Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի N 42-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերի ընդունումը բխում է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի չափորոշչի բարելավման,  ծրագրի և չափորոշչի ծավալի վերանայման անհրաժեշտությամբ:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները, առաջարկվող լուծումները

Դեռևս 2021 թվականից ՀՀ Տավուշի մարզում մեկնարկած  Հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ փուլային եղանակով ներդրման գործընթացն  իրականացվեց՝ յուրաքանչյուր փուլից առաջ նախորդ ժամանակահատվածում առարկայական չափորոշիչներում և ծրագրերում ի հայտ եկած խնդիրները մասնագիտական խմբի ուսումնասիրության արդյունքում լրամշակելու և վերանայելու,  հաջորդ ուսումնական տարում նոր դասարաններում վերանայված ծրագրերը ներդնելու   տրամաբանությամբ:

ՀՀ բոլոր դպրոցների 1-ին, 4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում չափորոշչի ներդրմանն ընդառաջ 2024-2025 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում արդեն իսկ գործարկված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման անհրաժեշտություն առաջացավ:

Մասնավորապես, 7-8-րդ, 10-12-րդ դասարանների «Աշխարհագրություն» առարկայի և 9-րդ դասարանների «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների չափորոշիչներում, հետևաբար, նաև ծրագրերում (այս փուլում վերանայվում է 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի գործող ծրագիրը) առկա են ծրագրային վերջնարդյունքներին, դրանք ներկայացնող առանձին բովանդակային բաղադրիչների սովորողներին համեմատաբար բարդ պահանջներ ներկայացնող բաղադրիչներ, որոնք վերբերվում են հատկապես ՀՀ բնությանը և տնտեսությանը։ Այդ  վերջնարդյունքները և դրանք ներկայացնող բովանդակային բաղադրիչները, վերանայվել, միավորվել և պարզեցվել  են, ինչն առարկայական չափորոշչի և ծրագրային նյութերի բեռնաթափման, ի հայտ եկած խնդիրների շտկման հիմքում է ընկած: 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Վերանայված, ծավալային առումով բեռնաթափված առարկայական չափորոշչով և ծրագրով կապահովվի ստեղծվող դասագրքերին ներկայացվող պահանջների ապահովումը՝ հնարավորություն ընձեռելով դասավանդողներին և սովորողներին ուսումնառության ընթացքում գործածել Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի Հանրապետության բնությանը, բնակչությանը և տնտեսությանը առնչվող բարելավված և իրատեսական ծավալով և գործնական ուղղվածության շեշտադրումներով ծրագիր։ Ծրագիրը առավել համակարգված եղանակով հնարավորություն է տալիս սովորողների գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման, Հայաստանի աշխարհագրության միջոցով բնական և հասարակական տարբեր երևույթների և գործընթացների նկատմամբ դիրքորոշման և արժեքային աշխարհընկալումների ձևավորման ուղղություններով մշակել ուսումնական նյութեր։ Այս ամենը դրական ազդեցություն կունենա տվյալ առարկայի դասավանդման և սովորողների կողմից ծրագրային նյութի յուրացման վրա՝ սահմանված առավել չափելի վերջնարդյունքների  ապահովման առումով:

 

4․ Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

5Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.12.2024 - 17.12.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1196

Տպել

Առաջարկներ`

Արմինե Հակոբյան

17.12.2024

Առաջարկում եմ դասընթացում ներառել Արցախի Հանրապետության ֆիզիկական բնութագիրը՝ որպես պատմական Հայաստանի անքակտելի մաս (2020 թվականի էթնիկ զտումից հետո <<Բնակչություն>> և <<Տնտեսություն>> թեմաները դուրս թողնելով՝ չհրաժարվել ֆիզիկական մասից, քանի որ Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ մասը, ինչպես նաև ՈՒտիք և Սյունիք նահանգների փոքր մասը)։ Մյուս թեմաների նպատակների և վերջնարդյունքների հետ լիովին համաձայն եմ։

Աղավնիկ Եղիազարյան

16.12.2024

Ծրագիրն ամբողջական է, այն ներկայացնում է ՀՀ բնաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական ընդհանուր նկարագիրը, փոփոխությունները նկատելի են հիմնականում տնտեսության բաժնում, ինչն սպասելի էր և ողջունելի։ Հուսանք, որ բովանդակային առումով կլինեն տվյալների թարմացումներ և կունենանք ՀՀ տնտեսության արդիական բնութագիրը։ Սակայն առաջարկում եմ՝ հիմք ընդունելով պատմական աշխարհագրությունը , <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն>> թեման ինչ որ ձևով արտահայտվեր ծրագրում, որպես պատմաաշխարհագրական ակնարկ։ Նկատի ունենալ նաև այն հոգեբանական հանգամանքը, որ հազարավոր արցախցի երեխաներ են սովորելու այդ դասագրքով, որտեղ նախկինում եղել է այդ բաժինը։

Siranush Sahakyan

16.12.2024

Ըստ ամփոփագրում նշված տեղեկության, բեռնաթափված առարկայական չափորոշչով և ծրագրով նախատեսվում է հնարավորություն ընձեռել դասավանդողներին և սովորողներին ուսումնառության ընթացքում գործածել Հայաստանի Հանրապետության բնությանը, բնակչությանը և տնտեսությանը առնչվող բարելավված և իրատեսական ծավալով և գործնական ուղղվածության շեշտադրումներով ծրագիր,որը դրական ազդեցություն կունենա առարկայի դասավանդման և սովորողների ծրագրային նյութի յուրացման վրա:Բոլոր դրական փոփոխությունները ողջունելի են, առաջարկում եմ նաև միջառարկայական կապեր բաժնում ավելացնել օտար լեզուների հետ կապը։

Տեսնել ավելին