Լրամշակման փուլում է
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքներն իրականացվում են տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում:
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն վերոնշյալ հոդվածի պահանջների և նպատակ ունի արտացոլելու այս ոլորտում Կառավարության միասնական քաղաքականությունը։
Հարկ է նկատել, որ առկա չեն Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման հետ կապված վիճակը գնահատող համապարփակ և արդիական ուսումնասիրություններ, ինչը թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել իրավիճակի մասին և հիմնել պետական քաղաքականությունը նման հետազոտության արդյունքների, դրանով արձանագրված օրինաչափությունների վրա։
Այնուամենայնիվ, առկա վարչական տվյալները վկայում են, որ այս ոլորտում իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ մտահոգիչ և բնութագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների աճող մակարդակով, դրանց արդյունքում գոյացած եկամուտների օրինականացման ռիսկերի բարձրացմամբ։
Միաժամանակ, կարևոր է, որ թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պետական քաղաքականությունը հասցեագրի խնդրի բոլոր ուղղությունները և ներառի ոչ միայն ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այլ նաև թմրամիջոցների գործածման կանխարգելումն ու թմրամիջոցներ գործածող անձանց բուժումն ու սոցիալական վերականգնումը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառել է մինչև 2025 թվականը մշակել այս ոլորտում պետական քաղաքականությունն արտահայտող ազգային ռազմավարություն։ Ըստ այդմ, ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և պաշտոնական շրջանառության մեջ է դրել 2025-2027 թվականների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։
Նախագիծը համահունչ է նշված ռազմավարությանը և ներառում է հիմնական ուղղություններն ու խնդիրները, որոնց ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական նշված երեք տարիների ընթացքում։
Ինչպես արդեն նշվեց՝ կարևոր է խնդրի համալիր հասցեագրումը՝ չսահմանափակելով պետական քաղաքականությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարով։ Ըստ այդմ, Նախագիծը ներառում է երեք ռազմավարական նպատակներ՝
- թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում.
- թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար.
- թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց բժշակական և սոցիալ-հոգեբանական վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։
Յուրաքանչյուր նպատակի շրջանակներում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ հետևյալ 9 ռազմավարական ուղղություններով.
- թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում,
- անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում,
- ազատությունից զրկված անձանց և Պրոբացիայի ծառայության շահառուների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում,
- զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում,
- համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում,
- իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում,
- հանրային ծառայությունում թմրամիջոցների չարաշահման դեմ պայքար,
- թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում և հանրային առողջության ապահովում,
- թմրամիջոցներից կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն ունեցող անձանց բուժմանը զուգահեռ սոցիալ-հոգեբանական վերականգնում և հետբուժական սոցիալական վերաինտեգրում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը, թմրամիջոցների գործածման և չարաշահման ծավալների հետագա աճի նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների առավել արդյունավետ նախականխմանն ու հայտնաբերմանը, ապօրինի շրջանառության հետ կապված հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների գիտելիքների և կարողությունների բարձրացմանը, այդ թվում՝ կապված համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քննության և բացահայտման հետ, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման լավարկմանն ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համակարգային գործիքակազմի ներդրմանը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք գտնվում են ճշգրտման փուլում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերից։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
18.09.2024 - 03.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 649
Տպել