ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ
ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
11. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը
«Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) արտադրության և ներքին առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը և խթանելու տեղում սև ու գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրությունը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը, ինչպես նաև սահմանափակել է սև մետաղից պատրաստված պարզ և ցածր ավելացված արժեք ունեցող որոշ ապրանքների արտահանումը։
Դրա հետ մեկտեղ, 2025 թվականին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվեց լրացում (հոդված 19.6, մաս 15), համաձայն որի՝ «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 և 7215 ապրանքային խմբերին դասվող պաղպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար սահմանվեց պետական տուրք բազային տուրքի 29-ապատիկի չափով։
Թվարկված քայլերի արդյունքում ապահովվեց հավասար մրցակցային պայմաններ տեղական արտաղրողների և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև, ավելի գրավիչ դարձավ Հայաստանի մետալուրգիական և մետաղամշակման ոլորտը՝ ապահովված լինելով երկրորդային հումքային ռեսուրսներով, կատարվեցին մեծաքանակ ներդրումներ և ստեղծվեցին նոր արտադրություններ կամ ընդլայնվեցին գործողները, պարզ արտադրանքից անցում կատարելով դեպի բարդ, առավել բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրությունը, ինչը համահունչ է հանրապետությունում մետալուրգիական ոլորտի ռազմավարական զարգացման տեսլականին։ Մասնավորապես, օգտագործելով տեղական մետաղյա ջարդոնից և թափոնից արտադրված մետաղյա նախապատրաստվածքները՝ կազմակերպվեց տեղական շինարարական ամրանների արտադրություն (որը նախկինում միայն ներմուծվում էր)։ Ներկայումս շինարարական ամրանները ներմուծման հետ զուգահեռ, արտադրվում են նաև տեղական ձեռնարկությունները։ Տեղի ունեցավ ներմուծման մասնակի փոխարինում և որոշակի նվազեց ամրանների մասով տնտեսության կախվածությունը ներմուծումից։
Սակայն, ներքին շուկայում ներմուծվող նախապատրաստվածքների գների անկման հետևանքով (ինչն, ըստ մեզ, բացատրվում է արտաքին առևտրի հետ կապված մի շարք գործոններով) նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ամրանների համար որպես հումք հանդիսացող՝ մետաղյա նախապատրաստվածքների ներմուծման համար:
Արդյունքում, ներքին շուկայում առաջանում են հնարավոր վտանգներ, մասնավորապես՝ անհավասար մրցակցային պայմաններ տեղում արտադրվող և ներմուծվող նախապատրաստվածքների համար, քանի որ տեղական նախապատրաստվածքների սպառողները (հիմնականում, Հայաստանի մետաղագործական ձեռնարկություններն են, որոնց համար այն հանդիսանում է որպես հումք առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ արտադրելու համար), նախընտրում են ձեռք բերել ներմուծվող առավել էժան նախապատրաստվածքներ։ Այդ իսկ պատճառով, տեղական նախապատրաստվածքներ արտադրողները ստիպված են նվազեցնել սեփական արտադրության ապրանքի վաճառքի գինը, անգամ չհետապնդելով որևէ շահույթ։
Նշված վտանգները խիստ բացասական ազդեցություն ունի մեծաքանակ ներդրումներ կատարած (նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող) տեղական արտադրողների ֆինանսատնտեսական գործունեության վրա և արտադրանքի սպառման բացակայության պայմաններում՝ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև այդ ձեռնարկության գործունեության դադարին և այն արտադրական շղթայի ընդհատմանը, որի ձևավորմանը նպաստել են Կառավարությունը իրականացրած և իրականացվող համապատասխան միջացառումները։
Այս հանգամանքը միջնաժամկետ կտրվածքում կհանգեցնի այդ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը, ներդումների հետվերադարձելիության բացառմանը և վերջին հաշվող՝ տեղական բարդ ապրանքների արտադրության զարգացման խթանման փախարեն (ինչն ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով)՝ կհանգեցնի ամբողջությամբ ներմուծումից կախվածությանը, այն դեպքում՝ երբ տեղական արտադրողների հզորությունները հնարավորություն են տալիս բավարարելու ամրանների և դրանց արտադրության համար՝ նախապատրաստվածքների ամբողջական պահանջարկը, միևնույն ժամանակ, նախատեսվում է նոր հզորությունների շահագործում։
Վերոգրյալի վերաբերյալ վարչապետին են դիմել նաև շահագրգիռ ձեռնարկությունները, ինչպես նաև՝ վերջիններիս հետ քննարկվել է հարցը Էկոնոմիկայի նախարարությունում։
Հաշվի առնելով վերը նշված համգամանքները՝ առաջարկվում է ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել երրորդ երկրներից սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը, ինչը կնվազեցնի տեղական ձուլվածքներ և ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները, միաժամանակ՝ բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական մետալուրգիական ձեռնարկություններին տեղական արտադրության նախապատրաստվածքներ մատակարարելու, իսկ վերջիններիս՝ տեղական ամրաններ արտադրելու համար՝ չընդհատելով ձևավորված արտադրական շղթան (ջարդոնից մինչև բարդ ապրանքների արտադրություն)։
Միևնույն ժամանակ, առաջարկվում է նախագծով սահմանել դրույթ, որը հնարևավորություն կտա այն ներմուծողներին, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելն արդեն իսկ հայտարարագրել և մաքսային մարմինների կողմից թույլատրվել է բացթողումը, կարողանան ավարտել գործարքը և ներմուծել այդ ապրանքը:
«Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխության անհրաժեշտություն չի առաջացնում:
«Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
22. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանություն: Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Տեղական արտադրության մետալուրգիական և մետաղագործական ոլորտի ձեռնարկությունների գործունեության կայունացում, ներմուծման փոխարինում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կյողմից՝ քննարկելով հարցը շահագրգիռ պետական մարմինների և ոլորտի արդյունաբերողների հետ։
5. Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա բացառել Հայաստանի մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների գործունեության դադարի հնարավոր վտանգները, զարգացնել տեղական տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող մետաղական ապրանքների արտադրությունը (ապահովելով տեղում բարդ ապրանքի արտադրության ամբողջական շղթան)՝ իրականացնելով ներմուծման փոխարինում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է.
1) Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից, այն է`
· Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ,
· Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը։
2) ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.5-րդ կետով սահմանված դրույթներից, այն է՝
· հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում,
· ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում։
-
Տևողություն
18.12.2025 03.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 135
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: