Հիշել նախագիծը

<<Անկանխիկ գործառնությունների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի

42%58%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.02.2025 19:19:36 ԹԻՀԿ-ի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 6-ին Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տեղադրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ։ Նախագծի որոշ դրույթներ խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև․ Նշված նախագծով առաջարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Անկանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են սահմանվել գործարքի իրականացման հավելյալ պայմաններ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»։ Որպես կատարվող փոփոխության հակիրճ հիմնավորում հեղինակը նշել է, որ «սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսավորման աղբյուրից, որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալներ։» Տվյալ նախագծի վերաբերյալ առկա է մի քանի դիտարկում, որոնք վերաբերում են նախագծի հեղինակին, հիմնավորվածությանն ու որոշակիությանը և բժշկական գաղտնիքի պահպանմանը։ 1․ Նախագծի հեղինակը․ Համաձայն e-draft.am կայքէջի քննարկվող նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հարկ է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ նախագիծը կապված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «4.5 Առողջապահություն», «6.8 Հարկաբյուջետային քաղաքականության» և «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժիններին։ Միաժամանակ յուրաքանչյուր նախարարության լիազորությունների շրջանակը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածով։ Համաձայն դրա՝ նշված ոլորտներում քաղաքականության մշակումը պատկանում է Առողջապահության նախարարությանը և Ֆինանսների նախարարությանը։ Գտնում ենք, որ նշված նախագծի մշակումը չի բխում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից և դուրս է Պաշտպանության նախարարության գործառույթներից։
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.02.2025 19:19:36 2. Հիմնավորվածություն և որոշակիություն․ Նախագծով առաջարկվող փոփոխության տեքստը բավականին ընդհանրական է գրված և հիմնավորման նպատակի համեմատ շատ լայն է։ Ըստ նախագծի հիմնավորման փոփոխությամբ առաջարկվող նպատակը առողջապահության ոլորտում կատարվող վճարումների համար որոշակի հսկողություն սահմանելն է՝ կատարվող վճարումների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ տվյալներ ստանալու եղանակով։ Սակայն օրենքի փոփոխության նախագծի մեջ դա հստակ նշված չէ և հետագայում Կառավարությունը կարող է վճարային քարտերով այլ ոլորտներում կատարվող վճարումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության ստացման կարգ սահմանել։
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.02.2025 19:19:36 3․ Բժշկական գաղտնիքի պահպանումը․ Առաջարկվող կարգավորումը որոշակի առումով կարող է առաջացնել անձնական տվյալների, մասնավորապես՝ բժշկական գաղտնիք կազմող տվյալների լրացուցիչ միջամտության հավանականություն։ Ներկա պահին պետությունը տեղեկատվություն ստանում է այն բժշկական ծառայությունների վերաբերյալ, որոնք կատարվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակում։ Առաջարկվող կարգավորումից հետո, եթե Կառավարությունը սահմանի լրացուցիչ տվյալների ցանկ, կստացվի, որ ցանկացած բժշկական ծառայության համար անկանխիկ վճարում կատարելիս, պետությունը կարող է ստանալ տվյալ թե բանկային հաշվեհամարի տերը որ բուժհաստատությունում ինչ բժշկական սպասարկում է ստացել։ Այսինքն` անձի սեփական միջոցներով կատարված բժշկական սպասարկման մանրամասները հայտնի են դառնում նաև այլ շրջանակի, ինչը համարվում է օրենքով և այլ իրավական ակտերով պաշտպանվող տվյալների լրացուցիչ հավաքագրում ու իրավունքների միջամտություն։ Առաջարկում ենք դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը, տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նախարարության հետ և հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ