Տիգրան Շահվերդյան
25.10.2024
Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf «Գիտուժ» նախաձեռնություն