ՆԱԽԱԳԻԾ
արձանագրային
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հավանություն տալ «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին՝ համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի ....-ի ....-ի նիստի
N ... որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Առողջապահության մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է առողջապահական բնագավառի նշանակալի փոփոխությունների հետ, որոնք տեղ են գտել ներկայիս գործող օրենքի ընդունումից ի վեր և ներկայումս իրականացվող բարեփոխումներով։ Դրանք առնչվում են բնագավառի գործունեության բոլոր ուղղություններին։
Անգնահատելի է գործող օրենքի նշանակությունը և դերը անկախ պետականության ձեռքբերումից հետո առողջապահական բնագավառի կայացման գործում. այն հստակ լուծումներ է պարունակում այդ ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծման գործընթացում, և վերջին քսան տարիների ընթացքում բարեփոխումների իրականացման հիմք է հանդիսացել։ Այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների բնագավառի նոր և արդիական խնդիրների օրենսդրական կարգավորումներն ապահովելու նպատակով։ Ներկայումս առողջապահական բնագավառում ընթացող բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև մի շարք նոր ուղղություններով իրականացվող ծրագրերը անընդհատ կարիք են առաջացնում օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, սակայն գործող օրենքում իրականացվելիք փոփոխությունների ծավալից ելնելով` նպատակահարմար է մշակել և ընդունել նոր օրենք։
Նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հետ։ Հիմնվելով Սահմանադրության վրա` առողջապահության բնագավառի գործունեության բոլոր հիմքերը պետք է սահմանված լինեն օրենքով: Ներկայումս նոր մոտեցումների, գաղափարների ներդրումը և իրականացումը բացառապես կապված է օրենքի կարգավորումների հետ։ Այս առումով, օրենքը կպարունակի մի շարք դրույթներ, որոնք երբևէ արտացոլված չեն եղել Հայաստանի Հանրապետության օրենքներում։
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻԻՐԸ
Հարկ է նշել որ ներկայիս առողջապահության բնագավառի օրենսդրական կարգավորման դաշտը ձևավորվում է մի շարք օրենքներով, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ չեն համապատասխանում ներկայիս և ընթացող բարեփոխումների հրամայականին։ Սա առաջին հերթին վերաբերվում է հանրային առողջության ոլորտին, ուստի նոր օրենքը պարունակելու է հանրային առողջության իրավական կարգավորման անհրաժեշտ հիմքերը` հստակ տարանջատելով ոլորտի զուտ հանրային առողջապահական խնդիրները և դրա գործառույթները բնագավառում իրականացվող տեսչական գործողություններից՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից:
Առողջապահական բնագավառում վերջին քսան տարիների ընթացքում նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել առկա խնդիրների ընկալման, նոր մասնագիտական հասկացությունների, դրանց մեկնաբանման առումով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև միջազգային ոլորտում, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, փոխվել են առողջապահական համակարգից բնակչության սպասելիքները, գիտատեխնիկական առաջընթացին զուգահեռ ձևավորվել են նոր մոտեցումներ։ Փոխվել են առողջապահական համակարգերին ներկայացվող պահանջները, դրանցում իրականացվող ծառայություններին ներկայացվող որակի և համընդհանուր հասանելության պահանջները։ Առանձնակի ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով և խոցելի խմբերին պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված խնդիրներին։
Հանրային առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը, որպես հանրային առողջապահության հիմնարար ուղղություններ, սահմանված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) կողմից:
«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «Հանրային առողջություն» վերտառությամբ առանձին գլուխ կսահմանվի։ Ներկայումս հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է 1992 թվականին և լրացման ու արդիականացման կարիք ունի՝ հանրային առողջություն և առողջապահություն գաղափարների սահմանման, ժամանակակից իրավահարաբերությունների կարգավորման տեսանկյունից:
Ներկայումս հանրային առողջությունը, հանդիսանալով առողջապահական համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս, չունի օրենսդրական լիարժեք կարգավորում և օրենսդրական դաշտի բացակայության արդյունքում երկրում չկա ձևավորված հանրային առողջության ապահովման միջազգայնորեն ընդունված մոտեցում. բնակչության առողջությունը չի դիտվում որպես մարդու հիմնական իրավունք և կարևորագույն միջգերատեսչական խնդիր, բնակչությունը լիովին իրազեկված չէ իր իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին:
«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային առողջության ապահովման հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն հանրային առողջության ապահովման իրավական հիմքերը և արդյունքում կներդրվեն գործուն մեխանիզմներ հանրային առողջությանը սպառնացող վտանգները, սպառնալիքները և ռիսկերը կանխելու համար: Առաջին անգամ օրենքով կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները, կտարանջատվեն վերահսկողական և հանրային առողջապական ծառայությունները:
Ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան առողջապահական համակարգերի գործունեության կենտրոնում ոչ միայն բնակչության կարիքներն են, որոնք ինքնին կարևոր են, այլ անհատապես յուրաքանչյուր մարդու և քաղաքացու առողջության պահպանման և պատշաճ որակի առողջապահական ծառայությունների ստացման հնարավորության ապահովումը։ Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը առողջապահական համակարգերը դարձրել է առավել ճկուն և արձագանքող, թափանցիկ և մատչելի, ուղղված մարդու առողջապահական կարիքների բավարմանը։ «Մարդակենտրոն» քաղաքականությունն առողջապահության բնագավառում հիմնարար սկզբունք է, ուստի նոր օրենքի բոլոր բաժինները մշակվելու են այս սկզբունքի հիման վրա, օրենքը դարձնելով ավելի հասցեական։
«Առողջապահության մասին» նոր օրենքում ամրագրվելու է նաև առողջապահական ծառայություններով բնակչության համընդհանուր ընդգրկման գաղափարը:
Այսպես, երկրում սկսվել են էլեկտրոնային առողջապահության ներդրմանն ուղղված աշխատանքները, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորմանն ուղղված, դրանց գրանցման գործընթացը, հետևաբար դրանց, ինչպես նաև բժշկական էթիկայի սկզբունքների օրենսդրորեն ամրագրումը, պացիենտների և բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների, նրանց գործունեության սահմանափակումները ամրագրումը, մի շարք առողջապահական հասկացությունների ժամանակակից սահմանումների ամրագրումն առանձին բաժիններով ներկայացված կլինեն նոր օրենքի նախագծում։
- ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Օրենքի առաջին գլուխը վերաբերվում է կարգավորման ընդհանուր դրույթներին։ Սահմանվելու են նոր օրենքի կարգավորման առարկան, առողջապահական օրենսդրության շրջանակը, վավերացված միջազգային պայմանագրերի դրույթների ազգային օրենդրության գերակայությունը։ Սահմանվելու են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ընդ որում նորացվելու են գործող օրենքի սահմանումները ժամանակակից մոտեցումների հիման վրա, ավելացվելու են մի շարք նոր հասկացություններ, որոնք ներկայումս կիրառվում են, բայց որևէ իրավական ակտով սահմանված չեն և հաճախ իրարամերժ և հակասական մեկնաբանությունների առարկա են դառնում։
Նույն գլխում հստակեցվելու են առողջապահության բնագավառում պետական քաղաքականությունը որպես հանրության առողջության պահպանում և բարելավում, մարդու առողջության պահպանման իրավունքի իրականացում և պաշտպանություն, բժշկական ծառայությունների անվտանգության, արդյունավետության և որակի ապահովում և բարելավում, բժշկական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովում, հիվանդությունները կանխարգելելու, վաղ հայտնաբերելու, ախտորոշելու ու բուժելու պետական աջակցության ցուցաբերում:
Ամրագրվելու են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` սահմանելով, որ այն`
- հանրության առողջությունը հասարակության զարգացման և ազգային անվտանգության գործոն է,
- մարդու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի ապահովումն է,
- հանրային առողջության պաշտպանության համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեության և փոխգործակցության ապահովումն է,
- առողջության առաջնային պահպանման ծառայությունների հիմքի վրա անհատներին և ընտանիքներին առավել մատչելի և արդյունավետության վրա հիմնված բժշկական ծառայությունների կազմակերպման առաջնահերթությունն է,
- հիվանդությունների կանխարգելման, բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգությունն է,
- սոցիալապես անապահով ու առանձին խոցելի խմբերի առողջության ապահովման գերակայությունն է,
- սոցիալապես ոչ խոցելի, սակայն ազգային անվտանգության ապահովման առումով կարևոր խմբերի, այդ թվում երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց առողջության ապահովման գերակայությունն է
- 8. առողջապահության բնագավառում հավասարության և սոցիալական արդարության ապահովումն է,
- քաղաքային և գյուղական բնակավայրերում առողջապահական կազմակերպությունների և բժշկական ծառայությունների հասանելիության համաչափ զարգացման և հանրության առողջության ցուցանիշների բարելավման ապահովումն է:
Օրենքի նախագծում առանձին հոդվածներով սահմանվում են առողջության պահպանման և բժշկական օգնության ու սպասարկման հիմնական սկզբունքները և առողջության պահպանման առաջնահերթությունները։
Այս գլխում սահմանվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը և, որ այն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ մշակում է և ներկայացնում է կառավարության հաստատմանը բնագավառի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև հանրային քննարկման է ներկայացնում ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցը։
Օրենքի նախագծի երկրորդ գլուխը սահմանում է առողջապահության բնագավառում պետական կառավարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության` պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը և լիազորությունները։
Օրենքի նախագծի երրորդ գլխում սահմանվում են առողջապահության բնագավառում իրականացվող գործունեությանն ուղղված հանրության առողջության պահպանմանը և ամրապնդմանը, անհատական և հանրային առողջապահական ծառայությունների տրամադրմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանն ու առողջության վերականգնմանը, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների, պրակտիկ ունակությունների, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացմանը, առողջության պահպանման նոր առաջադեմ մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրման սկզբունքները:
Օրենքի նախագծի չորրորդ գլխում սահմանվում է, որ առողջապահության բնագավառում իրականացվող բժշկական օգնություն և սպասարկման ձևերը և մակարդակները։ Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևերը հետևյալն են․ հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շարժական: Սահմանվում են կազմակերպման ձևերի նպատակները։
Սահմանվում է առողջապահության բնագավառում իրականացվող բժշկական օգնություն և սպասարկման մակարդակները ըստ ծառայությունների մատուցման մասնագիտական ծավալների, սահմանվում է ըստ բժշկական օգնության և սպասարկման մակարդակների մատուցվող ծառայությունների սահմանափակումները և բոլոր մակարդակներում կազմակերպման առանձնահատկությունները և սահմանափակումները։
Սահմանվում է բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման մակարդակները՝ հաշվի առնելով բնակչության խտությունը, աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, հասանելիությունը և այլ հանգամանքներ:
Սահմանվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար ներկայացվող պարտադիր սանիտարական և համաճարակաբանական նորմերի մշակման, հաստատման և կիրառման պարտադիր պահանջները:
Նախագծի հինգերորդ գլխում սահմանվում են առողջապահության բնագավառում լիցենզավորման պարտադիր պահանջը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և դրանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները լիազոր մարմնի առաջարկով ՀՀ կառավարության հաստատման պահանջը։
Օրենքով սահմանվում է, առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացման լիցենզիան տրվում է 7 տարի ժամկետով, որից հետո նույն գործունեությունը շարունակելու համար սահմանվում է վերալիցենզավորման պարտադիր պահանջ։
Առանձին դրույթով սահմանվում է, որ լիազոր մարմինը կմշակի օրինակելի զարգացման ծրագրի ձև, երկարաժամկետ ռազմավարություն, որը կներառի ընդհանուր կառավարմանը, ծառայությունների որակի բարելավմանը և հանրային առողջապահական վտանգների դեմ իրականացվող գործողություններին, ինֆեկցիաների վերահսկմանը, ֆինանսական կառավարմանը և կադրային հագեցվածությանը, դեղերով,