Նախագիծը չի ընդունվել
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի ՀանրապետությաՆ տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և դրանց ներկայացման պահանջները սահմանելու մասին»
-
4 - Կողմ
-
8 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ԵԱՏՄ մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը ԵԱՏՄ տարածք 3-րդ երկրից, այդ թվում ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա և այլն, ներմուծելու դեպքում մաքսային հայտարարագիրը պարտադիր ուղեկցվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի սերտիֆիկատի, հայտարարագրի, պետական գրանցման վկայականի ներկայացմամբ:
Ներքին սպառման համար բացթողման կամ ԵԱՏՄ տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանք ներմուծողը պետք է մաքսային մարմիններին ներկայացնի տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթ, որը պետք է տրամադրված լինի ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների) միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից։
Ներմուծման պահին եթե ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթը բացակայում է կամ այն տրամադրվել է ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից, ապա արտադրանքը պահվում է մաքսային պահեստում մինչ ներմուծողի կողմից կապահովվի համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը, այսինքն արտադրանքը պետք է պարտադիր անցնի համապատասխանության գնահատման գործընթաց:
Մասնավորապես, ներմուծողը պետք է ձեռք բերի մաքսային պահեստում տեղադրված արտադրանքի մասով ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման դրական արդյունքները հավաստող արձանագրություն, որի հիման վրա ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմնի կողմից տրամադրվում կամ գրանցվում է համապատասխանության գնահատման փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ կամ հայտարարագիր):
Ներկա փուլում գործող օրենսդրական պահանջը կիրառելի է միայն 3 տեխնիկական կանոնակարգերի կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի նկատմամբ․
1․ «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011),
2․ «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 014/2011) (միայն բիտում՝ նավթային, ճանապարհային, մածուցիկ (ԱՏԳ ԱԱ 2713200000 ծածկագիր),
3․ «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ»։
Մաքսային հայտարարագրման ընթացքում մաքսային մարմիններին ներկայացվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պարտադիր պահանջը չի գործում այլ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար։ Դրանց առկայությունը պարտադիր է տվյալ արտադրանքի շուկայահանումից առաջ։
- Առաջարկվող կարգավորումների բնույթը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի ՀանրապետությաՆ տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և դրանց ներկայացման պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ երրորդ երկրներից ներմուծելու դեպքում ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթի բացակայության կամ ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված լինելու դեպքում արտադրանքը կրկին պահվում է մաքսային պահեստում մինչ ներմուծողի կողմից կապահովվի համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը հետևյալ ընթացակարգով.
Եվրոպական Միության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության տարածքներում գործող և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության («International Laboratory Accreditation Cooperation» - «ILAC») բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի փորձարկման դրական արդյունքներով արձանագրություն (արձանագրությունը պետք է համադրելի լինի ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերով և դրանց կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված նորմերի և ցուցանիշների թույլատրելի առավելագույն արժեքներին) ունենալու դեպքում այլևս բացակայելու է կրկնակի լաբորատոր փորձարկման անհրաժեշտությունը։ Ներմուծողի կողմից ներկայացված փաստաթղթերի և իր սեփական ապացույցների հիման վրա ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված ՀՀ-ում գործող սերտիֆիկացման մարմնի կողմից կիրականացվի փաստաթղթային փորձաքննություն, որի հիման վրա կձևակերպվի և կտրամադրվի ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթուղթ։
Նախագծով նախատեսվել են առանձնահատկություններով համապատասխանության գնահատման փաստաթղթի գրանցման/ձևակերպման գործընթացը, համապատասխանության գնահատման ժամանակ որպես հայտատու հանդես եկող անձանց պարտավորությունները, ինչպես նաև պահանջ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված և շրջանառվող այն արտադրանքը, որի համար գրանցված է առանձնահատկություններին համապատասխան գնահատման փաստաթուղթ, չի կարող արտահանվել ԵԱՏՄ անդամ այլ պետություններ (եթե նույնիսկ տվյալ արտադրանքն արտահանվի, ապա տվյալ արտադրանքի նկատմամբ կգործեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող բոլոր օրենսդրական պահանջները):
Միաժամանակ ուսումնասիրվել են նաև Նախագծի ընդունման դեպքում հնարավոր ռիսկերը՝
- Փորձարկման լաբորատորիաներին ներկայացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ 3-րդ երկրներից (մասնավորապես՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա) ներմուծված արտադրանքի փորձարկման մասով տարեկան ստանում են մոտ 600-700 հայտ (յուրաքանչյուր հայտը մոտավորապես 45- 50 հազ դրամ)։ Նախագծի ընդունման արդյունքում վերոնշյալ երկրներից ներմուծված արտադրանքի փորձարկման մասով այլևս հայտեր չեն ներկայացվի, ինչի արդյունքում կնվազի փորձարկումների ծավալը (հնարավոր է նաև հավատարմագրված կազմակերպություններում մարդկային ու նյութական ռեսուրսների զարգացման նպատակով իրականացված ներդրումների կորուստ), ինչը կարող է հանգեցնել փոքրածավալ գործունեություն իրականացնող ՓԼ-ների փակմանը և առավել մեծ կարողություններ ունեցող կազակերպությունների մենաշնորհային դիրքի գրավմանը.
- Փորձարկումների նվազման պատճառով կարող է նվազել հավատարմագրման համար դիմող կազմակերպությունների քանակը, ինչի արդյունքում կնվազի հավատարմագրման ազգային մարմնի (ՀԱՄ) եկամուտը։ ՀԱՄ բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի բարձրացնել հավատարմագրման ծառայությունների գները, ինչը կարող է հանգեցնել ՀԳՄ-ների կողմից մատուցվող ծառայությունների գնի աճի.
- Կարող են խախտված լինել տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի պահպանման և փոխադրման գործընթացներին ներկայացվող պահանջները (оրինակ, տեխնիկական կանոնակարգով ցածրավոլտ սարքավորումների պահման և տեղափոխման պահանջներից է արտաքին միջավայրի կլիմայական գործոնների՝ ջերմաստիճանի, օդի խոնավության, օդի կամ գազի ճնշման (ծովի մակարդակից բարձրությունը), արևային ճառագայթման, անձրևի, քամու, փոշու, բորբոս սնկերի ազդեցության սահմանված նորմերի պահպանումը), ինչը կարող է հանգեցնել անսարք արտադրանքի շուկայահանմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ երրորդ երկրներից ներմուծելու դեպքում ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթի բացակայության կամ ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված լինելու դեպքում արտադրանքը կրկին պահվում է մաքսային պահեստում մինչ ներմուծողի կողմից կապահովվի համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայություն՝ առանց փորձարկման:
5․ Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Վարչապետի 2024 թվականի ապրիլի 17-ի հանձնարականը։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
13.03.2025 - 28.03.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 578
Տպել