ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<<—->>--------- 2024 թվականի N-————Ն
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-250-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության
<<--->>------2024 թվականի
N----- Ն որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1․ Սույն պահանջներով սահմանվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի արդյունքում հաստատված կանոնավոր երթուղիների փոխադրավարձի փոփոխություն կատարելու պահանջները։
2․ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման պահանջներին համապատախան մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների (այսհուհետ՝ երթուղի) ուղեգծերի փոփոխության՝ դրանց երկարացման կամ կրճատման դեպքում, մրցույթի արդյունքում սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել՝ համապատասխանաբար ավելացվել կամ նվազեցվել։
3․ Մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղու ձևավորման դեպքում սահմանվում է այդ երթուղու փոխադրավարձը սույն կարգի պահանջներին համապատասխան։
4․ Երթուղու ուղեգծի երկարացման կամ կրճատման դեպքում փոխադրավարձը կարող է համապատասխանաբար ավելացվել կամ նվազեցվել երկարացվող կամ կրճատվող կիլոմետրի հաշվարկով՝ տվյալ երթուղու փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջին արժեքի չափով։ Փոխադրավարձը հաշվարկելիս կիրառվում է ընդհանուր սակագնի մաթեմատիկական կլորացում, որը 1-49 դրամի դեպքում չի կարող գերազանցել 50 դրամը, 51-99 դրամի դեպքում՝ 100 դրամը։
5․ Միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը հաշվարկվում է ըստ երթուղու երկարության՝ հիմք ընդունելով տվյալ միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքը։ Փոխադրավարձի արժեքը կարող է հաշվարկվել միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքից ցածր արժեքով, սակայն փոխադրավարձը չի կարող պակաս լինել 100 դրամից։
6․ Սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքում երթուղու փոխադրավարձի վերանայման, իսկ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձի սահմանման համար տվյալ երթուղին սպասարկող օպերատորը երթուղային ցանցը կազմակերպող մարմնին ներկայացնում է համապատասխանաբար փոխադրավարձի փոփոխության կամ սահմանման վերաբերյալ հիմնավորված առաջարկություն, որը քննարկվում է երթուղային ցանցը կազմակերպող մարմնի մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով) կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
7․ Փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ մրցութային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ղեկավարն ընդունում է փոխադրավարձը հաստատելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտ։
8․ Մրցութային հանձնաժողովը փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությունը կարող է մերժել, եթե ներկայացված փոխադրավարձի հաշվարկը չի համապատասխանում սույն կարգի 4-րդ կետի պահանջներին, իսկ փոխադրավարձի սահմանման վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությունը կարող է մերժել, եթե ներկայացված փոխադրավարձի հաշվարկը չի համապատասխանում սույն կարգի 5-րդ կետի պահանջներին։
9․ Փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ առաջարկությունը մերժելու վերաբերյալ մրցութային հանձնաժողովը որոշում ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է երթուղին սպասարկող օպերատորին՝ ներկայացնելով մերժման հիմքերը։
10․ Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)։
11․ Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձը վերանայվում է տվյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ։
12․ Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավաձի վերանայման համար երթուղին սպասարկող օպերատորը երթուղին կազմակերպող մարմնին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) իրավաբանական անձի դեպքում՝ վերջին հարկային տարվա հաշվետվությունը, այդ թվում՝ շահույթի կամ վնասի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հարկային հայտարարագիրը, այդ թվում՝ հարկային մարմնին վճարված եկամուտների մասին տեղեկատությունը․
2) փոխադրավարձի միջին կշռված սակագինը, որը համարժեք է տնտեսապես հիմնավորված մեկ ուղևորի փոխադրավարձի չափին, ինչը հնարավորություն է տալիս փոխհատուցել ուղևորների փոխադրման ընդհանուր ծախսերը և ապահովել տնտեսապես հիմնավորված շահութաբերություն․
3) տեղեկանք փոխադրավարձի բարձրացման պատճառների վերաբերյալ.
4) ուղևորափոխադրումների ինքնարժեքի հաշվարկը․
5) տվյալ երթուղին սպասարկելու համար վերջին հարկային տարվա ընթացքում փաստացի կատարված հետևյալ ծախսերը փաստաթղթային հիմնավորմամբ՝
ա․ վառելիքի ծախս,
բ․ քսանյութերի ծախս.
գ․ անվադողերի փոխարինման ծախս․
դ․ տրանսպորտային միջոցի վերանորոգման ծախս․
ե․ աշխատավարձի ծախս․
զ․ այլ ծախսեր՝ ըստ տեսակի․
6) ամորտիզացիոն մասհանումներ․
7) հաշվետու ժամանակահատվածում փոխադրված ուղևորների թիվը․
8) դրամի փոխարժեքի տատանումները․
9) շահութաբերության հաշվարկ։
13․ Անհրաժեշտության դեպքում երթուղին կազմակերպող մարմինը կարող է երթուղին սպասարկող օպերատորից պահանջել լրացուցիչ տեղեկություններ գործող փոխադրավարձի վերանայելը հիմնավորելու համար:
14․ Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձը վերանայելու վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությունը մրցութային հանձնաժողովը քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։
15․ Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ առաջարկը ընդունվում և հաստատվում է կամ մերժվում է համապատասխանաբար սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերի պահանջներին համապատասխան։
16․ Մրցութային հանձնաժողովը փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի կողմից սույն կարգի 12-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերություններով ներկայացնելու դեպքում գրավոր առաջարկում է օպերատորին վերացնել թերությունները:
17․ Մրցութային հանձնաժողովը փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությունը կարող է մերժել սույն կարգի 12-րդ կետով պահանջվող փաստաթղթերի թերի ներկայացնելու կամ հիմնավորված փաստաթղթեր չներկայացվելու դեպքում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ