Հիշել նախագիծը

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման, պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըՔրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ՀՀ վարչապետի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 40-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) և հաստատվել դրա անհատական կազմը, աշխատանքային խմբի աշխատակարգը: Աշխատանքային խումբը ղեկավարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, խմբի անդամներ են հանդիսացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը, ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության պետը, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետը:Աշխատանքային խմբի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգման գործընթացում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնք խոչընդոտներ են ստեղծում վերականգնված գումարները տնօրինելիս և հաշվառելիս։Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ իրավասու մարմիններում քննվող/քննված քրեական գործերով/վարույթներով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին։ Որոշ դեպքերում պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվում են այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը (օր.՝ տարբեր ՊՈԱԿ-ներ՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ և այլն), իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին։Քիչ չեն նաև դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին, որոնց տնօրինումը և հաշվառումը գործնականում ևս բարդություն են առաջացնում։Բացի այդ, տարբեր հաշվեհամարներին կատարվող նման բնույթի վճարումները դժվարացնում են նաև Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, քանի որ վերջինս, ըստ էության, հնարավորություն չունի դիտարկելու այդ գումարների գոյացման աղբյուրը։Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կոմիտեի դեպոզիտ հաշիվը սկսվել է վարվել 2014թ.-ի հոկտեմբեր ամսից, իսկ վճարումները կատարված են 2015թ.-ից սկսած: Դեպոզիտում առկա գումարը կուտակվել է քրեական վարույթներով պարզված վնասների, կիրառված խափանման միջոցներ՝ երաշխավորության և գրավի, գույքի արգելադրման, ինչպես նաև վարութային ծախսերի (հիմնականում փորձաքննությունների արժեքների) արդյունքում կատարված վճարումներից: Կոմիտեի գործունեության ընթացքում դեպոզիտ հաշվին վճարված ընդհանուր գումարը կազմել է 7.165.690.757 դրամ գումար, որից ելքագրվել է 3.043.769.692 դրամ գումար, իսկ 2022թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ մնացորդը կազմում է 4.121.921.058 ՀՀ դրամ գումար:  2015թ.-ից սկսած առկա են վճարումներ, որոնք կատարվել են 2022թ. դեկտեմբերի 16-ը ներառյալ:  Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին առկա 4.121.921.058 ՀՀ դրամ գումարի գերակշռող մասը պետությանը, համայնքին և ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերաբերյալ է, որոնց մի մասի վճարման անդորրագրերում հստակ նշված չէ, թե վնասը կոնկրետ ում է պատճառվել և դրանց տարբերակումը գտնվում է ուսումնասիրությունների փուլում: Դեպոզիտ հաշվի գումարից շուրջ 3.800.000.000 ՀՀ դրամ գումարը գոյացել է պետությանը, համայնքին և ֆիզիկական անձանց պատճառված վնասի հատուցման արդյունքում:Դեպոզիտ հաշվի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա են մի շարք գումարներ, որոնց վճարման անդորրագրերի նպատակ դաշտում որևէ գրառում կատարված չէ, քրեական վարույթի համարը նույնպես նշված չէ, ինչի արդյունքում վճարման նպատակը հնարավոր չի եղել պարզել, այն հետագայում հնարավոր կլինի իդենտիֆիկացնել միայն վճարած անձի տվյալների և ամսաթվի համադրությունների արդյունքում: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա է շուրջ 166.569.519 ՀՀ դրամ գումար, որոնց վճարման անդորրագրի նպատակ դաշտում որևէ գրառում կատարված չէ, սակայն հնարավոր նույնականացման նպատակով ուսումնասիրությունները շարունակվում են: Դեպոզիտ հաշվի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա են գրավ և անձնական երաշխավորություն խափանման միջոցների արդյունքում կատարված վճարումներ, որոնց ընդհանուր չափը կազմել է շուրջ 116.730.220 ՀՀ դրամ գումար:  Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ դատական ծախսերի ապահովման նպատակով քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին ևս կատարվել են վճարումներ, որոնց ընդհանուր չափը կազմվել է շուրջ 9.007.667 ՀՀ դրամ գումար:ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝• ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվին այս պահին առկա 1.5 մլրդ դրամ մնացորդ,• ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվում առկա 1.5 մլրդ դրամ մնացորդից 462 մլն դրամի վերաբերյալ պարզվել են այն քրեական գործերը, որոնցով վճարվել են այդ գումարները, պարզվել է նաև այդ գործերի ընթացքը։ Այդ քրեական գործերի վերջնական ճակատագրի պարզաբանումները շարունակվում են։• Շուրջ 25 մլն դրամի վճարողների և քրեական գործերի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել,• Մնացած 585 մլն դրամի վճարողների և դրանց քրեական գործերի պարզելու աշխատանքները շարունակվում են:Ճշտվել է, որ 2022 թվականի ընթացում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից որպես վնասի վերականգնում ՀՀ գանձապետական 900005028155 հաշվեհամարին փոխանցվել է 307 մլն դրամ: Ճշտվել են այն քրեական գործերը, որոնցով վճարվել են այդ գումարները։Ճշտվել է, որ համապատասխան ակտերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունից որպես վնասի վերականգնում գանձապետական 900005028155 հաշվեհամարին փոխանցվել է 188 մլն դրամ:Տվյալներ են ստացվել նաև ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտից:ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խմբի պարբերաբար կայացած հանդիպումների արդյունքում որոշվել է պետությանը և համայքներին պատճառված վնասի վերականգնման միասնական մոտեցումներ սահմանելու նպատակով հիմք ընդունել հետևյալ հայեցակարգային մոտեցումները.- Առաջարկվել է պետությանը և համայնքին պատճառված վնասների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվիվներին վճարված գումարները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեհամարում առկա գումարները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ի պահ հանձնված գումարները և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված գործերով/վարույթներով վերականգնված և փաստացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում առկա գումարները, ինչպես նաև այն գումարները, որոնց ծագման աղբյուրը օբյեկտիվորեն հնարավոր չէ պարզել, փոխանցել պետությանը պատճառված վնասի վերականգման գանձապետական միասնական հաշվին:- Առաջարկվել է նախաքննական մարմինների դեպոզիտային հաշիվներին առկա՝ գույքի արգելադրման կամ որպես գրավ փոխանցված գումարները փոխանցել  դատախազության դեպոզիտային հաշվին:- Առաջարկվել է քրեական վարույթի բոլոր փուլերում պետությանը և համայնքներին, պետական կամ համայնքային մասնակցությամբ, ինչպես նաև պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասը վերականգնել Հայաստանի Հանրապետության  ֆինանսների նախարարության կողմից վարվող գանձապետական միասնական հաշվին:Բացառություն են կազմելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 285-րդ, 286-րդ, 288-րդ կամ 290-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները, որոնց հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը վերականգնվելու է կամ հարկ վճարողի միասնական հաշվին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վարվող գանձապետական միասնական հաշվին: Նշված բացառությունը պայմանավորված է վնասը փաստացի վերականգնելու դեպքում հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հնարավոր տույժ-տուգանքներից խուսափելու նկատառումներով:- Առաջարկվել է մինչդատական վարույթի փուլում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով գումարները վերականգնել, որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամը վճարել Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական վարույթի փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է գործը:- Առաջարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը հնարավորություն ընձեռել կառավարելու գանձապետական միասնական հաշվին առկա գումարները և կազմակերպելու ծախսերը, իսկ դրանք վերականգնած անձի արդարացման կամ վերջինիս նկատմամբ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում՝ վերականգնված գումարները վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին: - Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատել գանձապետական միասնական հաշվին դատախազության և դատարանների կողմից վարվող դեպոզիտային հաշիվներին վճարումներ ընդունելու վճարման անդորրագրերի օրինակելի ձևերը և շրջաբերականով ուղարկել բոլոր առևտրային բանկերին: Նշված անդորրագրերը պետք է ներառեն նախաքննական մարմնի անվանումը, վարույթի համարը, քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում՝ մեղադրյալի տվյալները, վճարող անձի տվյալները, վճարման նպատակը:- Առաջարկվել է սահմանել նաև հաշվետվողականության և հրապարակայնության կառուցակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում գանձապետական միասնական հաշվին և հարկ վճարողի միասնական հաշվին պետությանը և համայնքին (ներառյալ՝ պետական կամ համայնքային մասնակցությամբ, ինչպես նաև պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) պատճառված վնասների վերականգնման նպատակով փոխանցված գումարների վերաբերյալ, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում դատարանների դեպոզիտներ մուծված՝ արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:Նշվածն իրականացնելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 3-ին), որով, ի թիվս այլնի, ՀՀ կառավարության համար սահմանվել է լիազորող նորմ՝ համապատասխան ընթացակարգերը սահմանելու նպատակով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթըԱռաջարկվող որոշմամբ կսահմանվեն՝1) պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման,2) պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,3) քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,4) քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
4. Ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունմամբ կսահմանվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված ընթացակարգերը:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Նախագծի ընդունման կապակցությամբ կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.Նախագծի  ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ-իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
 ՀՀ գլխավոր դատախազություն

  • Քննարկվել է

    21.08.2024 - 05.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 941

Տպել