Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականության» նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման Ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման

 

  1. 1. Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը վերջին տասնամյակների ընթացքում հիմնականում արտահայտվում է ջերմաստիճանի նշանակալից բարձրացմամբ և տեղումների նվազմամբ: Չնայած այն հանգամանքին որ երկիրն արդեն իսկ գտնվում է տարածաշրջանի առավել խոցելի պետությունների շարքում՝ վերջինիս էկոհամակարգերի, տնտեսության և բնակչության խոցելիությունը շարունակելու է վատթարանալ՝ ջերմաստիճանի աճի տենդենցի պահպանմամբ պայմանավորված: Հետևաբար, կլիմայի հարմարվողականության քաղաքականություններն ու միջոցառումները առանձնահատուկ նշանակություն ունեն պետության կողմից սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից և, միաժամանակ, որպես զարգացող Կողմ երկիր ՀՀ-ն պետք է շարունակի ընդլայնել մեղման ջանքերը՝ ջերմոցային գազերի արտանետումների լայնածավալ նվազեցումների ապահովման նպատակով:

 

Համաձայն ՀՀ ՋԳ գույքագրման վերջին հաշվետվության (2017), ավտոմոբիլային տրանսպորտը հանդիսանում է ՋԳ արտանետումների առաջատար աղբյուրը (մոտ 25%) էներգետիկ ոլորտում, որը ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ արտադրողն է (ՀՀ ընդհանուր ծավալի 66.7%-ը)։ 2017 թվականին վառելիքի այրումից ՋԳ արտանետումների ավելի քան 83%-ը առաջացել է բնական գազից: Դա պայմանավորված է տրանսպորտում բնական գազի լայնածավալ և աճող կիրառմամբ: Արդյունքում, ավտոմոբիլային տրանսպորտից արտանետումները շարունակաբար աճել են 2000 թվականից ի վեր՝ 2000–2017 թվականներին ճանապարհային տրանսպորտի արտանետումները աճել են մոտ 150%-ով՝ պայմանավորված երթևեկության ծավալների նշանակալից աճով:

 

Կառավարությունն իր հնգամյա՝ 2021-2026թթ գործունեության ծրագրով գերակա է ճանաչել էլեկտրական շարժունակության զարգացումն ու բարենպաստ էկոհամակարգի ձևավորումը: Առաջնորդվելով այս սկզբունքով և ի կատարումն իր հանձնառությունների՝ ՀՀ կառավարությունը մշակել և ներկայացնում է Հայաստանում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարությունը: Դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի, սոցիալա- կան բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից:

 

2Ընթացիկ իրավիճակը

 

Վերջին տարիների ընթացքում իրականացված մի շարք ուսումնասիրություններ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի և շուկայի ներկա իրավիճակը, ինչպես նաև տրանսպորտային համակարգի արդիականացման և ամբողջ երկրում հասարակական շարժունակության հասանելիության ապահովմանն ուղղված մարտահրավերներն ու լուծումները: Այսպես, 2007 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների թվի կտրուկ աճ է արձանագրել ինչպես բացարձակ թվով (ընդհանուր առմամբ 127%), այնպես էլ 1,000 բնակչին ընկնող տրանսպորտային միջոցների քանակով՝ 96 մեքենա 2007 թվականին, 2020 թվականի 217-ի դիմաց:

 

Հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքի անբավարար լինելու պատճառով ՀՀ-ում բոլոր ճանապարհային տրանսպորտային միջոցների մոտ 90%- ը կազմում են ավտոմեքենաները, ամենագնացները, ֆուրգոնները և թեթև քառանիվ բեռնատարները: ՋԳ արտանետումների ավելի մեծ ծավալով և արտանետումների սահմանափակ հսկողությամբ ավելի հին մեքենաները գերադասվում են սպառողների կողմից՝ բնակչության ցածր եկամուտների պատճառով:

 

Ցածր խոնավությամբ երկրի կլիման ապահովում է տրանսպորտային միջոցների ավելի լավ պահպանումը և երկարաձգում է դրանց շահագործման ժամկետը: Վերջին միտումները ցույց են տալիս, որ 2 տարեկանից ավելի նոր մեքենաները ավելացրել են իրենց շուկայական մասնաբաժինը մինչև 2% (միայն նոր գրանցումներ)՝ համեմատած 2008-ի 1%-ից ցածրի հետ: Այնուամենայնիվ, 2019 թվականին 16 տարի և ավելի հին թեթև տրանսպորտային միջոցների մասնաբաժինը ընդհանուր թվից կազմել է 62%։

 

3 Ռազմավարության թիրախները

 

Ռազմավարությունը     խարսխված     է     մինչև     2030    թվականը     հետևյալ քաղաքականության թիրախների իրականացման ապահովման շուրջ՝

1․ Էլեկտրական մեքենաների քանակը հասցնել մինչև 50,0001 միավոր,

2․ Միջպետական ճանապարհներին կից տեղադրված գերարագ լիցքավորման կայանների քանակը հասցնել մինչև 300 միավոր,

3․ Աջակցել յուրաքանչյուր մարզում էլեկտրական մեքենաների տեխնիկական սպասարկման առնվազն 1 կենտրոնի ստեղծմանը,

4․ Աջակցել էլեկտրական մեքենաների հավաքման առնվազն 1 արտադրության հիմնադրմանը,

5․ Հասցնել     էլեկտրական      մեքենաների     լիցքավորիչների     տեղական արտադրությունների քանակն առնվազն մինչև 3 արտադրության,

6․ Ապահովվել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող ավտոպարկի առնվազն 50%-ով էլեկտրական մեքենաներով հագեցվածություն,

7․ Նպաստել էլեկտրական մեքենաների մարտկոցների (e-waste) վերամշակման առնվազն 1 արտադրության ստեղծմանը։

  • Քննարկվել է

    07.06.2024 - 28.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1987

Տպել