В стадии разработки
«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - За
-
3 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացված օրինագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՆԳՆ միջոցառումների 8-րդ կետի (Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական կատարելագործում) պահանջից, «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի սեպտեմբերի 28-ի և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի օգոստոսի 30-ի ՄԱԿ-ի կոնվենցիաներով ամրագրված պարտավորությունների, ինչպես նաև 2019թ-ին Փախստականների գլոբալ Ֆորումի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնաձ հանձնառությունները պատշաճ կատարելու անհրաժեշտությունից:
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ՝
Օրինագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 – Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ միջոցառումների 8-րդ կետից՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական կատարելագործումն ապահովելու նպատակով:
3․ Ընթացիկ իրավիճակը, առաջարկվող կարգավորման բնույթը
Քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Քաղաքացիություն չունեցող անձանց /ապատրիդների/ կարգավիճակի մասին» 1954 թվականի սեպտեմբերի 28-ի և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի օգոստոսի 30-ի ՄԱԿ-ի կոնվենցիաներն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ են մտել դեռևս 1994 թվականին, սակայն մինչ օրս ՀՀ կողմից ստանձնած որոշ պարտավորություններ պատշաճ կերպով չեն կատարվել:
Կոնվենցիաների ճշգրիտ կիրառության և ապաքաղաքացիության խնդիրների լուծման նպատակով ՄԱԿ-ի ՓԳՀ-ի նախաձեռնությամբ Ժնևում 2010 թվականին դեկտեմբերին անցկացված՝ ապաքաղաքացիության սահմանման ընթացակարգերի և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ փորձագիտական ժողովի ամփոփ եզրահանգումների հիման վրա մշակված ապաքաղաքացիության վերաբերյալ N 2 ուղեցույցի համաձայն՝ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման համար պետությունը պետք է սահմանի հստակ ընթացակարգ: Հարկ է նշել, որ մինչ օրս որևէ օրենսդրական ակտով նման ընթացակարգ սահմանված չի եղել:
«Օտարերկրացիների մասին» օրենքը և ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումը որոշակի դրվագային կարգավորումներ են նախատեսում քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի որոշման և նրանց տրամադրվող փաստաթղթերի վերաբերյալ: Բացի այդ, ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքացիություն չունեցող անձին տրամադրվող կացության վկայականը իր տեխնիկական պահանջներով ևս չի համապատասխանում ICAO-Ի ստանդարտներին:
Վերոգրյալով պայմանավորված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՆԳՆ միջոցառումների ցանկի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական կատարելագործելու նպատակով նախատեսվել է առանձին միջոցառում՝ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի ընդունում։
Միևնույն ժամանակ, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նկատվում էր քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճ, ինչով պայմանավորված 2019թ-ին Փախստականների գլոբալ Ֆորումի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց հանձնառություններ՝
- ուսումնասիրել, վեր հանել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել քաղաքացիություն չունեցող անձանց թվի կտրուկ աճի համար, գծագրել խնդիրները, ոլորտի հիմնական մարտահրավերները և դրանց լուծման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, իրականացնել գործուն քայլեր,
- վերանայել օրենսդրությունը՝ հիմնել իրավական անհրաժեշտ մեխանիզմներ, հիմքեր ՔՉԱ թիվը նվազեցնելու և նրանց իրավունքների իրացումը երաշխավորելու,
- ընդունել իրավական ակտ, որը կկանոնակարգի քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման համար հստակ ընթացակարգ:
Վերը թվարկված հանձնառություններից երկուսն արդեն իսկ ամբողջությամբ կատարվել են, սույն օրինագծի նախապատրաստումը միտված է 3-րդ հանձնառության իրականացմանը, որը մեկ միասնական իրավական ակտում կներառի ինչպես քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը որոշելու գործընթացը, քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով լիազոր մարմինների գործառույթները, այնպես էլ կսահմանի այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները:
«Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել նաև՝
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում, քանի որ հիշյալ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված քաղաքացիություն չունեցող անձի հասկացությունը նշված ձևակերպմամբ չի համապատասխանում «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով սահմանված ձևակերպմանը, մինչդեռ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով ամրագրվում է նշված հասկացության սահմանումը կոնվենցիային համահունչ՝ նշելով, որ քաղաքացիություն չունեցող անձը այն անձն է, ով չի համարվում քաղաքացի որևէ պետության կողմից` այդ պետության օրենքի ուժով: Վերոգրյալով պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել,
- «Փաստաբանության մասին» օրենքում,
- «Օտարերկրացիների մասին» օրենքում։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Օրինքների նախագծերի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացում, օրենքով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը որոշելու ընթացակարգի սահմանում, պարտականությունների օրենսդրական ամրագրում, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների երաշխավորում։
ՀՀ ՆԳՆ
-
Обсуждалось
08.07.2024 - 23.07.2024
-
Тип
Закон
-
Область
Миграция и гражданство
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1071
Принт