Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«____»____________2018 թ. N____-Ն 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1) սահմանել քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Բարձր լեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) վերնագիրը և ամբողջ տեքստը  «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով,

2) նախաբանում և 2-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» 710-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին»,

2) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,

3) որոշման ամբողջ տեքստում և հավելվածներում,  բացառությամբ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել  «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել  «Ոստիկանություն» բառերով,

4) 1-ին մասի 8-րդ կետում և 8-րդ հավելվածի վերնագրում և 1-ին կետում «հանրապետական գործադիր մարմինների համակարգերում» բառերը փոխարինել «մարմիններում» բառերով,

5) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին»,

2) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,

3) որոշման ամբողջ տեքստում և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ոստիկանություն» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) վերնագրում, ամբողջ տեքստում և հավելվածներում «պետական իշխանության» բառերը փոխարինել «հանրային իշխանության» բառերով,

2) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 738-Ն որոշման նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 739-Ն որոշման նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումների չափերը և վճարման դեպքերը սահմանելու մասին» N 950-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,

2) 2-րդ կետի 1-ին ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1074-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում, նախաբանում և տեքստում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,

2) նախաբանից հանել «ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ա», «բ» և 8-րդ կետի «գ» ենթակետերով ամրագրված նպատակները, խնդիրներն ու գործառույթները» բառերը, իսկ «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով,

3) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների ու տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը և այդ վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) վերնագիրը, ամբողջ տեքստը և հավելվածները «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով,

2) նախաբանը «մասը» բառից հետո լրացնել լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը» բառերով,

3) նախաբանում և հավելվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,

4) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով, «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին» բառերով,

5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին, անկախ պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի) և ինքնավար մարմինների ղեկավարներին, մարզպետներին՝ երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:»:

11. ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանը «հոդվածով» բառից հետո լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով, 

2) նախաբանում և 1.2-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,

3) հավելվածի ամբողջ տեքստում և Ձև N 1-ում «աշխատակազմի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել  «գլխավոր քարտուղար (աշխատակազմի ղեկավար)» բառերով.

4) հավելվածի 43-րդ կետը «3,» թվից հետո լրացնել «3.1,» թվով.

5) հավելվածի 44-րդ կետում «Կրտսեր և առաջատար խմբի պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող` անմիջական փաստացի մեկ ենթակա ունեցող և առհասարակ ենթակա չունեցող աշխատողների համար» բառերը փոխարինել «Մասնագիտական պաշտոնների խմբի 1-8-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնողների համար» բառերով.

6) հավելվածի Ձև N 2-ի վերնագրում «(ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

7) հավելվածի Ձև N 3-ի վերնագրում «(ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 3-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

8) հավելվածի Ձև N 3.1-ի վերնագրում «ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՄԵԿ ԵՆԹԱԿԱ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԵՆԹԱԿԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

9) հավելվածի Ձև N 4-ի վերնագրում «(ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 3-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

10) հավելվածի Ձև N 5-ի վերնագրում «(ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 6-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ  ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով:

12. ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններումաշխատաժամանակիսկիզբը և ավարտը սահմանելու մասին» N 2138-Ն որոշման նախաբանը «1-ին մասին» բառերից հետո լրացնել և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով:

13. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղմանծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարմանօտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` ՀՀ-ից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից ՀՀ վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման նախաբանը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

«_____» __________ N ___-Ն որոշման 

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ 

  1. Սույնով սահմանվում են քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները:
  2. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումը, տեղափոխումը կամ հետ կանչելը իրականացվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) անհատական իրավական ակտով, իսկ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) արձակուրդի տրամադրումը, տեղափոխումը կամ հետ կանչելը՝ համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով:
  3. Քաղաքացիական ծառայողին հերթական և/կամ լրացուցիչ արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:
  4. Քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:
  5. Քաղաքացիական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային oր է, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը՝ 4 աշխատանքային օր:
  6. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքայինտարում:
  7. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին:
  8. Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:
  9. Աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, քաղաքացիական ծառայողին տրամադրվում է տվյալ մարմնում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո՝ աշխատած ժամանակին համամասնորեն: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:
  10. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը քաղաքացիական ծառայողի խնդրանքով ամենամյա արձակուրդը տրամադրվում է հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո:
  11. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողը:
  12. Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:
  13. Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող քաղաքացիական ծառայողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն քաղաքացիական ծառայողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իր նախընտրած ժամանակ:
  14. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ:

Ամենամյա արձակուրդը տեղափոխվում է նաև այլ ժամանակ, եթե ՝

1) քաղաքացիական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ,

2) քաղաքացիական ծառայողը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք,

3) քաղաքացիական ծառայողը մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում,

 4) սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պայմանի ապահովման նպատակով հնարավոր չէ արձակուրդի տրամադրումը:

15. Եթե սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պատճառները առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ապա քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ, իսկ եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:

16. Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն կարգի 18-րդ կետին համապատասխան:

17. Ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում քաղաքացիական ծառայողին աշխատած օրերի համար վճարվում է աշխատավարձ: Չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում տրամադրելու դեպքում, անկախ այդ օրերի համար նախկինում վճարում կատարած լինելու հանգամանքից, քաղաքացիական ծառայողն այդ օրերի համար վճարվում է ընդհանուր հիմունքներով, բացառությամբ միանվագ արձակուրդային վճարի:

18. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում: Քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը պետք է տրամադրվի ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:

19. Քաղաքացիական ծառայողը չի կորցնում իր ամենամյա արձակուրդի իրավունքը, եթե ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվել և միացվել է հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին, սակայն չի տրամադրվել նրան:

20. Ամենամյա արձակուրդի համար քաղաքացիական ծառայողին վճարվում է միջին աշխատավարձ և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար: Ընդ որում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը քաղաքացիական ծառայողին յուրաքանչյուր արձակուրդի համար տրվում է մեկ անգամ: Միջին աշխատավարձը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

21. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար քաղաքացիական ծառայողին վճարել տուժանք` քաղաքացիական ծառայողին միջին օրական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը:

22. Ամենամյա արձակուրդի համար վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը սկսելու՝ քաղաքացիական ծառայողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե քաղաքացիական ծառայողի համար հաշվարկված աշխատավարձը (միջին աշխատավարձը և միանվագ արձակուրդային վճարը) սահմանված ժամկետում չի վճարվում քաղաքացիական ծառայողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդըերկարաձգվումէ այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:

23. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով նախատեսված հիմքով պաշտոնից ազատվելու, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 14-րդ կետերով նախատեսված հիմքով լիազորությունները դադարելու դեպքում, չօգտագործված ամենամյա արձակուրդը, քաղաքացիական ծառայողի ցանկությամբ, տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման կամ լիազորությունները դադարելու օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:

24. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքից ազատվելու պատճառով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած քաղաքացիական ծառայողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդը, կամ քաղաքացիական ծառայողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Դրամական հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

25. Եթե սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պատճառներով քաղաքացիական ծառայողին տվյալ աշխատանքային տարում չի տրամադրվել ամենամյա արձակուրդը, ապա լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը նրան վճարվում է տվյալ բյուջետային տարվա վերջում՝ անկախ ամենամյա արձակուրդը տրամադրելու հանգամանքից:

  

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.03.2018 - 19.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10694

Տպել