Հիշել նախագիծը

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության ուղենիշային ռազմավարության բացակայությամբ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը սահմանում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ծրագրի հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք, որի շրջանակներում կատարվել է`

  • Աշխատուժի պրոֆիլավորում[1]
  • Աշխատաշուկայի միտումների վերլուծություն
  • Զբաղվածության քաղաքականության քարտեզագրում և արդյունավետության ուսումնասիրություն
  • Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն

Ռազմավարության մշակման բաղկացուցիչ մաս են կազմել իրականացված խորհրդակցությունները այնպիսի պետական մարմինների հետ ինչպիսիք են ՀՀ Վարչապետի և փոխվարչապետերի աշխատակազմեր, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (ԱՍՀՆ), Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ), Ֆինանսների նախարարություն (ՖՆ), Էկոնոմիկայի նախարարություն (ԷՆ), Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ) և այլ նախարարություններ: Անցկացվել են մոտ 50 հանդիպումներ մասնավոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ` ներառյալ Համաշխարհային Բանկ (ՀԲ), Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), և այլն: Կազմակերպվել են քննարկումներ ՀԿ-ների, արհմիությունների, գործարար ասոցիացիաների ու այլ շահագրգիռ կողմերի հետ: Մշակման ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 700-ից ավելի դիտարկումների քննարկում և ինկորպորացում: Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովվել է Ռազմավարության մշակման յուրաքանչյուր փուլում՝ ներառյալ վերլուծական հատվածի պատրաստում, ռազմավարության կառուցվածքի սահմանում, ծրագրերի և միջոցառումների ձևավորում:

Հայաստանում գործազրկությունը կրում է ինչպես ցիկլիկ, այնպես էլ կառուցվածքային բնույթ: Վերջինիս պատճառը աշխատաշուկայում առկա առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է որակական և քանակական տեսանկյունից: Աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի գիտելիքների, փափուկ ու մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար: Աշխատանքային ռեսուրսների թերզբաղվածներ, գործազուրկներ և պոտենցիալ աշխատուժ ենթախմբերը միասին կազմում են աշխատանքային ռեսուրսների թերօգտագործվող հատվածը, որը սույն Ծրագրի թիրախն է: 2022 թվականին թերօգտագործվող հատվածը կազմել է աշխատանքային ռեսուրսների 15%-ը կամ 339 հազ․ մարդ։ Այց ցուցանիշը վկայում է չիրացված ներուժի մասին, որը, մրցունակ աշխատանք ունենալու պարագայում, կարող է նշանակալի ավելացված արժեք ստեղծել տնտեսության մեջ: Ավելին, վերոնշյալ խմբի անդամների մեծ մասի մոտ աշխատանքի բացակայությունը աղքատության ավելացման պատճառ է դառնում: Ստեղծված իրավիճակն ունի մի շարք փոխկապակցված պատճառներ, այդ թվում` կրթության որակը, արտադրողականության աճը խթանող տնտեսական քաղաքականություն և զբաղվածության խթանման պետական քաղաքականության ցածր արդյունավետություն: Այդ քաղաքականությունը հիմնականում ուղղված է եղել վերացնելու աշխատաշուկայի խնդիրների հետևանքները և չի եղել անդրադարձ այդ խնդիրները ծնող պատճառներին: Կիրառված մոտեցումները միտված են եղել գործազրկության մեջ հայտնված բանկչությանը կրկին ապահովել աշխատանքով, այնինչ կարիք կա իրավիճակին մոտենալ համապարփակորեն և լուծել աշխատաշուկայի թե՛ առաջարկի և թե՛ պահանջարկի խնդիրները` ձգտելով զարգացնել և դարձնել միմյանց համապատասխան: Այսպիսով սույն Ծրագիրը միտված է դրական ներազդեցություն ունենալ զբաղվածության վրա` զուգահեռ նպաստելով տնտեսական արտադրողականության աճին:

Որպես Ծրագրի թիրախային խմբեր որոշվել են` Մարզային քաղաքներ ներառող համայնքների բնակչությունը, Չսովորող, չաշխատող երիտասարդները, 30-39 տարեկան կանայք, Ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուները: Սա պատճառաբանվում է այս խմբերում թերօգտագործվող աշխատանքային ռեսուրսների բարձր կենտրոնացվածությամբ և դրա արդյունքում խմբերի բարձր խոցելիությամբ:

Ծրագիրը հիմնվում է համադրելի երկրների հաջողված փորձի վրա, ըստ որի անհրաժեշտ է ապահովել տնտեսական ներառական աճ, որը կգերազանցի արտադրողականության աճին, ինչը հնարավոր է երեք ուղղություններով միջամտությունների միջոցով` տնտեսության կառուցվածքային փոխակերպում և աշխատուժի կենտրոնացում գյուղատնտեսությունից դեպի ոչ գյուղատնտեսական ոլորտներ, արտահանման խթանում, օտարերկրյա ուղղակի ներդրումների  (ՕՈՒՆ) ներհոսք:

Ծրագրի տեսլականն է` Զբաղվածության աճը` մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Ծրագրի շրջանակներում սահմանվել են հետևյալ Ռազմավարական նպատակները`

  • Մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ:
  • 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով:
  • Կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով` մասնավորապես թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը:
  • Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով:
  • Զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «ԱՄԵՐԻԱ» կառավարման խորհրդատվական ծառայության և «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ»  խորհրդատվական ընկերության աջակցությամբ։

4. Ակնկալվող արդյունքը 

Ռազմավարական րագրի իրականացման արդյունքում նախատեսվում են հետևյալ ազդեցության ցուցանիշները՝

  • Մինչև 2031 թվականը զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող համայնքներում կհասնի մինչև 60.7% (2022 թվականի 51.2%-ի փոխարեն):
  • ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թվականին կկազմի մինչև 19.6% (2022 թվականի 35%-ի փոխարեն):
  • Զբաղված կանանց մասնաբաժինը ՀՀ կին 15-74 տարեկան աշխատանքային ռեսուրսների նկատմամբ կաճի` հասնելով մինչև 9% (2022 թվականի 41.5%-ի փոխարեն):
  • Թերօգտագործվող աշխատուժը 2031 թվականին կկազմի մինչև 166.55 հազ. մարդ՝ 2022 թվականի համեմատ նվազելով միննչև 50.8%-ով և կազմելով աշխատանքային ռեսուրսների մինչև 7%-ը՝ 2022 թվականի 15%-ի փոխարեն։
  • Զբաղվածությունը մինչև 2031 թվականը կգերազանցի աշխատանքային ռեսուրսների մինչև 60%-ը և կավելանա 252 հազար մարդով՝ հասնելով մինչև 1,409 հազարի։
  • Զբաղվածության ծրագիրն էական ազդեցություն կունենա աղքատության մակարդակի վրա, որը մինչև 2031 թվականը կնվազի` հասնելով մինչև 19%-ի։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Ռազմավարական ծրագրի ֆինանսական գնահատականն ըստ ռազմավարական նպատակների, ծրագրերի և միջոցառումների կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

Ռազմավարակին ծրագիրը բխում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության և ՀՀ Կառավարության ծրագրի այնպիսի նպատակներից, ինչպիսիք են զբաղվածության աճը, կյանքի որակի բարելավումը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը և աղքատության նվազումը: 

[1] Տվյալների աղբյուրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (Արմստատ) կողմից հրապարակված աշխատուժի հետազոտության անվանազերծված ամենանոր արդյունքները:

  • Տևողություն

    10.12.2024 26.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 709

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: