Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի ՀանրապետությաՆ տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և դրանց ներկայացման պահանջները սահմանելու մասին»

33%67%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025    թվականի N ________ - Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և դրանց ներկայացման պահանջները՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                                       Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2025   թ. _______ -ի N_____Ն որոշման

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

  1. Սույն հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջները:
  2. ԵԱՏՄ մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» N 130 որոշմամբ սահմանված դրույթները՝ բացառությամբ այն արտադրանքի, որի համապատասխանության գնահատման փաստաթղթի կազմման համար հիմք է հանդիսացել Եվրոպական Միության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, տարածքներում գործող և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության («International Laboratory Accreditation Cooperation» - «ILAC») բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ՝ փորձարկման լաբորիատորիա) կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունները, եթե դրանք համարժեք են Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերով կամ վերջիններիս կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված նորմերի կամ ցուցանիշների թույլատրելի առավելագույն արժեքներին։
  3. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փորձարկման լաբորատորիաների կողմից տրված փորձարկման արձանագրությունների հիման վրա սերտիֆիկացման կամ հայտարարագրման ձևով համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնելու նպատակով թույլատրվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնին համապատասխանության գնահատում իրականացնել հայտատուի կողմից ներկայացված՝ արտադրանքի համապատասխանության ապացույցների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթուղթ ձևակերպելով (համապատասխանության գնահատման փաստաթղթի վրա նշելով «արտահանելի չէ»)։

              3.1. Սույն հավելվածի իմաստով կիրառվող և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերի նշմամբ արտադրանքի ցանկը, որի նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի  դրույթները, սահմանվում է համապատասխանության գնահատման և տեխնիկական կանոնակարգման ոլորտները համակարգող Լիազոր մարմնի կողմից։

  1. Արտադրանքը ենթակա է բացթողման միայն հայտատուի կողմից սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթը մաքսային մարմիններին ներկայացնելուց հետո։
  2. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթը գործում է շրջանառության մեջ դրված արտադրանքի յուրաքանչյուր միավորի և խմբաքանակի նկատմամբ, բայց ոչ ավել քան արտադրանքի պիտանիության ժամկետը:
  3. Սույն հավելվածի իմաստով համապատասխանության գնահատումը կիրառվում է արտադրանքի խմբաքանակի կամ միավորի համար։
  4. Սույն հավելվածի իմաստով համապատասխանության գնահատման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը։
  5. Սույն հավելվածի իմաստով համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և արտադրանքի խմբաքանակը կամ միավոր արտադրատեսակը նույնականացնող ապրանքաուղեկցող փաստաթղթերը,

2)  շահագործման փաստաթղթերի պատճենը (առկայության դեպքում),

3) ստանդարտների ցանկը՝ նշելով դրանց նշանագրերը և լրիվ անվանումները, ինչպես նաև բաժինները (կետերը, ենթակետերը) (արտադրանքի արտադրության մեջ դրանց կիրառման դեպքում),

4) հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են ծառայել համապատասխանության գնահատման համար, երրորդ երկրների համապատասխանության գնահատման շրջանակներում տրամադրված համապատասխանության սերտիֆիկատները (այդ թվում՝ արտադրանքի համապատասխանությունը հավաստող այլ փաստաթղթեր),

5) սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փորձարկման լաբորատորիաներում անցկացված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) փորձարկման արձանագրությունները,

6) սույն հավելվածի 2-րդ կետում նշված երկրներում արտադրված լինելը հավաստող փաստաթուղթ՝ ծագման երկրի հավաստագիր։

  1. Համապատասխանության գնահատման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը և տեղեկությունները կարող են ներկայացվել ռուսերեն կամ անգլերեն լեզվով։

              10․ Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված համապատասխանության  գնահատման փաստաթուղթը ներառվում է սույն հավելվածի իմաստով կիրառվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի ազգային ռեեստր (այսուհետ՝ ազգային ռեեստր) «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

              11․ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված այն արտադրանքը, որի համար սույն հավելվածով սահմանված կարգով գրանցված է համապատասխանության գնահատման փաստաթուղթ, չի կարող արտահանվել Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ։

              12․ ԱՐՄՆԱԲ-ն համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվության ներառումը ազգային ռեեստր մերժում է հետևյալ դեպքերում՝

  • եթե առկա են անճշտություններ համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված և ազգային ռեեստր ներառելու համար ներկայացված փաստաթղթերում, որոնք հիմք են հանդիսացել համապատասխանության գնահատման փաստաթղթի ընդունման համար.
  • համապատասխանության գնահատման փաստաթուղթը ազգային ռեեստր ներառելու համար ներկայացված էլեկտրոնային փաստաթղթերի (պատկերների) անհամապատասխանություն հայտատուի կողմից համապատասխանության գնահատման փաստաթղթի ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի բնօրինակներից.
  • ձևակերպվել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ այն արտադրանքի նկատմամբ, որը ներառված չի սույն որոշման 2-րդ կետով հաստատված արտադրանքի ցանկում:

              13․ Սույն հավելվածի 12-րդ կետի հիման վրա կազմված համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությունը ազգային ռեեստր չներառելու մասին որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄՆԱԲ-ը ծանուցում է համապատասխանության գնահատման փաստաթուղթ ձևակերպող արտադրանքի սերտիֆիկացման մարմնին՝ նշելով ազգային ռեեստր չներառելու հիմքերը և միաժամանակ ներկայացնելով հարցում ազգային ռեեստր չներառելու պատճառ հանդիսացած հիմքերի վերաբերյալ առկա լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով.

14․    Համապատասխանության գնահատման փաստաթուղթ ձևակերպող արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում չեղյալ է համարում համապատասխանության գնահատման փաստաթուղթը կամ ԱՐՄՆԱԲ-ին է ներկայացնում սույն հավելվածի 13-րդ կետով պահանջվող առկա լրացուցիչ տեղեկատվությունը:

15․ Այն դեպքում, երբ ԱՐՄՆԱԲ-ը սույն հավելվածի 14-րդ կետին համապատասխան ներկայացված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերում է սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերի բացակայություն, ապա հայտնաբերելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄՆԱԲ-ը որոշում է ընդունում համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությունը ազգային ռեեստր ներառելու մասին:

              16․ ԱՐՄՆԱԲ-ի կողմից համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվության ներառումը ազգային ռեեստր հիմք է համապատասխանության գնահատման փաստաթղթին համապատասխան տվյալ արտադրանքի շրջանառության թույլտվության համար։

              17․ Տեխնիկական կանոնակարգման համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն հավելվածի իմաստով տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ համապատասխանության հայտարարագրով կամ սերտիֆիկատով շրջանառվող մարդու առողջության և անվտանգության պահպանության վրա ազդող արտադրանք հայտնաբերելու դեպքում համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին միջնորդագիր է ներկայացնում համապատասխանաբար հայտատուին և ԱՐՄՆԱԲ-ին կամ սերտիֆիկացման մարմնին և ԱՐՄՆԱԲ-ին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ իրականացնելու և համապատասխանաբար ազգային ռեեստրում դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություն ներառելու նպատակով։

              18․ Վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինները գործողությունների իրականացման ընթացքում հայտնաբերված սույն հավելվածի իմաստով կազմված համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներառված չէ ազգային ռեեստրում, ենթակա են չեղյալ հայտարարման տվյալ համապատասխանության գնահատման փաստաթուղթը ձևակերպող արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից։

              19․ Սույն հավելվածի իմաստով համապատասխանության գնահատման փաստաթղթերում, հայտատուի ցանկությամբ, կարող են նշվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչը (GLN (Տեղադիրքի գլոբալ համար-Global Location Number) կամ այլ նույնականացուցիչ) (հայտատուի ցանկությամբ, այլ անհատական նույնացուցիչի մասով, որը թույլ է տալիս ավտոմատ ռեժիմով իրականացնել արտադրանքի պատրաստման գործունեության իրականացման վայրի (վայրերի) հասցեի (հասցեների) կամ GTIN (Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համար-Global Trade Item Number)` հայտատուի ընտրությամբ և նման հնարավորության առկայության դեպքում:

              20․ Սույն հավելվածի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի (առանց պարտադիր պահանջներով նախատեսված մակնշման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի) շրջանառության թույլատրելի վերջնաժամկետ է սահմանվում 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

  • Քննարկվել է

    13.03.2025 - 28.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 580

Տպել