«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում թեև կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված են լայն հնարավորություններ «Թեժ գիծ» հեռախոսահամարներին զանգահարելու, դիմում-բողոքներ, հաղորդումներ ներկայացնելու համար, այդուհանդերձ, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար առանձնահատուկ պայմաններ սահմանված չեն։
ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 3-րդ հավելվածի (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիր) 2․1 և 3.2 կետերով որպես ռազմավարական նպատակ նախատեսվել է ազատությունից զրկման վայրերում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ՝ կատարելագործելու խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի իրականացումը, ինչպես նաև օրենսդրորեն նախատեսել ազատությունից զրկված անձանց բողոքների քննության առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ, որով ամրագրվել են ազատությունից զրկված անձանց բողոքների քննության առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ և միջոցներ։
Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում՝ ստեղծելով նախադրյալներ ներքին կանոնակարգերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու առանձնահատուկ պայմաններն ու դրանց քննարկման կարգը սահմանելու համար։
- Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ներքին կանոնակարգերում նախատեսել անանուն հաղորդումներ ներկայացնելու, դրանք ընդունելու պայմանները, միջոցները և ընթացակարգերը, ինչի արդյունքում էլ կստեղծվեն պայմաններ համապատասխան հաստատություններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար։ Կներդրվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան նման դեպքերում չխուսափել հաղորդումներ ներկայացնելուց և չկաշկանդվել այդ հարցում՝ լիարժեք իրացնելով իրենց իրավունքները։
- 3. Նախագծերը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերը մշակվել է արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ է ընդունել Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ: «Հայաստանի Հանրապետության քրակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Սույն նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 3-րդ հավելվածի (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիր) 2․1 և 3.2 կետերի պահանջներից։
-
Տևողություն
18.11.2024 03.12.2024 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 271
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: