«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
8 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օրենքով սահմանված իրավունքների ընդյալնմամբ, մասնավորապես` հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս իրավասու է լինելու իրականացնել սթափության վիճակի ստուգում՝ ոստիկանության ստորաբաժանումներում առկա սարքավորումների միջոցով։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Ոստիկանության մասին» օրենքի 24․1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս իրավունք ունի Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնելու նավավարի սթափության վիճակի ստուգում, իսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի իե․3-րդ կետով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը։ ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատվել է ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը։ Այսպես, գործող իրավակարգավորումները ոստիկանությանը լիազորել են տեխնիկական սարքավորմամբ իրականացնելու միայն վարորդների և նավավարի սթափության վիճակի ստուգում։ Այլ դեպքերում ոստիկանությունը նշված ստուգումներն իրականացնում է անձին համապատասխան բժշկական հաստատություններ տեղափոխելու միջոցով։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով /այսուհետ՝ Օրենսգիրք/ սահմանվել են մի շարք դրույթներ, որոնցով վարչական ներգործության միջոցներ կիրառելն անմիջականորեն պայմանավորված է անձի սթափության վիճակի հետ։ Մասնավորապես Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է նաև վարչական իրավախախտումը հարբած վիճակում կատարելը։ Բացի այդ, Օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից: Օրենսգրքում նախատեսվել են նաև որոշ իրավախախտման տեսակներ (հոդված 175-րդ և 177-րդ), որոնցով վրա հասնող պատասխանատվության համար նույնպես անհրաժեշտ է իրականանցել սթափության վիճակի ստուգումներ։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությանը վերապահվելու է տեխնիկական սարքերի միջոցով սթափության վիճակի ստուգում իրականացնելու իրավունք։ Նշված գործընթացի իրականացմամբ ոստիկանությունը հնարավորություն կունենա տեղում որոշելու ենթադրյալ իրավախախտի սթափության վիճակը՝ այդ նպատակով անձին այլևս բժշկական հաստատություն չտեղափոխելով։ Նախագծի ընդունմամբ կբացառվի նաև սթափության վիճակով պայմանավորված վարչական ձերբակալման ժամկետների հնարավոր խախտումները և կապահովվի վարչարարության իրականացնումն առավել կարճ ժամանակահատվածում:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
31.01.2025 - 15.02.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական օրենսդրություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1029
Տպել