Քրիստինե Սահակյան
14.12.2024
1. Սույն կառավարության որոշման նախագիծը բավական թույլ է և չի ապահովում կոնկրետ պահանջներ ՇՄԱԳ/ՌԵԳ գործընթաց իրականացնող մասնագետների կրթությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ, ինչի արդյունքում անհասկանալի է դառնում որոշման նախագծի հավելավածի 23-րդ կետի ներքո բերված "ոլորտի մասնագետների համապատասխան բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթություն" արտահայտությունը: Լիցենզավորումը չպետք է կրի ձևական բնույթ, այլ պետք է հիմնվի մասնագիտական կարողությունների և գիտակցված մոտեցումների վրա: Կրթության վերաբերյալ պահանջները պետք է լինեն հստակ ձևակերպված՝ շեշտադրելով տեխնիկական/ինժեներական/ճարտարագիտական բնապահպանական կրթությունը, քանի որ գործընթացը կապված է նախագծային փաստաթղթեր ուսումնասիրելու կարողությունների հետ, որը չի կարող իրականացնել օրինակ մանկավարժական կրթություն ունեցող բնապահպանը: Ուստի բնապահպանական ոլորտում ինժեներական/ճարտարագիտական կրթությունը տվյալ դեպքում պետք է դառնա գերակա: 2. Լիցենզավորման պահանջները պետք է լինեն հստակ ու թիրախային՝ հիմնվելով բուն մասնագիտական կրթության և կարողությունների վրա, ինչպես դա բարեփոխվել է քաղաքաշինական բնագավառի լիցենզիաների տրամադրման բնագավառում: Այլապես ստացվում է որ ցանկացած դիպլոմ ունեցողը, ով ինչ որ ժամանակաշրջանում իրականացրել է կասկածելի որակի ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում, դարձյալ հնարավորություն կունենա լիցենզավորվել և դրանով աջակցել նաև իրավաբանական անձանց լիցենզավորմանը: Ինչպե՞ս կարող է ընդամենը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող մասնագետը, ով թեև ունի գիտական աստիճան (հստակեցում չկա նաև թե որ բնագավառների գիտական աստիճանի մասին է խոսքը), ստանալ անժամկետ լիցենզիա՝ իրականացնելու ՇՄԱԳ/ՌԵԳ բազմաոլորտային գործունեությունների համար (տես՝ կետ 23): 3. Չկա նաև հստակություն առ այն, թե առավելագույնը քանի իրավաբանական անձերի կողմից կարող է հանդես գալ այն ֆիզիակական անձ մասնագետը, որի մասնագիտական կարողությունների հիման վրա լիցենզավորվելու է մասնագետ հանդիսացող իրավաբանական անձը: 4. Անժամկետ լիցենզիա կարող է տրվել միայն ինժեներ-բնապահպանի բազային կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներին, որոնք ունեն գիտական աստիճան, այս ոլորտում ավելի քան 15 տարվա մասնագիտական գործունեության փորձ, և որոնց կրթությունը սկզբից մինչ վերջ ունեցել է բնապահպանական ճարտարագիտության ուղղվածությունը: Միայն նման մասնագետները կարող են ստանալ անժամկետ լիցենզիա և իրավասու լինել իրականացնելու ցանկացած կատեգորիայի գործունեության (Ա և Բ կատեգորիա) ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում: 5. Ոչ բազային կրթությամբ մասնագետների համար առաջարկվում է կիրառել ոչ թե անժամկետ, այլ տարեկան լիցենզավորման պահանջը, լիցենզիայի մեջ նշելով, թե կոնկրետ որ ոլորտների համար և որ կատեգորայի (Ա, Բ կատեգորիա) գործունեության համար են նրանք իրավասու իրականացնելու ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում: Նման մոտեցումը կխթանի նաև բնապահպանական կրթության պահանջարկի ավելացմանը՝ հնարավորություն տալով ՇՄ նախարարությանը համագործակցելու տեխնիկական բուհերի հետ՝ ապագա մասնագետների պատրաստման հարցում, որոնք հետագայում կարող են ՇՄՆ-ում հետզհետե համալրել անրաժեշտ փորձագետների շարքը: Սա կարևոր գործընթաց է, հաշվի առնելով այն, որ ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ պահանջ այն մասնագետների մասնագիտական կարողությունների վերաբերյալ, ովքեր փորձաքննում են ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվությունները: 6. Հարց է առաջանում, իսկ ի՞նչ մասնագիտական կարողություններ պետք է ունենան այն մասնագետները, որոնք փորձաքննելու են լիզենզավորված մասնագետների կամ կազմակերպությունների կողմից պատրաստված ՇՄԳ/ՌԵԳ հաշվետվությունները: