ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) ընդունմամբ։
Մասնավորապես, Օրենքով նախատեսվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ (այսուհետև՝ թվային համակարգ)։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում նոր լրացվող 102.2-րդ հոդվածով նախատեսվում է, որ թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը, ինչպես նաև թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ մշակվել է սույն նախագիծը։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետև՝ ՀՀ ՊԵԿ) է։
Միաժամանակ սահմանվում է, որ գործատուները աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կազմում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։
Այս մասով հարկ է նշել, որ գործատուները, գործող կարգավորումների համաձայն, աշխատանքի նոր ընդունվող աշխատողի համար մուտք են գործում նշված համակարգ, որպեսզի ներկայացնեն «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ» (այսուհետև՝ գրանցման հայտ)։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործատուների կողմից կրկնակի գործողություններ չկատարելու համար, նպատակահարմար է աշխատանքային պայմանագրերի կնքումը նույնպես իրականացվի նշված համակարգի միջոցով, որից հետո ստորագրված աշխատանքային պայմանագրի հիման վրա համակարգի կողմից ինքնաշխատ կձևավորվի գրանցման հայտ։
Միաժամանակ Նախագծով նախատեսվում է, որ թվային համակարգին հասանելիություն է տրամադրվելու`
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին.
3) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։
Նախագծով նախատեսվում է նաև աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգավորումները։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:
- 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։
Թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետև՝ Տեսչական մարմին) հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը: Բացի այդ, համակարգի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) ձևավորված պրակտիկան:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ թվային համակարգի առկայությունը մի կողմից հնարավորություն կտա Տեսչական մարմնին իրականացնել պատշաճ պետական վերահսկողություն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում (առավել թափանցիկ, հաշվետու և իրավունքահեն), ինչի արդյունքում աշխատողներն ու գործատուները հստակ պատկերացում կկազմեն, թե ինչ է ենթադրում աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունը, իսկ մյուս կողմից թվային համակարգը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը և զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից։
Այս նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, կատարվող վճարների և հատկացումների արտացոլման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ։