«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։
ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համկարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:
Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունը անհամատեղելի է իրականության հետ, քանի որ գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով, միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները:
Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճեներ քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին:
«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի տեղեկության ավտոմատացված հավաքագրման միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կընձեռի տեղական և օտարերկրյա շահառուներին վերլուծել ազգային ֆիլմերի պահանջարկը և ցուցադրություններից ստացված եկամուտները, կարգավորել պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը, և շահառու կազմակերպությունների համար շուկայական իրավահարաբերությունները: