություն,
3) տրանսպորտ և ճանապարհաշինություն,
4) գյուղատնտեսություն և հողօգտագործում,
5) կրթություն,
6) առողջապահություն,
7) սոցիալական պաշտպանություն,
8) մշակույթ և սպորտ,
9) բնապահպանություն,
10) պաշտպանության կազմակերպում,
11) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության:
Հոդված 8. Մարզպետի լիազորությունները ֆինանսների բնագավառում
1.Մարզպետը ֆինանսների բնագավառում ՝
1) սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
2) տնօրինում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.
3) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը.
4) աջակցում և մեթոդական օգնություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:
Հոդված 9. Մարզպետի լիազորությունները քաղաքաշինության բնագավառում
- Մարզպետը քաղաքաշինության բնագավառում `
1) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
2) հանդես է գալիս մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.
3) մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.
4) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.
5) մարզի տարածքում վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում.
6) վարում է մարզի պետական քաղաքաշինական կադաստրը և կատարում է մարզի քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը․
Հոդված 10. Մարզպետի լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում
- Մարզպետը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում`
1) կառավարության սահմանած կարգով համաձայնություն է տալիս միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերին.
2) աջակցում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
3) ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը
Հոդված 11. Մարզպետի լիազորությունները գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում
- Մարզպետը գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում `
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.
2) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.
3) աջակցություն է ցուցաբերում մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին, մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը.
4) աջակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին:
Հոդված 12. Մարզպետի լիազորությունները կրթության բնագավառում
- Մարզպետը կրթության բնագավառում`
1) ապահովում է պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը,
2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը,
3) կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
Հոդված 13. Մարզպետի լիազորությունները առողջապահության բնագավառում
- Մարզպետը առողջապահության բնագավառում`
1) իրագործում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, ինչպես նաև ապահովում է արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
2) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը.
3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) որոշում է մարզի տարածքում զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու և դրանք չեղյալ հայտարարելու հարցերը.
5) աջակցում է մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը:
Հոդված 14. Մարզպետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում
- Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`
1) իրագործում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերը.
2) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.
3) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը։
Հոդված 15. Մարզպետի լիազորությունները մշակույթի և սպորտի բնագավառներում
1.Մարզպետը մշակույթի և սպորտի բնագավառներում`
1) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
3) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումն ու շահագործումը։
Հոդված16. Մարզպետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում
- Մարզպետը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`
1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.
2) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների, անտառների և անտառտնկարկների, ջրհավաք ավազանում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների, կենսառեսուրսների պահպանությանը և օգտագործմանը, բուսաբանական այգիների և դենդրոպարկերի պահպանությանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, բույսերի հավաքի, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
3) աջակցում է բույսերի և կենդանիների տեսակային կազմի և տարածվածության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը, հաշվառմանն իրականացմանն ու կադաստրի վարմանը.
4) մասնակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը։
Հոդված 17. Մարզպետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում
- Մարզպետը պաշտպանության կազմակերպման բնագավառում ՝
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը.
2) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում իրեն վերապահված լիազորություններ.
3) մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման գործընթացին.
4) իրականացնում է մարզպետարաններում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.
5) համապատասխան իրավիճակներում ապահովում է անհրաժեշտ աշխատանքային ռեժիմի փոխադրման աշխատանքների կատարումը.
6) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ուղղված աշխատանքներին։
Հոդված 18. Մարզպետի լիազորությունները քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում
- Մարզպետը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում՝
1) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները,
2) մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը,
3) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին,
4) հանձնարարականներ է տալիս մարզում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառների պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին․
5) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման պլանները։
Հոդված 19.
|
Պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը
|
1.Մարզպետները համակարգում են պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2.Մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով մարզպետն իրավասու է Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տալ `
1) տարերային և տեխնածին աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
2) ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ.
3) ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման վերաբերյալ.
4) համայնքներում զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ:
- Մարզպետը իր իրավասության սահմաններում համապատասխան հանձնարարականներ է տալիս արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին:
- 4. Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ, ինչպես նաև առևտրի ու սպասարկումների հարցերով մարզպետը պետական կառավարման համակարգի մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումների ղեկավարների և նշված բնագավառներում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ անց է կացնում խորհրդակցություն և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
- Մարզպետը իրավասու է համապատասխան բնագավառների պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պարտադիր կատարման համար հանձնարարականներ տալ`
1) մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
2) տարերային և տեխնածին աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:
- Մարզի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման բնագավառներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում մարզպետն օժանդակում է պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև նշված բնագավառներում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպությունների գործունեությանը, ապահովում դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ:
- Պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարը համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի նշանակման և ազատման մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է մարզպետին:
- Մարզպետը կարող է համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել` վերջինիս տարածքային ստորաբաժանման գործունեության, ինչպես նաև ղեկավարի զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ նրա նշանակվելուց վեց ամիս հետո:
- Պետական կառավարան համակարգի մարմինը պարտադիր քննության է առնում մարզպետի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում մարզպետին տեղեկացնում արդյունքների մասին:
Հոդված 20. Մարզի խորհուրդ
- Մարզպետին կից գործում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 21.
|
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
|
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո եռամսյա ժամկետում Կառավարությունը սահմանում է մարզի խորհուրդի կազմավորման և գործունեության կարգը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19-28 կետերով՝
«19) Արագածոտնի մարզպետարան.
20) Արարատի մարզպետարան.
21) Արմավիրի մարզպետարան.
22) Գեղարքունիքի մարզպետարան.
23) Լոռու մարզպետարան.
24) Կոտայքի մարզպետարան.
25) Շիրակի մարզպետարան.
26) Սյունիքի մարզպետարան.
27) Վայոց ձորի մարզպետարան.
28) Տավուշի մարզպետարան։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում՝
- 2-րդ մասի 2-րդ կետից հանել «և մարզպետարանների» բառերը.
- 3-րդ մասում՝
1) «Նախարարության» բառը փոխարինել «Նախարարության և մարզպետարանի» բառերով.
2) «նախարարը» բառը փոխարինել «համապատասխան նախարարը» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: