Հիշել նախագիծը

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

94%6%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով փոփոխություն է կատարվում գործող օրենքի 11-րդ հոդվածում՝ վերանայելով ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանման նպատակահարմարությունը բացակայում է, քանի որ ոստիկանության ծառայողները իրենց մասնագիտական, ֆիզիկական պատրաստականությամբ, առողջական վիճակով լիարժեքորեն կատարում են իրենց վրա դրված պարտականությունները՝ առանց տարիքային սահմանափակման։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաև 35 տարին լրացած այն անձանց, ովքեր իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարևոր ուղղություն է համարվում համայնքային ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումը և համալրումը։

ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձևավորման համատեքստում նախատեսվել է, որ շարունակական կրթության տրամաբանության մեջ համայնքային ոստիկանների պատրաստումն իրականացվելու է միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանակներում, որի մուտքային պահանջ է լինելու արհեստագործական ոստիկանական կրթություն ստանալուց հետո մեկ տարվա ծառայության ստաժը: Հաշվի առնելով նշված գործընթացի տևողականությունը, քրեական ոստիկանության օրինակով համայնքային ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով համալրելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակելու և իրականացնելու համայնքային ոստիկանի որակավորման մեկանգամյա արհեստագործական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։

Բացի այդ, գործող օրենքով սահմանված է, որ ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց: Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հնարավորություն տալով ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել նշանակումից անմիջապես հետո իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում  ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց, այլ՝ իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ։ Բացի այդ, նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։ Ընդ որում, համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։

Նախագծերով սահմանվում է, որ համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած անձինք։  Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։

Բացի այդ, Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի կարգավորումները անհրաժեշտ է համապատասխանեցնել Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքի տերմինաբանությանը, մասնավերապես՝ նախնական մասնագիտական կրթություն բառերը փոխարինվում են արհեստագործական կրթություն բառերով:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնց կանխատեսման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել համայնքային ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝ մինչև բազային և շարունակական կրթության համակարգի իրագործումը:

 

                                                              ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Տևողություն

    20.03.2025 04.04.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային ծառայություններ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 714

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: