Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  83-րդ հոդվածով սահմանվում են վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները: Մասնավորապես, նշված հոդվածի ընդհանուր կանոնի համաձայն՝ վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Սակայն, նույն հոդվածով սահմանվում են մի շարք հիմքեր, որոնք հանդիսանում են բացառություն այս կանոնից:

Մասնավորապես, որպես այդպիսի հիմք դիտարկվում են՝

  • օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը անհապաղ կատարման ենթակա լինելու,
  • վարչական մարմնի կողմից վարչական ակտը (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով դրա անհապաղ կատարելու անհրաժեշտությունը հիմնավորելու,
  • վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները),
  • ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտերը վիճարկման դեպքերը, ինչպես նաև
  • կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված,
  • տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ,
  • ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման,
  • համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված և
  • չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ վարչական ակտերը վիճարկելու դեպքերը[1]:

Հատկանշական է, որ ի սկզբանե Օրենսգրքի 83-րդ հոդվածը վերը ներկայացված տեսքը չի ունեցել և այս հոդվածով որպես վիճարկման հայցի դեպքում վարչական ակտի կատարման կասեցումից բացառություններ թվարկվել են առավել ընդհանրական և ոչ ոլորտային հիմքերը: Մասնավորապես, դրանք են՝ օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը անհապաղ կատարման ենթակա լինելու և վարչական մարմնի՝ ելնելով հանրային շահերից վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով դրա անհապաղ կատարման ենթակա լինելու անհրաժեշտությունը հիմնավորող դեպքերը:

Այսինքն, ի սկզբանե, երբ Օրենսգիրքը 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից, որդեգրված է եղել այն մոտեցումը, որ վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի գործողության կասեցման կանոնից բացառություն պետք է կազմեն միայն օրենքով սահմանված կամ վարչական մարմնի կողմից  հիմնավորված դեպքերը:

Մինչդեռ, ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր շահագրգիռ մարմինների  նախաձեռնությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի վիճարկման հայցի դեպքում վարչական ակտի կասեցումից բացառություններ նախատեսող հիմքերը ընդարձակվել են և լրացվել են մի շարք նոր հիմքերով: Այս հիմքերի մեծամասնությունը ոլորտային է և վերաբերում է միայն առանձին ոլորտներում  վարչական մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի վիճարկման դեպքում դրանց գործողության չկասեցմանը:

Արդյունքում  կարելի է ասել, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող բացառությունները այնքան են ընդարձակվել, որ նույնիսկ կարող ենք նշել, որ ներկայումս բացառությունները կարող են դիտարկվել որպես ընդհանուր կանոն, իսկ վարչական ակտերի գործողության կասեցման դեպքերը՝ բացառություններ:

Միաժամանակ, հարկ է նշել, որ օրենսդիրը նախատեսել Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով վարչական ակտի գործողությունը չկասեցնելու դեպքում հայցվորի կողմից՝ վարչական ակտի գործողություն կասեցնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն:

Այս կապակցությամբ, Վճռաբեկ դատարանը  իր որոշումներից մեկում նշել է, որ « (…) (Վ)արչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը:[2]»:

Իր մեկ այլ դիրքորոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել, որ « (…) (Բ)ացի վերոնշյալ պայմաններից, դատարանը, առաջին հերթին, պետք է պարզի, թե արդյոք հայցվորի փաստարկներն ուղղված են վիճարկման հայցի հարուցումից հետո կատարվող գործողությունների կասեցմանը, թե՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ դատարանը պետք է պարզի, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը, որոնցով վերջինս հիմնավորում է վարչական ակտի կատարմամբ իրեն զգալի վնաս պատճառվելու կամ իր իրավունքների պաշտպանության անհնարինության առաջացման հանգամանքները, վերաբերում են դատական պաշտպանության դիմելուց հետո իրականացվելիք գործողությունների կասեցմանը, թե նախքան դատարան դիմելն իրականացված գործողություններին։

Այսպես, վարչական ակտը համապատասխան իրավասու մարմնի կողմից կայացվելուց և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո սկսում է փաստական և իրավական հետևանքներ առաջացնել դրա հասցեատիրոջ կամ այն անձանց համար, ում իրավունքներին և շահերին այն առնչվում է։ Հետևաբար, նախքան դատական պաշտպանության դիմելը հնարավոր է իրավիճակ, որ վարչական ակտի կատարումն արդեն իսկ հետևանքներ առաջացրած լինի դատարան դիմող սուբյեկտի համար։ Դա հատկապես հնարավոր է այն դեպքերում, երբ հայցվորը վարչական ակտի հասցեատերը չէ, և վարչական ակտի գոյության մասին օբյեկտիվորեն տեղեկանում է այն ժամանակ, երբ այն արդեն իսկ սկսել է կատարվել և որոշակի հետևանքներ առաջացնել իր համար։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ վիճարկման հայցով ներկայացված պահանջով պայմանավորված դրա կատարումն օրենքի ուժով ենթակա չէ կասեցման, և հայցվորը պետք է ներկայացնի վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություն, ապա վերջինս, ի թիվս օրենսդրությամբ նախատեսված պահանջների, պետք է հիմնավորի, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները վերաբերում են ապագայում առաջացող կամ միջնորդությունը ներկայացնելու պահին կատարվող գործողությունների կասեցմանը, որոնց չկասեցումը զգալի վնաս կպատճառի հայցվորին կամ անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն՝ նման միջնորդությունը չի կարող վերաբերել նախքան վիճարկման հայցով դատարան դիմելն իրականացված գործողություններին․ հայցվորը չի կարող զգալի վնասի կամ իր իրավունքների պաշտպանության անհնարինության հանգամանքը հիմնավորել այնպիսի ապացույցներով, որոնք վերաբերում են արդեն իսկ առաջացած վնասին կամ նախքան դատարան դիմելն առկա փաստացի իրադրությանը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հայցվորը ներկայացնում է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություն՝ այն հիմնավորելով այնպիսի ապացույցներով, որոնք վկայում են արդեն իսկ վարչական ակտի կատարմամբ առաջացած հետևանքների մասին, ապա դատարանը պետք է միջնորդությամբ նշված փաստարկների և դրանք հիմնավորող ապացույցների ուսումնասիրության արդյունքում պարզի, թե արդյոք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է վարչական ակտի հետագա կատարմամբ հայցվորին պատճառվելիք զգալի վնասի առաջացման հնարավորությունը կամ իր իրավունքների պաշտպանության անհնարինությունը։[3]»:

Այսինքն, կարող ենք նշել, որ, ըստ էության, ստացվում է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի  շրջանակներում օրենսդիրը իր հերթին նախատեսել է վարչական ակտի վիճարկման դեպքում դրա գործողության կասեցումից բացառություն, և հնարավորություն է նախատեսել  հայցվորի համապատասխան միջնորդության դեպքում՝ կիրառել վարչական ակտի գործողության կասեցումը որպես հետևանք:

Քննարկվող իրավիճակը առավել մոտ է Օրենսգրքի 15-րդ գլխով սահմանվող հայցի ապահովման ինստիտուտին:

Մասնավորապես, Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու հիմքերը, ըստ որի  «Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։»:

Հայցի ապահովման դատավարական ինստիտուտի օրենսդրական կարգավորման հիմքում ընկած է գործնականում հայցվորի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակը, և դրա կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ էլ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը:

Վերը քննարկված երկու կարգավորումների միջև իրավական համեմատություն անցկացնելու դեպքում, կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ թե՛ միջամտող վարչական ակտի վիճարկման դեպքում նախնական իրավական պաշտպանության կիրառումը՝ վարչական ակտի գործողության կասեցումը, թե՛ հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում են նպատակ երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը:

 

Միջազգային փորձի ուսումնասիրություն

Էստոնիա[4]

Էստոնիայի վարչական դատավարության օրենսգիրքը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նմանությամբ նախատեսում է պահանջը ըստ հայցատեսակի ներկայացնելու անհրաժեշտություն[5], ընդ որում վարչական ակտի ամբողջությամբ կամ մասնակի անվավեր ճանաչելու պահանջը պետք է ներկայացվի «Վերացման[6]» հայցատեսակի շրջանակներում:

Միաժամանակ, Էստոնիայի վարչական դատավարության օրենսգիրքը ունի «Միջանկյալ կամ ժամանակավոր օգնության» գլուխ, որը իր էությամբ կարող ենք համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի և հայցի ապահովման ինստիտուտ սահմանվող գլխի խառնուրդ:

Այսպես, այս գլխի շրջանակներում ի թիվս այլնի, որպես դատավարության ընթացքում միջանկյալ օգնություն նախատեսվում է վիճարկվող վարչական ակտի գործողության կամ կատարման կասեցումը[7]:

Մոլդովա[8]

Մոլդովայում վիճարկվող անհատական ​​վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել հայցվորի պահանջով։ Եթե ​​պետական ​​մարմինը, մինչև հայցի հարուցումը  հրաժարվել է կասեցնել կամ սահմանված ժամկետում չի քննարկել  վարչական ակտը կասեցնելու դիմումը, ապա հայցվորն իրավունք ունի վարչական ակտի գործողությունը կասեցնելու պահանջով դիմել  դատարան մինչև բուն վարչական ակտը վիճարկելու պահանջով հայց ներկայացնելը։ Հատկանշական է, որ  վարչական ակտի գործողությունը դատական կարգով կասեցնելու հիմքերը նույնանում են վերադասության կարգով բողոքարկելու դեպքում վարչական ակտի գործողությունը կասեցնելու հիմքերի հետ: Մասնավորապես դրանք են՝

ա) առկա են միջամտող ​​վարչական ակտի օրինականության վերաբերյալ լուրջ և հիմնավորված կասկածներ,

բ) առկա է միջամտող ​​վարչական ակտի կատարմամբ անվերականգնելի վնաս պատճառելու անմիջական սպառնալիք:

Հատկանշական է, որ ապացույցներ ներկայացնելու փոխարեն մասնակիցները կարող են իրենց պատասխանատվությամբ ներկայացնել վկայակոչվող փաստերը հաստատող հայտարարություններ:

Միաժամանակ, վարչական ակտի գործողության կասեցումը կարող է պայմանավորվել գրավի վճարմամբ, որոշակի պայմանների կատարմամբ կամ գործողության ժամկետ սահմանելու հետ։

Իր հերթին այս կանոնը ունի իր բացառությունը: Մասնավորապես, սահմանվում է, որ այս կանոնի կիրառումից բացառություն են կազմում Մոլդովայի Ազգային բանկի՝ դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կայունացման, բանկի կառավարման կամ լուծարման, Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության և «Հանրային գերակա շահի նպատակով օտարման մասին» օրենքի հիման վրա ընդունված  վարչական  ակտերը, որոնց գործողությունը որևէ դեպքում կասեցման ենթակա չէ:

Ուկրաինա[9]

Ի տարբերություն մեր օրենսդրության, Ուկրաինայի օրենսդրությամբ վարչական դատավարությունում բացակայում է պահանջները ըստ հայցատեսակների բաշխելու կանոնը:

Նշվածի պայմաններում, բոլոր դեպքերում գործում է միայն հայցի ապահովման ինստիտուտը: Մասնավորապես՝ Դատարանը վարչական գործերը քննելիս իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել հայցի ապահովման համար։ Նման միջոցները կարող են կիրառվել ինչպես գործի մասնակիցների պահանջով, այնպես էլ հենց դատարանի նախաձեռնությամբ: Դրանք կարող են ներկայացվել դատավարության ցանկացած փուլում, նույնիսկ մինչև հայց ներկայացնելը, եթե սպառնալիք կա, որ առանց դրանց ընդունման դժվար կամ անհնար կլինի կատարել դատարանի որոշումը կամ անգործության ակնհայտ անօրինականության նշաններ:

Կարևոր է նշել, որ հայց ներկայացնելը և դատական ​​վարույթ սկսելը ինքնըստինքյան չի ​​կասեցնում վիճարկվող վարչական ակտի գործողությունը: Գործը կասեցնելու համար դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։

Գերմանիա [10]

Քանի որ Օրենսգիրքը առավելապես մշակվել է հիմք ընդունելով Գերմանիայի վարչական դատավարությունը, Գերմանիայի վարչական դատավարությունը նույնպես նախատեսում է պահանջը, ըստ համապատասխան հայցատեսակի ներկայացնելու անհրաժեշտություն: Նշվածի շրջանակներում Գերմանիայի վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նաև վարչական ակտի գործողությունը կասեցնելու կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվում է, որ վարչական ակտի վերադասության կարգով բողոքարկումը կմ վիճարկման հայցի ներկայացումը կասեցնում են վարչական ակտի գործողությունը:           Այնուամենայնիվ, կան հատուկ իրավիճակներ, երբ վարչական ակտի վիճարկումը չի հանգեցնում դրա գործողության կասեցման:

Օրինակ, դա բացառվում է, պետական գանձումների կամ ծախսերի, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից հրատապ միջոցառումների հետ կապված դեպքերում կամ դաշնային կամ հողային օրենքներով նախատեսված այլ դեպքերում: Բացի այդ, վարչական մարմինը կարող է առանձին պահանջել վարչական ակտի անհապաղ կատարում, եթե դա բխում է հանրային կամ մյուս շահագրգիռ կողմի առաջնահերթ շահերից: 

Հատկանշական է, որ երբ վարչական մարմինը նախատեսում է վարչական ակտը անհապաղ կատարելու պահանջ, այն պետք է ներկայացնի նաև գրավոր հիմնավորումներ։ Այնուամենայնիվ, եթե վարչական ակտը ընդունվել է  արտակարգ պայմաններում՝ որպես արտակարգ գործողություն՝ քաղաքացիների կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառվելիք վնասները կանխելու համար, և վարչական ակտի գործողության կասեցումը կարող է վտանգել դրա հաջողությունը, ապա  դրա վիճարկման դեպքում վարչական ակտի գործողությունը չկասեցնելու պահանջի նախատեսումը լրացուցիչ հիմնավորումներ չի պահանջում:

Բուլղարիա

Բուլղարիայում այս հարցի նկատմամբ մոտեցումը մի փոքր այլ է: Մասնավորապես, 1979 թվականին ընդունված և 2006 թվականին ուժը կորցրած Վարչական դատավարության օրենսգիրքը[11] ուներ մի կարգավորում, համաձայն որի վարչական ակտը վիճարկելու դեպքում դրա գործողությունը կարող է չկասեցվել, եթե այն պարունակում է նախնական կատարման անհրաժեշտության պահանջ: Ընդ որում, նշվածը հիմք կարող էր հանդիսանալ վարչական ակտի կատարումը չկասեցնելու համար, եթե այն անհրաժեշտ էր քաղաքացիների կյանքի կամ առողջության պաշտպանության, ազգային տնտեսությանը հնարավոր վնասները կանխելու կամ պետական ​​այլ կարևոր շահեր պաշտպանելու համար, ինչպես նաև այն դեպքում, երբ վարչական ակտի գործողության կասեցումը կարող էր հետագայում այդ ակտի կատարումը դարձնել անհնար:

2006 թվականին ընդունված և այժմ գործող Վարչական դատավարության օրենսգրքի[12] համապատասխան կարգավորումը մի փոքր ավելի լայն է, և սահմանում է, որ վիճարկվող վարչական ակտը պետք է պարունակի ցուցում դրա կատարումը չկասեցնելու մասին, եթե դա պահանջվում է առանձին անձանց կյանքի կամ առողջության ապահովման, հատկապես կարևոր պետական կամ հանրային շահերի պաշտպանության, հետագայում ակտի կատարման անհնարինության ռիսկը կանխելու համար, կամ եթե կատարման ուշացումը կարող է հանգեցնել զգալի կամ անուղղելի վնասի: Միաժամանակ նախատեսվում է նաև, որ վարչական ակտի գործողությունը կարող է կասեցվել կողմերից որևէ մեկի միջնորդությամբ՝ նրանց հատկապես կարևոր շահերի պաշտպանության նպատակով: Որպես լրացուցիչ պահանջներ նախատեսվում է, որ վարչական ակտի գործողությունը չկասեցնելու (նախնական կատարման) ցուցումը պետք է պատճառաբանված լինի: Միաժամանակ, նույն նորմի հաջորդող կետերի բովանդակությունից պարզ է դառնում, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում  վարչական ակտի գործողությունը չկասեցնելու պայմանը կիրառվում է նաև վերադասության կարգով բողոքարկելու ժամանակ, ուստի նշվածի հիման վրա ՎԴՕ-ն թույլ է տալիս, որ կողմը՝ առանց բուն վարչական ակտը բողոքարկելու հնարավորություն ունենա բողոքարկել վարչական ակտի գործողությունը չկասեցնելու որոշումը:

Բացի այդ, մյուս հետաքրքիր հանգամանքը այն է, որ Բուլղարիայում, առանձին օրենքներում կարող է սահմանվել, որ կոնկրետ վարչական մարմնի կողմից կոնկրետ իրավիճակում ընդունված միջամտող վարչական ակտի բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը[13]:

Ամփոփելով կատարված վերլուծությունը կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ  ինչպես մյուս հայցատեսակների, այնպես էլ վիճարկման հայցի դեպքում առավել նպատակահարմար է նախատեսել հայցի ապահովման միջոցներ կիրառելու հնարավորություն` հիմնվելով, այն հանգամանքի վրա, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմնական պահանջից նախատեսվող բացառությունների շարքը գնալով ընդարձակվում է, իսկ վիճարկման հայցի դեպքում որպես ապահովման միջոց հայցի ապահովման միջոց կիրառելը կնպաստի  միայն դատարանի կողմից գնահատված անհրաժեշտության դեպքում վարչական ակտի գործողության կասեցմանը:

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.

«Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և Օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն:

Մասնավորապես, առաջարկվում է՝

  • ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը
  • վիճարկման հայց ներկայացնելու դեպքում նույնպես նախատեսել հայցի ապահովման միջնորդություն կիրառելու հնարավորություն,
  • հայցի ապահովման միջոց կիրառելու ընդհանուր հիմքերից բացի, որպես լրացուցիչ հիմք նախատեսել, նաև որ վիճարկման հայցի դեպքում դատարանը կարող է հայցի ապահովման միջոց է կիրառել նաև, եթե հայցվորն իր միջնորդությամբ հիմնավորել է, որ վարչական մարմնի՝ վարչական ակտը (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորումը այն մասին, որ այն հանրային շահից ելնելով ենթակա է անհապաղ կատարման, բավարար պատճառաբանված չէ
  • սահմանվել է, որ վիճարկման հայցի դեպքում հայցի ապահովման միջնորդությունը հայցվորը պետք է ուղարկի նաև վարչական մարմին, որի վերաբերյալ հավաստումը միջնորդությանը կից պետք է ներկայացվի դատարան:
  • սահմանել, որ դատարանը հայցի ապահովման միջնորդությունը ստանալուց հետո երկօրյա ժամկետում վարչական մարմնի՝ հայցի ապահովման միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ մերժելու վերաբերյալ հիմնավոր առարկությունները չստանալու դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը քննարկում և ընդունում է որոշում` առանց վարչական մարմնի առարկությունները հաշվի առնելու։
  • սահմանել նաև, որ այն դեպքում, երբ դատարանը վիճարկման հայցով հայցի ապահովման միջնորդություն ստանալիս գալիս է եզրահանգման, որ անհապաղ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի նույն հոդվածի 1-ին ամսով նախատեսված անդառնալի հետևանքներին, ապա առանց վարչական մարմնի առարկությունները ստանալու` անհապաղ կայացնում է հայցի ապահովման միջնորդությունը մասամբ կամ ամբողջությամբ բավարարելու մասին որոշում, որը մեկօրյա ժամկետում ուղարկում է դատավարության մասնակիցներին:
  • բոլոր հայցատեսակների համար սահմանել, որ դեպքում, երբ հայցի ապահովման մասին միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննարկում և որոշում է ընդունում հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ:
  • սահմանել, որ վիճարկման հայցի դեպքում հայցի ապահովում կիրառելիս վարչական ակտի գործողությունը մասամբ կամ ամբողջությամբ կասեցվում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը կայացնելու պահից:
  • սահմանել վիճարկման հայցի դեպքում նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը վերադաս ատյաններ բողոքարկելու հնարավորություն
  • կարգավորել վիճարկման հայցի դեպքում` նաև հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման, ինչպես նաև դրա վերաբերյալ վերադաս ատյանների կողմից կայացված որոշումների ուժի մեջ մտնելու և բողոքարկելու հատուկ կանոններ:

 

3․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:

 

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

 

[1] Սույն կարգավորումը ուժի մեջ է մտնելու  2025 թվականի հունվարի 1-ից:

[2] Թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշում

[3] Թիվ ՎԴ/3032/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2024 թվականի որոշում

[4] Էստոնիայի վարչական դատավարության օրենսգիրք https://www.riigiteataja.ee/en/eli/527012014001/consolide

[5] Էստոնիայի վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածը նախատեսում է 6 հայցատեսակ

[6] Համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկման հայցին

[7] Էստոնիայի վարչական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

[8] Մոլդովայի Հանրապետության  «Վարչական օրենսգիրք», հոդված 214՝ https://legis.md/cautare/getResults?doc_id=144471&lang=ru

[9] Ուկրաինայի Վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդված https://zakon.rada.gov.ua/laws/show/2747-15?lang=ru#n10611

[10] Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդված https://www.gesetze-im-internet.de/englisch_vwgo/englisch_vwgo.html?utm_source=chatgpt.com

[11] Բուլղարիայի 13.11.1979թ.-ին ընդունված և 12.07.2006թ.-ին ուժը կորցրած Վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդված, https://www.refworld.org/legal/legislation/natlegbod/1979/en/47631

[12]Բուլղարիայի 11.04.2006-ին ընդունված և 12.07.2006 թվականից գործող Վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդված՝ Code_of_Administrative_Procedure%20(6).pdf (19.02.2021թ.-ի փոփոխությունները ներառող տարբերակ)

[13] Բուլղարիայի Գերագույն վարչական դատարանը իր 19.03.2007թ.-ի թիվ 2840 որոշմամբ արձանագրել է, որ գործում է այն կանխավարկածը, որ եթե առանձին օրենքում հատուկ նախատեսված չէ, որ կոնկրետ իրավիճակում ընդունված միջամտող վարչական ակտի գործողությունը չի կարող կասեցվել դրա դատական կարգով բողոքարկման արդյունքում, ապա դատարանը պետք է կիրառի Վարչական դատավարության վերը քննարկվող 60-րդ հոդվածով նախատեսված կանոնը:

  • Քննարկվել է

    27.02.2025 - 14.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5516

Տպել

Առաջարկներ`

Harut Manasyan

14.03.2025

Հերթական իրավական ամենաթողությունը։

Arsen Hakobyan

14.03.2025

Նման անհեթեթ օրենսդրական նախաձեռնությունները հղի են բիզնեսի կործանմանն ուղղված վտանգներով։

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

14.03.2025

Միջազգային փորձի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելիս պետք է ներկայացվի ամբողջական պատկերը՝ սկսած վարչական ակտի կայացման, հիմնավորման, դրանց օրինականության, վարչական մարմնի հայեցողական մոտեցումների, սխալ վարչական ակտ կայացնելու համար պատասխանատվության վերաբերյալ: Հակասռակ դեպքում ընդհանուր համակարգից մեջբերվում է մի բաղադրիչը և միջազգային փորձով հիմնավորվում նույնիսկ անհամեմատելի երևույթներ

Տեսնել ավելին