Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացված օրինագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՆԳՆ միջոցառումների 8-րդ կետի (Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական կատարելագործում) պահանջից, «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի սեպտեմբերի 28-ի և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի օգոստոսի 30-ի ՄԱԿ-ի կոնվենցիաներով ամրագրված պարտավորությունների, ինչպես նաև 2019թ-ին Փախստականների գլոբալ Ֆորումի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնաձ հանձնառությունները պատշաճ կատարելու  անհրաժեշտությունից:

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ՝

Օրինագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 – Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ միջոցառումների 8-րդ կետից՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական կատարելագործումն ապահովելու նպատակով:

3․ Ընթացիկ իրավիճակը, առաջարկվող կարգավորման բնույթը

Քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ ամրագրելու  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Քաղաքացիություն չունեցող անձանց /ապատրիդների/ կարգավիճակի մասին» 1954 թվականի սեպտեմբերի 28-ի և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի օգոստոսի 30-ի ՄԱԿ-ի կոնվենցիաներն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ են մտել դեռևս 1994 թվականին, սակայն մինչ օրս ՀՀ կողմից ստանձնած որոշ պարտավորություններ պատշաճ կերպով չեն կատարվել:

Կոնվենցիաների ճշգրիտ կիրառության և ապաքաղաքացիության խնդիրների լուծման նպատակով ՄԱԿ-ի ՓԳՀ-ի նախաձեռնությամբ Ժնևում 2010 թվականին դեկտեմբերին անցկացված՝ ապաքաղաքացիության սահմանման ընթացակարգերի և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ փորձագիտական ժողովի ամփոփ եզրահանգումների հիման վրա մշակված ապաքաղաքացիության վերաբերյալ N 2 ուղեցույցի համաձայն՝ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման համար պետությունը պետք է սահմանի հստակ ընթացակարգ: Հարկ է նշել, որ մինչ օրս որևէ օրենսդրական ակտով նման ընթացակարգ սահմանված չի եղել:

 «Օտարերկրացիների մասին» օրենքը և ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումը որոշակի դրվագային կարգավորումներ են նախատեսում քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի որոշման և նրանց տրամադրվող փաստաթղթերի վերաբերյալ: Բացի այդ, ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքացիություն չունեցող անձին տրամադրվող կացության վկայականը իր տեխնիկական պահանջներով ևս չի համապատասխանում ICAO-Ի ստանդարտներին:

Վերոգրյալով պայմանավորված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՆԳՆ միջոցառումների ցանկի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական կատարելագործելու նպատակով նախատեսվել է առանձին միջոցառում՝ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի ընդունում։

Միևնույն ժամանակ, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նկատվում էր քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճ, ինչով պայմանավորված 2019թ-ին Փախստականների գլոբալ Ֆորումի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց հանձնառություններ՝

- ուսումնասիրել, վեր հանել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել քաղաքացիություն չունեցող անձանց թվի կտրուկ աճի համար, գծագրել խնդիրները, ոլորտի հիմնական մարտահրավերները և դրանց լուծման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, իրականացնել գործուն քայլեր,

- վերանայել օրենսդրությունը՝ հիմնել իրավական անհրաժեշտ մեխանիզմներ, հիմքեր ՔՉԱ թիվը նվազեցնելու և նրանց իրավունքների իրացումը երաշխավորելու,

- ընդունել իրավական ակտ, որը կկանոնակարգի քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման համար հստակ ընթացակարգ:

Վերը թվարկված հանձնառություններից երկուսն արդեն իսկ ամբողջությամբ կատարվել են, սույն օրինագծի նախապատրաստումը միտված է 3-րդ հանձնառության իրականացմանը, որը մեկ միասնական իրավական ակտում կներառի ինչպես քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը որոշելու գործընթացը, քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով լիազոր մարմինների գործառույթները, այնպես էլ կսահմանի այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները:

 «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված  փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել նաև՝

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում, քանի որ հիշյալ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված քաղաքացիություն չունեցող անձի հասկացությունը նշված ձևակերպմամբ չի համապատասխանում «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով սահմանված ձևակերպմանը, մինչդեռ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով ամրագրվում է նշված հասկացության սահմանումը կոնվենցիային համահունչ՝ նշելով, որ քաղաքացիություն չունեցող անձը այն անձն է, ով չի համարվում քաղաքացի որևէ պետության կողմից` այդ պետության օրենքի ուժով: Վերոգրյալով պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 8-րդ  հոդվածի  2-րդ մասը անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել,

-  «Փաստաբանության մասին» օրենքում,

- «Օտարերկրացիների մասին» օրենքում։

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Օրինքների նախագծերի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:

5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

6․ Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացում, օրենքով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը որոշելու ընթացակարգի սահմանում, պարտականությունների օրենսդրական ամրագրում, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների երաշխավորում։

 

ՀՀ   ՆԳՆ

 

  • Քննարկվել է

    08.07.2024 - 23.07.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1199

Տպել