Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին
-
2 - Կողմ
-
9 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 12.03.2025 11:07:44 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Աղջունելով նախագծի հրապարակումն ու հանրային քննարկման կազմակերպումը, մենք դեմ ենք քվեարկել Նախագծին: Դեմ ենք քվեարկել հետևյալ հւիմնավորումներով. 1. Նախագծի հիմնավորման մեջ հստակ չեն նշվել այն մարտահրավերները, որոնք պատճառ են դարձել ՀԽ-ների աանարդյունավետ աշխատանքի համար: Այսպես, այդ հիմնախնդիրներից են. - ՀԽ-ների ձևավորման կարգի թերությունները, որոնք զգալի դժվարություններ են ստեղծում ՀԽ կազմում ընտրվելու ցանկություն ունեցող անձանց կամ ՔՀԿ-ներին: Դրանց թվում է պահանջը առնվազն 2 ծրագիր իրականացնելու մասին, առնվազն 5 տարվա գործունեություն ծավալելու մասին դրույթները: Հայտնի է, որ ծրագրերը ՀՀ-ում ՔՀԿ-ներին տրվում են որոշակի անհարթ մեխանիզմներով՝ ոչ մրցույթային կարգով և շատ հաճախ ԽԾԲ մեխանիզմներով: Այդպիսի փաստերն ակնհայտ են: Կան կայացած նորաստեղծ ՔՀԿ-ներ, որոնք լայնածավալ գործունեություն են ծավալում տվյալ ոլորտում կարճ ժամանակահատվածում, սակայն չեն կարող ընդգրկվել ՀԽ-ում, - ՔՀԿ-ների առաջարկությունների քննարկման ընթացակարգի բարդությունները և շատ հաճախ չերաշխավորումը, - ՔՀԿ-ների առաջարկությունների հաճախակի անտեսումը, 2. ՀԽ-ների կազմում ՔՀԿ-ների գործունեության մոտիվացիոն մեխանիզմների բացակայությունը: Նախագծով նախատեսվում է ՔՀԿ-ների կողմից խիստ արհեստավարժ փորձագիտական աշխատանքի իրականացում՝ առանց որևէ վարձատրության նախատեսման: Մինչդեռ այդպիսի աշխատանք կատարելու համար հանրային աշխատողները բացի բարձր աշխատավարձերից ստանում են նաև չհիմնավորված պարգևավճարներ, սոցիալական այլ երաշխիքներ: Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք. 1. Հրատապ կարգով ընդունել "կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական համագործակցության մասին" ռազմավարություն: 2. Այդ ռազմավարությանը համապատասխան ՀՀ պետական բյուջեում նախատեսել հատուկ նպատակային ծրագիր, որի քաղաքականության միջոցառումներից մեկն էլ կլինի ՀԽ-ների գործունեության կազմակերպումը: 3. Այդ ռազմավարության նպատակներին համահունչ էլ լրամշակել քննարկվող նախագիծը: | Շնորհակալություն առաջարկի համար: Նախագիծը սկզբնական փուլում մշակվել է ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) մասնակցությամբ: Իրականացվել է 2 հանդիպում ՔՀԿ-ների մասնակցությամբ, որոնց ընթացքում վեր են հանվել խնդիրները, քննարկվել են խորհրդում ընդգրկվելու համար պահանջները, օրակարգի ձևավորման կարգը և նպատակները, բոլոր շահառու կողմերի դերի հստակեցումը, թափանցիկության և հաշվետվողականության հետ կապված հարցերը, արդյունքում՝ մշակվել «Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը: ՔՀԿ-ների հետ հանդիպումները իրականացվել են գործընկեր «Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան» աջակցությամբ: Ներկայացված նախագիծը բխում է «Հանրային կառավարաման բարեփոխումներ»-ի ռազմավարության 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզի «Ռազմավարական նպատակ 5. Մասնակցային կառավարման համակարգի կայացում ու հանրության հետ արդյունավետ ու թիրախային հաղորդակցության ապահովում» բաժնի «5.1. Քաղաքականությունների մշակման գործընթացում հանրային մասնակցության խթանում» ենթաբաժնի 3-րդ կետից: | |
2 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (Նախագիծ) վերաբերյալ Սույն թվականի մարտի 10-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը : Արձանագրելով նախագծով սահմանված մի շարք առաջընթաց կարգավորումները, որոնք ուղղված են բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող հարթակի ստեղծմանը, հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում որոշ էական խնդիրների վրա, որոնք ենթակա են հասցեագրման Նախագծի լրամշակման շրջանակում: 1․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամներին եվ հայտերին ներկայացվող պահանջները» բաժնում սահմանված են բավականին խիստ չափանիշներ՝ թեկնածուների փորձի և ծրագրային գործունեության վերաբերյալ (օր․՝ առնվազն 3 տարվա փորձ և 2 իրականացված ծրագիր ոլորտում, այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), ինչը կարող է բացառել փոքր կամ նոր ձևավորված ՔՀԿ-ների մասնակցությունը, հատկապես՝ մարզերում։ Չնայած նախագծում ներառված է համայնքային ՔՀԿ-ների ներգրավման 25%-անոց պահանջ, մուտքի շեմերը մնում են բարձր, ինչը կարող է խաթարել ներառականությունն ու բազմազանությունը։ Նշված պահանջները արհեստականորեն խոչընդոտ են ստեղծում ոլորտային ՔՀԿ-ների համար, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են կոնկրետ ոլորտում՝ ելնելով իրենց կանոնադրական նպատակներից և խնդիրներից, սակայն դեռևս չունեն նշված ոլորտում գործունեության երեք տարվա փորձառություն կամ իրականացված ծրագրեր։ Բացի այդ, դիմումների և փաստաթղթերի փաթեթները չափազանց ծանրաբեռնված են՝ պահանջելով շատ տեղեկություններ, այդ թվում՝ փաստաթղթերի, ծրագրային հիմնավորումների և այլն, ինչը կարող է դիտարկվել որպես տեխնիկական և վարչարարական բեռ շատ ՔՀԿ-ների և անհատների համար։ Առաջարկ․ Նվազեցնել ՔՀԿ-ների անդամակցության պահանջները՝ ապահովելու բազմազանություն, տարածքային ներկայացվածություն և զերծ մնալ քաղաքական կողմնակալությունից։ Օրինակ, նվազեցնել պահանջվող տարիների քանակը և/կամ փոխարինել ծրագրերի քանակի պահանջը մասնակցության կամ ոլորտում փորձառության այլ ձևերով։ Դիմումների ներկայացման ձևերը դարձնել պարզեցված և հնարավորություն ստեղծել դիմումը ուղարկելու թվային հարթակների միջոցով։ Խթաններ ստեղծել անկախ, մարզային և ոլորտային բազմազանության ապահովման համար՝ ընտրության սկզբունքներում ներառելով հավասարակշռված ներկայացվածության չափանիշ։ | ||
3 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | 2․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամների ներգրավման ընթացակարգը» բաժնում առկա է ընտրության չափանիշների անորոշություն։ Այսպես, Նախագծի համաձայն, նախարարը Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված հայտերը, կից փաստաթղթերը և որոշում կայացնում հայտատուին Խորհրդի կազմում ընդգրկելու կամ հայտը մերժելու մասին: Ուստի նախարարը ստանում է լայն լիազորություններ՝ ընտրելու կամ մերժելու թեկնածուներին՝ առանց հստակ գնահատման մեթոդաբանության։ Թեև նախատեսված է հնարավոր գնահատող հանձնաժողովի ձևավորում, այն պարտադիր չէ, և հետևաբար բացակայում է անկախ գնահատման ու հաշվետվողականության երաշխիքը։ Բացի այդ, թեև Նախագծով նշվում է, որ մերժելու դեպքում պետք է հիմնավորվի մերժման որոշումը, սակայն որևէ չափելիության չկա, սահմանված չէ նաև մերժման որոշման բողոքարկման ընթացակարգ։ Նախագծով նախարարությանը վերապահված է լիարժեք վերահսկողություն՝ խորհրդի ձևավորման, կազմի և գործունեության նկատմամբ, ինչը բացառում է հավասարակշռված և անկախ մասնակցությունը։ Բացակայում են երաշխիքներ, որ խորհուրդը կներառի անկախ և քննադատող ՔՀԿ-ներ։ Մշտական ներգրավվածության հնարավորությունն առավել հասանելի կլինի նախարարության հետ սերտ կապված կամ պետականամետ կազմակերպությունների համար՝ սահմանափակելով բազմակարծությունն ու առողջ հակակշիռները։ Առաջարկ․ Հստակեցնել ընտրության չափանիշները և սահմանել միավորային համակարգ։ Նախատեսել անկախ գնահատող հանձնաժողովի պարտադիր ձևավորում, որի կազմում պետք է ընդգրկված լինեն ոչ միայն նախարարության, այլև արտաքին մասնագետները։ Հրապարակել ընտրության հիմքերը և մերժման դեպքում տրամադրել պատճառաբանված պարզաբանում։ Սահմանել մերժման որոշման բողոքարկման ընթացակարգ։ | ||
4 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | 3․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամների ներգրավման ընթացակարգը» բաժնում սահմանված են ռոտացիայի կարգավորումները։ Այնուամենայնիվ, ռոտացիայի համակարգը անորոշ է և կարող է խաթարել շարունակականությունը։ Չնայած երկու տարին մեկ անդամների մեկ երրորդի ռոտացիան տեսականորեն դրական երևույթ է, սակայն այն կատարվում է վիճակահանությամբ, ինչը կարող է հանգեցնել փորձի կորստի և ինստիտուցիոնալ հիշողության թուլացմանը։ Վիճակահանությամբ ռոտացիայի պարագայում կարող են պարբերաբար մնալ նույն մարդիկ, ինչը ևս խնդրահարույց է։ Բացի այդ, ռոտացիայի գործընթացը կարող է խոչընդոտել խորհրդի գործունեության արդյունավետ շարունակականությունը։ Առաջարկ․ Ռոտացիայի հիմքում դնել փորձի, ակտիվության կամ ոլորտային համամասնության չափորոշիչներ։ Նախատեսել անդամների վերականգնման հնարավորություններ՝ նախորդ ակտիվության հիման վրա։ Ռոտացիան դարձնել ոչ միայն տեխնիկական, այլև մասնագիտական շարունակականության պահպանող գործիք։ | ||
5 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | 4․ Նախագծի 14-րդ կետում սահմանված են մի շարք դեպքեր, երբ նիստերը կարող են դառնալ դռնփակ՝ առանց հանրային հսկողության կամ բաց քննարկման պարտադիր պահանջի, ինչը խաթարում է թափանցիկության սկզբունքը։ Որոշումների կայացման վաղ փուլերում հասարակության լայն շերտերի ընդգրկումը նպաստում է ընդունվող որոշումների բազմակողմանիությանը և բարձր որակի ապահովմանը։ Միջազգային մի շարք փաստաթղթերում ամրագրված այս սկզբունքը Նախագծով խախտվում է։ Հասկանալի չէ թե ինչու պետք է ապագային միտված գաղափարի, հարցի վերաբերյալ այլընտրանքային, հակադիր կարծիքներ ու լուծումներ լսելու անհրաժեշտությունը և անկաշկանդ մթնոլորտում քննարկումը հանդիսանա դռնփակության հիմք։ Սա հակասում է խորհուրդ ստեղծելու տրամաբանությանը, այն է՝ թափանցիկ և հաշվետու կառավարմանը։ Առաջարկ․ Դռնփակ նիստերի անցկացումը թույլատրել միայն հստակ կանոնակարգված և փաստարկված դեպքերում։ Ապահովել դռնփակ նիստերի փաստաթղթային արձանագրումը և՝ որոշ դեպքերում՝ հանրայնացումը՝ առանց գաղտնի տեղեկատվության։ | ||
6 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | 5․ Խորհրդի կողմից քննարկվող հարցի առնչությամբ նախատեսված է «փորձագիտական» կարծիքի տրամադրում, ինչն իրենից ենթադրում է նեղ փորձագետների ներգրավում և վերջիններիս կողմից համապատասխան ուսումնասիրությունների և փորձաքննությունների իրականացում։ Սակայն, խորհրդի կազմում ընդգրկված անդամները ոչ միշտ են նեղ փորձագետներ և բացի այդ Խորհրդի նպատակը ոչ թե փորձագիտական եզրակացության տրամադրումն է, այլապես խորհուրդը կկոչվեր փորձագիտական խորհուրդ, այլ հանրային իրազեկվածության բարձրացման, հանրության կարծիքների հավաքագրման, դրանց հիման վրա դիրքորոշման ձևավորման և հրապարակման, որն առավել հաճախ փորձագիտական չի հանդիսանում։ Առաջարկ․ Խորհրդի կողմից քննարկվող հարցի առնչությամբ առաջարկում է նախատեսել «խորհրդատվական» կարծիքի տրամադրում։ | ||
7 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | 6․ Նախագծով սահմանված է, որ նիստի օրակարգում Խորհրդի անդամի կողմից առաջարկված հարցը կարող է մերժվել համակարգող պաշտոնատար անձի կողմից՝ նախարարության դիրքորոշման հիման վրա։ Սակայն չի ներկայացվում որևէ չափանիշ կամ սկզբունք, թե ինչ տրամաբանությամբ կարող է մերժվել օրակարգի առաջարկը։ Այս բացը հնարավորություն է ստեղծում կամայական և ոչ թափանցիկ որոշումների համար, ինչը հակասում է խորհուրդների՝ մասնակցային, ներառական և հաշվետու կառավարման նպատակներին։ Խորհրդի անդամների առաջարկներին պատասխանելու և մերժելու գործընթացը իրականացվում է ոչ թե բուն Խորհրդի կողմից, այլ նախարարության անունից՝ համակարգող պաշտոնատար անձի միջոցով, ինչը վկայում է Խորհրդի գործունեության վրա նախարարության գերիշխող ազդեցության մասին։ Նախագծում նախատեսված չէ, որ օրակարգի ձևավորումը տեղի ունենա հանրային քվեարկության միջոցով, ինչը բացառում է անդամների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։ Առաջարկ․ Սահմանել, որ Խորհրդի անդամի առաջարկած հարցը կարող է մերժվել միայն Խորհրդի բաց քվեարկությամբ, ոչ թե նախարարության կամ համակարգող անձի հայեցողությամբ։ Եթե անհապաղ նիստի ընթացքում քվեարկություն հնարավոր չէ, ապա այն պետք է կազմակերպվի նախօրոք՝ էլեկտրոնային եղանակով, և որոշման հիմքում պետք է դրվի անդամների տեսակետների հավաքական արդյունքը։ Սահմանել, որ խորհրդի կազմից դուրս անձինք չեն կարող ազդեցություն ունենալ օրակարգի ձևավորման վրա, բացի տեխնիկական աջակցությունից։ | ||
8 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | 7․ Անցյալի փորձը ցույց է տալիս, որ խորհրդի գործունեության արդյունավետության համար կարևոր է, որ վերջնական որոշումներ կայացնող նախարարը ինքը լինի ներգրավված քննարկումներին կամ՝ տեղեկացված ներկայացված լուծումներից։ Իսկ նախագծով ստացվում է, որ նախարարն ուղղակիորեն շրջանցված է, և խորհրդի գործունեությունը կախված է նախարարության որևէ աշխատակցի (փոխնախարար, գլխավոր քարտուղար և այլն) նախաձեռնությունից կամ դիրքորոշումից (տես կետ 41)։ Այս մոտեցմամբ Խորհուրդը կարող է դառնալ վարչական սանդղակի ստորին օղակում գործող, ազդեցություն չունեցող կառույց, իսկ ՀԿ-ների ներկայացրած առաջարկներն ու քննադատությունները կարող են այդպես էլ մնալ ստորին մակարդակներում՝ առանց երբևէ հասնելու նախարարին, ուստի խորհրդի կարծիքը կորցնում է իր ռազմավարական արժեքը։ Առաջարկ․ Նախագծում հստակ ամրագրել, որ խորհրդի անդամների կարծիքներն ու առաջարկությունները նախարարին տրամադրվում են ամբողջական և անխեղաթյուր ձևով՝ անկախ աշխատակազմի դիրքորոշումից։ Բացառել իրավիճակները, երբ խորհուրդը կարող է ղեկավարվել միայն աշխատակազմի ներկայացուցիչների կողմից՝ առանց նախարարի ներգրավվածության կամ վերահսկողության։ | ||
9 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | 8․ Նախագծով նախատեսվում է, որ խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները կամ դիտողությունները կարող են ներկայացվել փորձագիտական խմբերի կամ նիստերի միջոցով, սակայն դրանց զուգահեռ իրականացվում է նաև e-draft հարթակում հանրային քննարկում։ Այստեղ առկա է գործընթացների կրնկնություն։ Ստացվում է, որ նույն փաստաթղթի վերաբերյալ սպասվում է մի քանի կարծիք տարբեր փուլերում, ինչը սպառնում է ստեղծել շփոթ, կրկնություն, և երբեմն՝ հակասություն։ Անհամաձայնության դեպքում մասնակից ՀԿ-ներին կարող են մեղադրել անկայուն կամ չհստակեցված դիրքորոշում ունենալու մեջ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ իրենք արդեն «մասնակցել են» նախագծի նախնական քննարկումներին։ Բացի այդ, Նախագծի 33-րդ և հարակից կետերի համաձայն՝ ՀԿ-ների դիտարկումներին պատասխանելու և դրանք ամփոփելու գործառույթը վերապահվում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, այլ ոչ թե քաղաքական պատասխանատուներին։ Սա հանգեցնում է նրան, որ ՀԿ-ների հետ անմիջական շփումը տեղի է ունենում ոչ թե քաղաքական որոշում կայացնողների, այլ միջին մակարդակի մասնագետների հետ։ Մինչդեռ, ռազմավարությունների, հայեցակարգերի և այլ համանման գաղափարական փաստաթղթերի, որոնց հիման վրա մշակվելու են իրավական ակտերի նախագծեր, դրանց գաղափարական կրողները քաղաքական պաշտոնյաներն են, այլ ոչ թե կառուցվածքային ստորաբաժանման պրոֆեսիոնալ մասնագետները։ Առաջարկ․ Ապահովել մասնակցային գործընթացների հստակ տարանջատում․ եթե նախագիծը արդեն քննարկվել է խորհրդում, ապա e-draft-ում պետք է նշվի, որ խորհրդի կողմից տվյալ փաստաթուղթը արդեն դիտարկվել է, և ներկայացվեն ամփոփ դիտարկումներ։ Պետք է բացառվի, որ նախորդ փուլում մասնակցած ՀԿ-ների առաջարկները կարող են անհիմն կերպով անտեսվել կամ երկակի օգտագործվել։ Հաստատել, որ ռազմավարական կամ հայեցակարգային փաստաթղթերի վերաբերյալ խորհրդի անդամների հետ քննարկումները պետք է տեղի ունենան բացառապես խորհրդի նիստերի ձևաչափով՝ նախատեսելով, որ նման փաստաթղթերի քննարկման ժամանակ պարտադիր պետք է ներգրավված լինեն քաղաքական պատասխանատու պաշտոնյաներ՝ օրինակ՝ նախարարի տեղակալ կամ պետական քաղաքականության պատասխանատու այլ պաշտոնյա։ | ||
10 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.03.2025 20:47:22 | 9․ Նախագծով սահմանված են նաև այլ կարգավորումներ, որոնք դիտարկվում են որպես քաղաքացիական հասարակության ազդեցության սահմանափակում, բովանդակային մասնակցության անբավարար ապահովում։ Այսպես, բացակայում է հստակ սահմանում, թե ինչպես են հասարակական խորհրդի անդամների առաջարկներն ու դիրքորոշումները ներառվելու նախարարության որոշումներում։ Խորհուրդը չունի որոշումների վրա ազդեցություն ունենալու պարտադիր մեխանիզմներ և նրա դերը, ինչպես և նախկին իրավակարգավորումների շրջանակներում, կարող է մնալ խորհրդատվական մակարդակում՝ առանց իրական ազդեցության։ Բացի այդ, բացակայում է որևէ կարգավորում, ըստ որի՝ նախարարությունը պարտավոր է հրապարակել՝ ինչպես են խորհրդի անդամների առաջարկությունները և դիրքորոշումները ազդել քաղաքականությունների մշակման վրա։ Հաշվետվությունները կազմվում են միայն տարեկան կտրվածքով և նախարարության կողմից՝ առանց խորհրդի կողմից հաստատման։ Բացակայում են երաշխիքներ, որ անդամները կունենան մուտք նախարարության ներքին փաստաթղթերին, տվյալներին կամ օրենսդրական նախագծերին, ինչը կարևոր է արդյունավետ մասնակցության համար։ Առաջարկ․ Նախարարությունը պարտավորվի պատասխանել խորհրդի անդամների կողմից ներկայացված բոլոր առաջարկություններին՝ գրավոր ձևաչափով, հստակ նշելով, թե որ առաջարկներն են ընդունվել կամ մերժվել և ինչ հիմնավորմամբ։ Այս արձագանքները պետք է կցվեն համապատասխան իրավական ակտի նախագծին կամ ծրագրին։ Տարեկան հաշվետվությունը պետք է նախապես քննարկվի խորհրդի նիստում, և խորհրդի անդամները պետք է հնարավորություն ունենան ներկայացնել իրենց դիտարկումները՝ մինչև դրա հրապարակումը։ Խորհրդի անդամների կողմից ներկայացված հիմնական առաջարկությունների ամփոփ համադրությունը պետք է հրապարակվի առանձին հավելվածով, որը ցույց կտա՝ առաջարկ – արձագանք հարաբերակցությունը։ Նախագծում հստակ ամրագրել, որ խորհրդի անդամները ունեն մուտք ստանալու իրավունք նախարարության կողմից մշակվող քաղաքական փաստաթղթերին, օրենսդրական նախագծերին, ուսումնասիրություններին, ինչպես նաև նախարարության կողմից օգտագործվող հիմնավորող տվյալներին։ |