Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Տեղեկանք

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

  

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը  

Նախագծի նպատակն է ապահովել Վարչապետի մոտ կայացած խորհրդակցության 09.09.2025 N Վ/135-2025 արձանագրության 3-րդ կետի 4-րդ ենթակետի հանձնարարականի կատարումը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը, որի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12 %-ի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 6000 դրամը։

Որոշմամբ սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումն իրականացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Վարչապետի մոտ կայացած խորհրդակցության 09.09.2025 N Վ/135-2025 արձանագրության 3-րդ կետի 4-րդ ենթակետի հանձնարարականի համաձայն՝ անհրաժեշտ է կենսաթոշակների բարձրացումը դիտարկել անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացման տարբերակով:

Այսինքն, Կառավարության ծրագրի 4.6-րդ բաժնով նախատեսված հանձնառության (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև  2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և  կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և  սպառողական զամբյուղների արժեքներին) մասնակի կատարումն ապահովելու համար՝ նախատեսվում է կատարել օրենսդրական փոփոխություն, որն էլ կարգավորվում է Որոշման նախագծով: Գործնականում ոչ թե ավելանում են նոր շահառուների կատեգորիաներ, այլ փոխվում է հետվճարի հաշվարկման ցուցանիշները։

Նշենք, որ միջոցառումն սկսվել է իրականացվել 2022 թվականի հուլիս ամսից, ըստ որի շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝  2915 դրամ։

2025 թվականի օգոստոս ամսին շահառուների թվի միջին ամսականը կազմել է 348.433, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝  4085 դրամ։

2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 11.8  մլրդ դրամ:

Բացի վերը նշվածից, հաշվի առնելով միջոցառման արդյունավետությունը, նպատակահարմար է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման միջոցառման ժամկետը երկարաձգել։

Նշենք նաև, որ միջոցառման շահառու են հանդիսանում միջոցառման գործողության ընթացքում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց կենսաթոշակային քարտի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող սուբյեկտի մոտ տեղադրված ՊՈՍ-տերմինալներով վճարում կատարած կենսաթոշակառուները:

Գործող իրավական ակտով կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ մասը հստակեցնել «հետվճար» հասկացությունում:

 

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն՝ կենսաթոշակառուների անկանխիկ եղանակով վճարումներից տրամադրվող հետվճարի չափի ավելացման տարբերակով կբարձրանան կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը՝ միջոցառման ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

  1. Կարգավորման առարկան

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծով շահառուներին հնարավորություն է տրվում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։  Արդյունքում՝ կենսաթոշակառուների անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարի չափի ավելացման տարբերակով կբարձրանան կենսաթոշակների չափերը:

 

Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի անգամ ավելի շատ միջոցներ։ Միաժամանակ, հետվճարի չափերի ավելացումը կնպաստի անկանխիկ գործառնությունների ծավալների ավելացմանը։

Որոշման նախագծի ընդունման դեպքում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ: 

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չհաշվարկելու հասկացությունը: 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծով ապահովվում է Վարչապետի մոտ կայացած խորհրդակկցության 09.09.2025 N Վ/135-2025 արձանագրության 3-րդ կետի 4-րդ ենթակետի հանձնարարականի կատարումը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6 գլխի 1-ին պարբերությունից, այն է՝ «Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, վերացնել ծայրահեղ աղքատությունը»:

 

  1. Տեղեկանք

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում։

2026 թվականին հետվճարի գծով ծախսերը նախատեսված են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով՝ 20.03 մլրդ դրամ:

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ է լրացուցիչ հատկացնել 14.7 մլրդ դրամ, որի վերաբերյալ՝ Վարչապետի մոտ կայացած խորհրդակցության 09.09.2025 N Վ/135-2025 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականի համաձայն՝ արդեն իսկ Ֆինանսների նախարարություն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2026 թվականի (ներառյալ՝ 2027-2028 թվականների) վերանայված բյուջետային հայտը, որում որպես նոր նախաձեռնություն առաջարկվում է վերոնշյալ փոփոխությունների հաշվառմամբ լրացուցիչ հատկացնել 14.7 մլրդ դրամ։

  • Քննարկվել է

    20.10.2025 - 04.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1201

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

20.10.2025

Հետվճարից օգտվող 348.000 անձանցից կոնկրետ քանիսն է թոշակառու,այդ թվի մեջ մտնում են նաև անապահովության նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, երրորդ և հաջորդ երեխայի (50.000) նպաստ և այլ շահառուներ ,ուստի 500.000-ից ավել թոշակառուների շատ փոքր տոկոսն է օգտվում ծրագրից,հետևաբար սա դիտարկել կենսաթոշակների բարձրացում,կարծում եմ արդար չէ։

Կարեն Աբրահամյան

20.10.2025

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա: Առաջարկում եմ սույն նախադասության մեջ կատարել փոփոխություն ու որոշումը տարածվի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա, որպեսզի հունվարին ստացվող հետվճարը արդեն լինի ավելացված չափով,ձեր տարբերակով փետրվարին ստացվող հետվճարը կլինի ավելացված։

Կարեն Աբրահամյան

20.10.2025

Առաջարկում եմ կոմունալ վճարումներից գոնե որոշակի տոկոս հետվճար ձևավորել,օրինակ 10 տոկոս, վստահ եմ տեղյակ եք թոշակառուների բողոքն այս մասով, առջևում ջեռուցման շրջանն է, կոմունալ վճարումներից հետո գրեթե գումար չի մնում այլ գնումների համար, ինչպես կարող է 10000 դրամ ձևավորվի հետվճար,հասկանալի է ստվերի դեմ պայքարը,բայց կենսաթոշակառուների՞ միջոցով, ստվերի դեմ հարկայինը ,ՊԵԿ-ը պետք է պայքարի։Առաջարկս հարյուր հազարավոր մարդկանց անունից է։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: