Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

21%79%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Shushan Doydoyan 13.02.2025 15:29:57 Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ՆԳՆ-ին հասանելիություն տրամադրելը խիստ վիճահարույց է հետևյալ երկու հանգամանքով պայմանավորված՝ - Նախ ինչու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմինը՝ ՀՀ ԱՆ ԱՏՊ Գործակալությունը չի տվել իր եզրակացությունը, թե որքանով է կառավարության այս որոշումը համապատասխանում ԱՏՊ ստանդարտներին։ Պետության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ - Երկրորդ՝ չկա հիմնավորում, թե որն է այն անհրաժեշտությունը, հանրային օգուտը, որն է այն նպատակը, որով պայմանավորված պետք է ՆԳՆ-ն ունենա հասանելիություն թվային համակարգին։ Առանց այդ հստակ հիմնավորման և օրինական նպատակի սահմանման՝ տվյալների հասանելիությունը կխախտի համաչափության և օրինականության սկզբունքները։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ (ուժի մեջ է մտնելու 01.07.2025) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը թվային համակարգի օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն տրվում է այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար: Այսինքն, ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը համակարգին հասանելիություն տրամադրվելու է միայն օտարերկրացի աշխատողների մասով և միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար: Բացի այդ, նախագիծը լրամշակվել է և սահմանվել, որ Որոշումն ընդունվելուց հետո մինչև որոշման ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու ընթացակարգային կարգավորումներ։ Անդրադառնալով ՀՀ ԱՆ ԱՏՊ Գործակալության եզրակացությանը՝ տեղեկացնում ենք, որ նախագիծը հանրային քննարկման դրվելուն զուգահեռ ներկայացվել է նաև շահագրգիռ մարմիններ կարծիքի, այդ թվում՝ Արդարադատության նախարարություն։
2 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 20.02.2025 16:40:41 Թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու հետ կապված խնդիրներ Ըստ Որոշման նախագծի՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է։ Որոշման նախագծի համաձայն՝ ի լրումն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, թվային համակարգին հասանելիություն տրամադրվում է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին և ՀՀ ներքին գործերի նախարարությանը։ Որոշման նախագծում չի հստակեցվում, սակայն, թե նշված մարմիններից յուրաքանչյուրին ինչ ծավալով հասանելիություն է տրվում թվային համակարգին: Բացի այդ, հստակեցված չէ, թե նշված մարմինները համակարգին հասանելիություն որ դեպքերում և ինչ պայմանների առկայության դեպքում կարող են ունենալ, իսկ համակարգի ինքնաշխատ ձևով հասանելիությունը պետական մարմիններին անընդունելի է, հետևյալ պատճառաբանություններով․ Առաջարկն ընդունվել է։ Քննարկումների արդյունքով Նախագիծը լրացվել է նոր 3-րդ կետով՝ «3. Սույն որոշումն ընդունվելուց հետո մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու ընթացակարգային կարգավորումներ։»։
3 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 20.02.2025 16:40:59 Պետական եկամուտների կոմիտեի՝ տվյալներին հասանելիության խնդիրը. Աշխատանքային օրենսգրքի 102.2-ի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաև աշխատողի համար հաշվարկված և վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական և պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում: Իսկ Որոշման նախագծով սահմանվում է, որ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է։ Այսպես՝ Որոշման նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ իրականացվող հարկային հսկողության համար տրամադրվում է հասանելիություն թվային համակարգի միջոցով կնքված՝ 1) աշխատանքային պայմանագրերին, 2) աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին, 3) աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին։ Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն, որպես պետական մարմին, հանդիսանալու է էլեկտրոնային համակարգը կառավարողը, իսկ նույն մարմնի ստորաբաժանումները հասանելիություն են ունենալու բոլոր աշխատանքային պայմանագրերին, համաձայնագրերին և անհատական իրավական ակտերին՝ իրենց լիազորությունների իրականացման համար: Ավելին՝ ըստ Որոշման նախագծի՝ գործատուները աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կազմում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։ Այսինքն, ենթաօրենսդրական ակտով՝ Կառավարության որոշմամբ ավելի լայն լիազորություններ են տրվել Պետական եկամուտների կոմիտեին, քան Աշխատանքային օրենսգրքով, քանի որ Աշխատանքային օրենսգրքով Կոմիտեին հասանելիություն է տրվում էլեկտրոնային համակարգին կոնկրետ՝ իրեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու շրջանակներում, իսկ Կառավարության որոշման նախագծով տրվում է ողջ էլեկտրոնային համակարգը կառավարելու լիազորություն, ինչը ենթադրում է, որ Պետական եկամուտների կոմիտեն հասանելիություն է ունենալու և կարողանալու է կառավարել ՀՀ-ում գրանցված բոլոր աշխատողների և գործատուների վերաբերյալ տվյալները, և նաև այնպիսի տվյալներ, որոնց նկատմամբ հսկողական լիազորություններ Կոմիտեն չունի (ըստ փոփոխությունների՝ աշխատանքային պայմանագրերը հնարավոր է լինելու կնքել միայն էլեկտրոնային եղանակով, իսկ աշխատանքային պայմանագրերը բացի աշխատավարձի վերաբերյալ կարգավորումներից (որը Պետական եկամուտների հետաքրքրության տիրույթում է) պարունակում են նաև այլ՝ պայմանագրի համար կարևոր կետեր, որոնց նկատմամբ Պետական եկամուտների կոմիտեն որևէ իրավասություն չունի): Հաշվի առնելով, որ Պետական եկամուտների կոմիտեի լիազորությունները աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում սահմանափակվում են այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաև աշխատողի համար հաշվարկված և վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական և պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, խնդրահարույց է վերջինիս ընդհանուր հասանելիություն տրամադրելը գործատուների և աշխատողների միջև կնքվող պայմանագրերին իրենց բոլոր վավերապայմաններով, համաձայնագրերին և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին: Այսպիսով, Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հասանելիությունը թվային համակարգին պետք է սահմանափակվի միայն հարկային հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվությամբ, իսկ թվային համակարգի ընդհանուր կառավարումը Պետական եկամուտների կոմիտեին լիազորելը չի տեղավորվում վերջինիս դերի և լիազորությունների շրջանակի տրամաբանության մեջ: Իրավաչափ և հիմնավոր կլիներ թվային համակարգի ընդհանուր կառավարման գործառույթը տրամադրել անկախ և վերահսկողական ֆունկցիաներ չունեցող մարմնի, որը կապահովեր նաև աշխատանքային պայմանագրերում առկա անձնական տվյալների պաշտպանությունը և վերահսկողական լիազորություններ ունեցող մարմինների հասանելիությունը բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ և բավարար տեղեկությունների։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է, որ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից։ Միաժամանակ, «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 2-րդ կետով սահմանվել է, որ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է։ Բացի այդ, գործող կարգավորումների համաձայն՝ գործատուներն աշխատանքի նոր ընդունվող աշխատողի համար մուտք են գործում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջ, որպեսզի ներկայացնեն «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործատուների կողմից կրկնակի գործողություններ չկատարելու համար, նպատակահարմար է աշխատանքային պայմանագրերի կնքումը նույնպես իրականացվի նշված համակարգի միջոցով, որից հետո ստորագրված աշխատանքային պայմանագրի հիման վրա համակարգի կողմից ինքնաշխատ կձևավորվի գրանցման հայտ։
4 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 20.02.2025 16:41:09 ՀՀ Ներքին գործերին նախարարության՝ Համակարգին հասանելիության խնդիրը. Ըստ Աշխատանքային օրենսգքրի 102.2 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը թվային համակարգի օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն տրվում է այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար: Իսկ Որոշման նախագծով ՀՀ ներքին գործերի նախարարությանը թվային համակարգին հասանելություն է տրամադրվում՝ առանց հստակեցնելու այն ծավալը և սահմանները, որի շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը կարող է հասանելիություն ունենալ հարթակին և դրանում առկա տեղեկություններին (բացառապես օտարերկրյա աշխատողի ներգրավման առնչությամբ), ինչը հակասում է Աշխատանքային օրենսգրքի դրույթներին։ Բացի այդ, նույնիսկ ծավալի նշման դեպքում անհրաժեշտ է լինելու Կառավարության որոշմամբ հստակ սահմանել, թե ինչպես և կոնկրետ որ տվյալներին է հասանելիություն ունենալու Ներքին գործերի նախարարությունը, ով և ինչպես է իրականացնելու պայմանագրերի ֆիլտրումը, և հասանելիություն տալու Ներքին գործերի նախարարությանը։ Ավելին, հստակ չէ այն պաշտոնատար անձանց շրջանակը, ովքեր կարող են հասանելիություն ունենալ թվային համակարգին՝ ապահովելու անձանց անձնական տվյալների պաշտպանությունն ու բացառելու համակարգը չարաշահումներով և բացառապես օտարերկրյա աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար օգտագործելու վտանգներից։ Առաջարկն ընդունվել է։ Նախագիծը լրացվել է նոր կետով, որով սահմանվել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայությանը հասանելիություն տրամադրելու տեղեկությունների շրջանակը։ Միաժամանակ նշենք, որ քննարկումների արդյունքով Նախագիծը լրացվել է նոր 3-րդ կետով, որով սահմանվել է՝ «3. Սույն որոշումն ընդունվելուց հետո մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու ընթացակարգային կարգավորումներ։»։
5 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 20.02.2025 16:41:18 Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի՝ թվային համակարգին հասանելիության խնդիրը. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթներն իրականացնում է երկու եղանակով՝ ստուգումների իրականացմամբ՝ ստուգաթերթերի հիման վրա և գործատուներին այցելելու միջոցով և վարչական վարույթ իրականացնելու միջոցով: Որոշման նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար տրամադրվում է հասանելիություն թվային համակարգի միջոցով կնքված՝ 1) աշխատանքային պայմանագրերին, 2) աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին, 3)աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին։ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթները իրականացնելիս՝ թե՛ ստուգումներ անցկացնելիս և թե՛վարչական վարույթ իրականացնելիս կարող է ունենալ բացառապես իր գործառույթները կոնկրետ գործով պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների, այլ ոչ ինքնաշխատ եղանակով թվային համակարգում առկա ցանկացած տվյալի հասանելիություն։ Թվային համակարգում առկա կոնկրետ և գործով անհրաժեշտ տվյալներին հասանելիություն ստանալու նպատակով ԱԱՏՄ-ն (կոնկրետ վարույթն իրականացնողը կամ ստուգումներ անցկացնողը) պետք է ստանա կոնկրետ գործով միայն անհրաժեշտ տվյալներին հասանելիություն: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել և սահմանափակել թվային համակարգին հասանելիություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակն ու տվյալների հասանելիությունը՝ նախատեսելով հստակ պարտավորություններ ունեցող անձանց հասանելիություն թվային համակարգում առկա տվյալներին ու այս տվյալներին հասանելիության իրավունք տվող հիմքերի առկայություն, օրինակ՝ գործատուի մոտ ստուգում անցկացնելու մասին որոշում, վարույթ հարուցելու մասին որոշում, ինչի հիման վրա տվյալների հասանելիության անհրաժեշտությունը կերևա։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ուժի մեջ է մտնելու 01.07.2025) արդեն իսկ նախատեսված է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների նկատմամբ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվող վերահսկողության համար
6 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 20.02.2025 16:41:32 2. Տվյալների գաղտնիության ապահովման և պաշտպանության հետ կապված և այլ խնդիրներ. Որոշման նախագծում նշված չէ, թե ինչպես են պահպանվելու և պաշտպանվելու աշխատողների անձնական տվյալները, ինչպիսի անվտանգության մեխանիզմներ են կիրառվելու խոցելիությունից պաշտպանվելու համար։ ● Բացակայում են Թվային համակարգ չարտոնված մուտքի երաշխիքները: ● Անհրաժեշտ է հստակեցնել, թե տվյալներին հասանելիություն ունեցող պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք ինչպիսի լիազորություններ և պատասխանատվություն ունեն, որպեսզի ապահովվի աշխատողների անձնական տվյալների, ինչպես նաև այլ, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիքի, առևտրային գաղտնիքի և այլ տվյալների գաղտնիության պաշտպանությունը։ ● Նախագծում բացակայում են երաշխիքները՝ պետական մարմինների կողմից անձնական տվյալների, ինչպես նաև օրենքով պաշտպանված գաղտնիք համարվող տեղեկությունների արտահոսքի կամ չարաշահումների դեպքում։ ● Հաշվի առնելով, որ տարբեր ոլորտների գործատուներ աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում ներառում են բացի աշխատանքի էական պայմաններից նաև այլ՝ աշխատանքային հարաբերությունների համար կարևոր, հաճախ նաև՝ գաղտնի բնույթ կրող դրույթներ, պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելը վերջիններիս զրկում է նման դրույթներ նախատեսելու հնարավորությունից և/կամ չի տալիս երաշխիքներ՝ այդ տվյալների պաշտպանված լինելու առնչությամբ։ Այս իմաստով խտրական է նաև Աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածում նախատեսվող լրացումը, ըստ որի՝ միայն պետական մարմինների առանձին պաշտոնյաների հետ կարող է կնքվել գրավոր աշխատանքային պայմանագիր՝ հաշվի առնելով պայմանագրերի՝ գաղտնի տվյալներ պարունակելու հանգամանքը։ Հետևաբար, իրավաչափ և ողջամիտ կլինի սահմանել միայն աշխատանքի էական պայմաններր ներմուծմամբ թվային համակարգում կնքել էլեկտրոնային պայմանագիր, իսկ աշխատող գործատու հարաբերությունների այլ, այդ թվում՝ գաղտնի բնույթ ունեցող տվյալները հասանելի չդարձնել պետական մարմիններին։ ● Նախագծում նշվում են աշխատաժամանակի ռեժիմի և պայմանագրային հարաբերությունների տարբեր ձևեր, սակայն բացակայում են հստակ կանոններ թվային պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, օրինակ՝ ինչպես են իրականացվելու ծանուցումները պայմանագրերի էական պայմանների փոփոխության, աշխատանքային պայմանագրերի դադարեցման դեպքում, արդյոք դրանք ևս մուտք են արվելու համակարգ, թե ոչ, կամ որ փաստաթղթերն է պահանջվում վարել և էլեկտրոնային, և թղթային գրավոր տարբերակով, կամ ինչպես են կատարվելու էլեկտրոնային պայմանագրերում փոփոխությունները և այլն: ● Նախագծում չի հստակեցվում, թե որքան ժամանակ են պահպանվելու աշխատողների և գործատուների միջև կնքվող էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը, երբ և ինչպես են արխիվացվելու: ● Բացի այդ, Թվային համակարգի ներդրումը պահանջում է բավարար տեխնիկական ռեսուրսներ, սակայն նախագծում չի հստակեցվում, թե ինչ միջոցներ են տրամադրվելու դրա զարգացման համար։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Տվյալների մակարդակում պետք է կատարվեն միջոցառումներ անձնական տվյալների անվտանգությունը տվյալների շտեմարանների անվտանգ կառուցվածքի միջոցով ապահովելու համար, մասնավորապես՝ տվյալների մակարդակում անձնական տվյալների անվտանգությունը պետք է ապահովվի «Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի թիվ 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարութան 19.12.2019թ․ թիվ 1849-Ն որոշմամբ սահմանված Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգին համապատասխան: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ գործատուները աշխատանքային պայմանագրերում ներառում են բացի աշխատանքի էական պայմաններից նաև այլ՝ աշխատանքային հարաբերությունների համար կարևոր, հաճախ նաև՝ գաղտնի բնույթ կրող դրույթներ, ապա այս մասով նշենք, որ Օրենսգրքով հնարավորություն է տրված աշխատանքային պայմանագրի այլ պայմանները կարգավորել նաև հավելվածով, որի բովանդակությունը թվային համակարգ չի ներառվում։ Անդրադառնալով ծանուցումների վերաբերյալ դիտարկմանը՝ տեղեկացնում ենք, որ այս փուլում ծանուցումները կլինեն ոչ թվային համակարգի միջոցով, հետագա բարելավումների շրջանակում կքննարկվի նաև ծանուցումները թվային համակարգով տալու հարցը։ Նախագծով նախատեսվում է, որ թվային համակարգով են կնքվելու աշխատանքային պայմանագրերը, պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու համաձայնագրերը, ինչպես նաև աշխատանքից ազատման հրամաններն են կազմվելու թվային համակարգի միջոցով։ Ինչ վերաբերում է պահպանման ժամկետներին, ապա վերջիններս պահպանվելու են արխիվային փաստաթղթերի ընդհանուր հիմունքներով։
7 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 20.02.2025 16:41:53 Ողջ վերոգրյալի հաշվառմամբ առաջարկում ենք վերանայել Որոշման նախագիծը և համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ ապահովելով գործատուների և աշխատողների իրավունքների պատշաճ իրացումը: - Թվային համակարգի ընդհանուր կառավարման գործառույթը տրամադրել անկախ և վերահսկողական ֆունկցիաներ չունեցող մարմնի, որը կապահովեր նաև աշխատանքային պայմանագրերում առկա անձնական տվյալների պաշտպանությունը և վերահսկողական լիազորություններ ունեցող մարմինների հասանելիությունը բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ և բավարար տեղեկություններին։ - Բացառել ինքնաշխատ եղանակով վերահսկողական լիազորություններ ունեցող մարմինների հասանելիությունը թվային համակարգին՝ հստակեցնելով նրանց կողմից թվային համակարգում առկա տվյալներին հասանելիություն ստանալու եղանակը և ծավալը՝ բացառելու համակարգը և դրանում առկա տեղեկությունները չարաշահումներով օգտագործելու հնարավորությունը։ - Սահմանել միայն աշխատանքի էական և պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ներմուծմամբ թվային համակարգում էլեկտրոնային պայմանագիր կնքելու պարտականություն, իսկ աշխատող գործատու հարաբերությունների այլ, այդ թվում՝ գաղտնի բնույթ ունեցող տվյալները հասանելի չդարձնել պետական մարմիններին։ - Նախատեսել երաշխիքներ և պատասխանատվություն թվային համակարգ չարտոնված մուտքի, անձնական տվյալների, այդ թվում՝ այլ գաղտնիք պարունակող տվյալների արտահոսքի կամ չարաշահումների համար։ - Հստակեցնել էլեկտրոնային համակարգում պայմանագրերի պահպանման ժամկետները և արխիվացման ու պահպանման կարգը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Գործող կարգավորումների համաձայն՝ գործատուներն աշխատանքի նոր ընդունվող աշխատողի համար մուտք են գործում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջ, որպեսզի ներկայացնեն «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ» (այսուհետև՝ գրանցման հայտ)։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործատուների կողմից կրկնակի գործողություններ չկատարելու համար, նպատակահարմար է աշխատանքային պայմանագրերի կնքումը նույնպես իրականացվի նշված համակարգի միջոցով, որից հետո ստորագրված աշխատանքային պայմանագրի հիման վրա համակարգի կողմից ինքնաշխատ կձևավորվի գրանցման հայտ։ Անդրադառնալով հասանելիությանը՝ նշենք, որ քննարկումների արդյունքով Նախագիծը լրացվել է նոր 3-րդ կետով՝ «3. Սույն որոշումն ընդունվելուց հետո մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու ընթացակարգային կարգավորումներ։»։ Ինչ վերաբերում է պահպանման ժամկետներին, ապա վերջիններս պահպանվելու են արխիվային փաստաթղթերի ընդհանուր հիմունքներով։