Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ  2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը բխում է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների առարկայական օլիմպիադաների (այսուհետ՝ Օլիմպիադա) կազմակերպման և անցկացման գործընթացների հստակեցման, լրամշակման, կարգավորման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից։

Նախագծի մշակումը պայմանավորված է Օլիմպիադաների իրականացման ընթացակարգերի նկարագրությունը հստակեցնելու, ոչ նպատակահարմար փուլերից բեռնաթափելու, Օլիմպադաների անցկացման գործընթացն առավել ժամանակակից մոտեցումներով, թափանցիկ, կողմնակի ազդեցություններից զերծ պահելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները, առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում անցկացվող Օլիմպիադաների փուլերին, Օլիմպադաների կառավարմանը, կազմակերպմանը, անցկացմանը։ Գործող իրավակարգավորմամբ Օլիմպիադաներն անցկացվում են 4 փուլով, սակայն դրանցից տարածքային փուլը վաղուց արդեն կորցրել էր իր նշանակությունն ու արդիականությունը, ուստի նախագծով առաջարկվում է Օլիմպիադաներն անցկացնել 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպման և անցկացման համար սահմանվել են հստակ կարգավորումներ։

Նախագծով առաջարկվում է հանել օլիմպիական կազմկոմիտեներին վերաբերող կարգավորումները՝ գործող կարգով դրանց վերապահված գործառույթների իրականացումը փոխանցելով Օլիմպիադաների կազմակերպման քաղաքականությունը մշակելու և իրականացնելու նպատակով` որպես Օլիմպիադաների կառավարման բարձրագույն մարմին ստեղծված  հանրապետական օլիմպիական խորհրդին։ Հստակեցվել են Օլիմպիադաների դպրոցական հանձնաժողովների, մարզային և հանրապետական առարկայական հանձնաժողովների գործառույթները։

Կարևոր փոփոխություն է, որ նախագծի ընդունման արդյունքում կարգով սահմանված բոլոր ուսումնական առարկաների դեպքում դպրոցական և մարզային փուլերի հաղթողները որոշվելու են հանրապետական առարկայական հանձնաժողովների կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմին համապատասխան՝ ապահովելով Օլիմպիադաների անցկացման հավասարության սկզբունքը։

Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ներդրվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը՝ անհրաժեշտություն է առաջացել նախագծով թարմացնելու նաև հանրակրթական առարկաների անվանացանկը։

Գործող կարգով Օլիմպիադաների առաջին՝ դպրոցական փուլին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների սովորողները։ Սակայն, հաշվի առնելով տարիների փորձը, 5-6-րդ դասարանների սովորողների տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև առարկաների ուսումնասիրման տևողությունը, ուսումնական նյութի սղությունը՝ նախագծով առաջարկվում է Օլիմպիադաների առաջին և երկրորդ փուլերին մասնակցելու հնարավորություն տալ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների սովորողներին։

Նախագծով սահմանվում են նաև Օլիմպիադաների մասնակիցների և հաղթողների խրախուսման հետ կապված հարցերը, ինչպես նաև Օլիմպիադաների հանրապետական փուլերի արդյունքների հիման վրա միջազգային օլիմպիադաներին մասնակցող առարկայական հավաքական թիմերի ձևավորման սկզբունքները։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Օլիմպիադաների կազմակերպման, անցկացման գործընթացները կդառնան ավելի կազմակերպված, թափանցիկ, արդյունավետ, սովորողներին դեպի գիտելիքի աշխարհ մտնելուն մոտիվացնող։  

 

4․ Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    22.10.2024 - 06.11.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1084

Տպել

Առաջարկներ`

Լաուրա Ավետիսյան

06.11.2024

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր աշակերտները հանրակրթական հիմնական ծրագիրն ավարտելուց հետո ավագ դպրոց են գալիս շատ հաճախ թերի պատկերացումներ ունենալով սեփական նախասիրությունների և որոշակի առարկաներից իրենց՝ ընդգծված ունակությունների մասին, հետևաբար հիմնական դպրոցում օլիմպիադաների անցկացումը հնարավորություն կտա վերը նշված խնդիրներն առավելագունս չեզոքացնելու և մասնագիտական կողմնորոշումը համեմատաբար տեսանելի, շոշափելի դարձնելու համար։

Մկրտիչ Երիցյան

05.11.2024

34․Երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում են տվյալ մարզում (Երևանում քաղաքում) գտնվող բոլոր Հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից ներկայացված 7-12-րդ դասարանների այն սովորողները, որոնք առաջին փուլում հաղթահարել են համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմը։--(անցողիկ շեմի չափանիշը ներկայացնել է պետք, կարծում եմ հավելվածի միջոցով)

Նաիրա Ասլանյան

04.11.2024

Կարծում եմ, 7֊րդ և 8֊րդ դասարանցիների մասնակցությունը օլիմպիադաներին անհրաժեշտություն է, քանզի հիմնական դպրոցում է ձևավորվում երեխայի արժեհամակարգը կրթության վերաբերյալ և համեմատաբար վաղ տարիքից ներգրավումը նման մրցույթներին հնարավորություն է տալիս աշակերտներին առավել խորությամբ և մոտիվացիայով ուսումնասիրել որոշակի առարկաներ և կարևորել որակյալ կրթության դերը անձի կայացման գործում։

Տեսնել ավելին