Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

71%29%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մարզային առողջապահական կազմակերպությունների կառավարման մոդելի փոփոխությամբ:

Ներկայումս ՀՀ մարզային առողջապահական կազմակերպությունները համարվում են մարզպետարանի ենթակայության կազմակերպություններ, մասնավորապես վերջիններիս կառավարան լիազրությունները պատկանում են մարզպետներին:

Առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունների արդյունքում, արձանագրվել է, որ բացակայում են առողջապահական կազմակերպությունների ընթացիկ կառավարման, այդ թվում ֆինանսական կառավարման հմտությունները։ Բոլոր կազմակերպությունների համար բնորոշ էին հետևյալ հիմնական թերությունները․

  • Առողջապահական կազմակերպությունների նախահաշիվները չեն արտացոլում վերջիններիս ծախսերի և եկամուտների եռամսյակային ցուցանիշները, դրանք չեն համապատասխանեցվում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններին, ինչը լրջագույն ռիսկեր է ստեղծում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի ապահովման տեսանկյունից։
  • Ծախսերում հիմնական տեսակարար կշիռը կազմում է աշխատավարձի մասով ծախսը տատանվելով 73-ից մինչև 89 տոկոս, ինչը խնդրահարույց է առողջապահական կազմակերպության համար, քանզի ըստ ծառայությունների տեսակների, բժշկական ծառայությունների ծախսերի կառուցվածքում դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ծախսերը կազմում են միջինում 15-25% և եթե սրան ավելացնենք նաև առողջապահական կազմակերպության անուղղակի (վերադիր) ծախսերը, ապա ծախսերի ոչ ճիշտ պլանավորման խնդիրը առավել ակնառու է դառնում։ Նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազամկերպության ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը։
  • Բացակայում են առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունները։ Բժշկական կազմակերպությունները, ընդհանուր մրցակցությանը դիմակայելու և վճարունակ պացիենտներին ծառայություններ մատուցելու նպատակով, սահմանում են վճարովի բժշկական ծառայությունների ցածր գներ՝ առանց հաշվի առնելու հաստատուն/անուղղակի ծախսերի տեսակարար կշիռը, ինչի արդյունքում, վճարովի ծառայություններից ստացվող «թվացյալ եկամուտը» գրեթե ամբողջովին ծախսվում է աշխատանքի վարձատրության, դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների վրա, իրականում դառնալով վնասաբեր կազմակերպության համար։
  • Տարբեր ժամանակահատվածներում կառուցվածքային փոփոխություններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներով պայմանավորված ծառայությունների ծավալի անկումին համարժեք արձագանքման բացակայություն։ Այսպես, Քովիդի շրջանում դիմելիության անկման հետևանքով մատուցվող ծառայությունների ծավալն զգալիորեն կրճատվել է, սակայն առողջապահական կազմակերպությունները շարունակել են պահպանել մահճակալային և կադրային նույն հզորությունները։ Նույնը վերաբերվում է նաև բուժհիմնարկի խոշորացման արդյունքում տարբեր բուժհիմնարկների ֆիզիկական կամ իրավաբանական միավորմանը, երբ միավորող բժշկական կազմակերպությունը շարունակել է պահպանել կադրային և շենքային ռեսուրսները։ Միևնույն խնդիրն է առաջանում նաև ճանապարհային ենթակառուցվածքի, բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը զւգահեռ անհրաժեշտ փոփոխությունների բացակայության դեպքում։ Առողջապահական կազմակերպությունները, որոնք սպասարկում են ավելի քիչ թվով տարածաշրջաններ և գտնվում են այլ խոշոր և տեխնոլոգիապես հագեցած բժշկական կազմակրեպությւոններին շատ մոտ, համապատասխան ձևով չեն արձագանքում այդ իրողություններին՝ շարունակելով պահպանել ծախսատար ծառայություններ։ Առողջապահական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում ծառայությունների դիվերսիֆիկացման, բազմապրոֆիլ ծառայությունների մատուցման անհրաժեշտության, ֆինանսական մեխանիզմների փոփոխություններին համարժեք չարձագանքելը նույնպես հանդիսանում է խնդիր։
  • Եկամուտների աղբյուրների կառավարման բացակայություն։ Առկա տարածքային, տեխնիկական կարողությունների անհամաչափ օգտագործումը բնորոշ էր գրեթե բոլոր առողջապահական կազմակերպություններին։ Վարձակալությամբ հանձնված տարածքներից ստացվող եկամուտները համաչափ չեն տարածքներում ծավալված բիզնես գործունեության այլ համադրելի վարձավճարների հետ։ Շատ դեպքերում վարձակալությամբ հանձնված տարածքներից ստացվող ամսեկան եկամուտը համարժեք էր նշված տարածքում ծառայություններից ստացվող օրեկան գումարին։
  • Ֆինանսական գործիքների օգտագործման և ծառայությունների զարգացման հմտությունների բացակայությունը։ Առողջապահական կազմակերպությունները չեն կիրառում բանկային վարկերի, օվերդրաֆթների, լիզինգի հնարավորությունները, այնինչ ժամանակակից աշխարհում ընդունված է տնտեսվարող սուբյեկտների կամ ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական գործիքների օգտագործումը։
  • Ռիսկերի հավասարակշռման և ֆինանսական կայունության ապահովման հմտությունների բացակայություն։ Առողջապահական կազմակերպությունների կողմից չեն կիրառվել պահուստային ֆոնդերի ստեղծման գործիքները, որոնք պետք է ձևավորվեին տարեկան միջին ծախսերի 6-8%-ի չափով, դրանով իսկ հնարավորություն տալով առողջապահական կազմակերպությանը դիմագրավել ժամանակավոր ֆինանսական միջոցների բացակայությանը, ինչպես նաև իրականացնել սարքերի և սարքավորումների ձեռքբերումներ, կատարել կապիտալ շինարարություն կամ հիմնանորոգումներ։ Բացի դա, համաձայն ՀՀ ՊԵԿ կողմից տրամադրված տվյալների, 2018-2023թթ. առողջապահական կազմակերպությունների շահութաբերության միջին ցուցանիշը կազմել է 8,1%, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ առողջապահական կազմակերպությունները առանց լուրջ խոչընդոտների, կարող էին ձևավորել նշված պահուստային միջոցները, իհարկե, եթե իրականացնեին համարժեք ֆինանսական կառավարում՝ ծախսերի և եկամուտների բալանսավորում։

Վեր հանված թերությունները չնայած առաջին հայացքից ունեն տեղային բնույթ, սակայն արտացոլում են կազմակերպությունների մարզային կառավարման ընդհանրական թերությունները։ Մարզպետները հանդիսանում են բժշկական կազմակերպությունների հիմնադիրները և միակ՝ 100% բաժնեմասի սեփականատերը և ունեն ուղիղ պարտականություն կառավարել բժշկական կազմակերպությունը։ Մասնավորապես, նախահաշիվների կազմումը, դրա ընթացիկ մոնիթորինգը և գնահատումը, բժշկական կազմակերպության տնօրենների զարգացման ծրագրերի մոնիթորինգը, վճարովի ծառայությունների հաշվարկման և իրական ծախսերի վրա հիմնված գների հաստատումը, ֆինանսական գործիքների կիրառումը, պահուստների ձևավորումը, կադրային քաղաքականությունը համարվում են այն լծակները, որոնք հնարավորություն են տալիս կառավարելի դարձնել բժշկական կազմակերպությունների ղեկավարների կողմից հնարավոր ռիսկերի ստեղծումը։ Ցանկացած դեպքում, մարզային ենթակայության ավելի քան 40 բժշկական կենտրոնների կառավարման ցանկացած մոդելի դեպքում համապատասխան ունակություններով, գիտելիքներով և փորձով օժտված կառավարիչներ ունենալը, համապատասխան մասնագիտական ներուժ ունեցող ֆինանսական կառավարման, տնտեսագիտական, հաշվապահական մասնագիտություններին տիրապետող անձնակազմ ձևավորելը բարդ և գրեթե անիրականանալի գործընթաց է։

Ելնելով վերը նշվածից և հիմնվելով բազմաթիվ երկրներում ներդրված փորձի վրա, առաջարկվում է իրականացնել մարզային բժշկական կազմակերպությունների կառավարման մոդելի փոփոխություն:

2. Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը.

2024 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայացած խորհրդակցության, թիվ Վ/115-2024 արձանագրության 3.1.2 կետով հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել մարզային բժշկական կենտրոնների կառավարման մոդելի փոփոխության ուղղությամբ, որի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է վերջիններիս կառավարման լիազորությունները վերապահել Առողջապահության նախարարին: Բացի այդ հաշվի առնելով, որ 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն ՀՀ կառավարության որոշմամբ է սահմանվում մարզային առողջապահական կազմակերպությունների կառավարման լիազորությունները, կամ պարզապես որոշների մասով բացակայում է, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել վերոնշյալ ՀՀ կառավարության որոշման մեջ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Իրավական ակտի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    17.01.2025 - 01.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1447

Տպել

Առաջարկներ`

arman abovyan

31.01.2025

Շատ ճիշտ որոշում է,որը պետք էր վաղուց կատարվեր։Որոշումն ընդունվելուց հետո պետք է առաջին հերթին վատ աշխատած տնօրեններից շուտափույթ ազատվել։

Տեսնել ավելին