Ալինա Հակոբյան
24.12.2024
Առողջ ապրելակերպի գաղափարը պետք է դեռևս նախակրթարանից,դպրոցից,բուհից սկսել,գովելի է նախաձեռնության գաղափարը և ֆինանսական և էկոլոգիական,բնապահպանական տեսակետից
Լրամշակման փուլում է
5 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Անհրաժեշտությունը.
«Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է մի կողմից ՀՀ կառավարության 2023 թվականի դեպտեմբերի 7-ի 2145-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ սահմանված հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական առողջ ակտիվությունը խթանելու նպատակից, մյուս կողմից նաև հանրային երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևերը խթանելու անհրաժեշտությունից:
2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.
Հայաստանի Հանրապետությունը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50%-ը: Հայաստանում (ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների) 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ նշվել է բնակչության ավելի քան 7%-ի ֆիզկուլտուրային կանոնավոր զբաղվածություն, իսկ 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության ցուցանիշը կազմել է 16,5%: Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը կազմել է, համապատասխանաբար՝ 10,4 և 22,3 %: ՀՀ կառավարությունը առաջնահերթ է դիտում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը։ Այդ իսկ պատճառով սպորտի ոլորտին արվող պետական հատկացումները 2018-ի համեմատ 2023-ին աճել է շուրջ հինգ անգամ, ընդ որում, դրա շրջանակներում մասսայական սպորտին ուղղվող հատկացումները աճել են շուրջ 10 անգամ հենց այս թիրախն ունենալով։ Հարկ է նշել, որ 2021-ից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել և խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին, նաև մրցաշարերը կազմակերպելով տարբեր մարզային բնակավայրերում՝ նպաստել նաև այդ բնակավայրերի տնտեսական աշխուժացմանը։ 2024 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» 5 խոշոր մարզական մրցաշարերին արդեն իսկ մասնակցել է շուրջ 9603 մարդ, որ 48%-ով ավելի է, քան նախորդ տարի: Ավելին, 2024-ից սկսած երեք մրցաշարեր անցկացվում են դպրոցական ձևաչափով՝ սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի և հեծանվավազքի՝ նպաստելու նաև դպրոցականների շրջանում սպորտով զբաղվելու և ֆիզիկական առողջ ակտիվության նախասիրությունները։ Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024-ին ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին, կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ՝ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության համար։ Այս քաղաքականության շարունակությունն է ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակներում ներառել նաև բարձրագույն և մկու հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին՝ նրանց ևս խրախուսելով դիտարկել հեծանիվ վարելու հնարավորությունը ոչ միայն որպես նախասիրություն և ֆիզիկական առողջ ակտիվություն, այլ նաև սեփական առօրյան կազմակերպելու միջոց, օրինակ՝ հաստատություն գնալու-գալու, առօրյա այլ հարցերը կազմակերպելու տեսանկյունից։ Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու մկու և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, իբրև նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով և այն գործածել առօրյայում։ Այսպիսով, յուրաքանչյուր շահառուի համար սեփական նպատակների և նախասիրությունների շրջանակում ստեղծվող հնարավորությունը նաև հանրային վարքականոնի ձևավորման լավ հիմք կդառնա՝ խթանելով թե սիրողական հեծանվավազքը, թե դարձնելով հեծանիվը ավելի ակտիվ օգտագործվող փոխադրամիջոց։
Այս քաղաքականությունը կխրախուսի նաև համապատասխան տնտեսվարողներին՝ ձևավորելով վերջիններիս գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ։
Հարկ է նշել, որ առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է հեծանվի ավելի ակտիվ օգտագործումը հանրային երթևեկության մեջ նպաստում էկոլոգիական միջավայրի բարելավմանը, խցանումների նվազեցմանը (օրինակ՝ Renate Albrecher, Sonia Curnier and Vincent Kaufmann, Cycling and walking as means of transport: current review of the research, July, 2023, Poonam Adsule, B Raghuram Kadali, Analysis of contributing factors in decision to bicycle in developing countries context, December, 2023 ևն):
Շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար, ինչպես նաև դաշտում կա հետաքրքրություն նման նախաձեռնության իրականացման շուրջ։
3.Ակնկալվող արդյունք.
Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելուն, ինչը դրական ազդեցություն կունենա թե հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացման, թե հանրային երթևեկության այլընտրանքային ձևերի զարգացման վրա: Նախատեսված միջոցառումն ազդեցություն կթողնի նաև տնտեսական զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեծանիվների ներմուծման, տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման հնարավորությունների ստեղծումը։
Իրավական ակտը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեպտեմբերի 7-ի 2145-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ սահմանված մի շարք նպատակներից, որոնք են՝ ռազմավարական ուղղություն 1. Ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ, որի մասնավոր նպատակ 1․1-ի գործողություն 3-ի շրջանակներում հատուկ ընդգծված է նաև հեծանվավազքով զբաղվելու պայմանների ստեղծումը, մասնավոր նպատակ 1․2-ի շրջանակներում նպատակադրված է ձևավորել բնակչության դրական դիրքորոշում ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ: Առաջարկվող միջոցառումը բխում է նաև ռազմավարության մասնավոր նպատակ 2․3-ի գործողություն 4-ից, որի նպատակն է ստեղծել պայմաններ դպրոցական և ուսանողական սպորտի զարգացման համար։
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
«Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում:
Քննարկվել է
13.12.2024 - 28.12.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 943
Տպել24.12.2024
Առողջ ապրելակերպի գաղափարը պետք է դեռևս նախակրթարանից,դպրոցից,բուհից սկսել,գովելի է նախաձեռնության գաղափարը և ֆինանսական և էկոլոգիական,բնապահպանական տեսակետից