Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021  թվականի հունիսի  3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման,  ինչպես նաև Վարչապետի մոտ 2023 թվականի օգոստոսի 28-ին կայացած՝ ՀՀ Լոռու մարզի 2022 թվականի հաշվետվության մասին խորհրդակցության N Վ/163-2023 արձանագրության 3-րդ կետի 3.5-րդ և 3․6-րդ ենթակետերի հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

2023 թվականին Վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն բնակավայրի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքում կարկտի հասցրած վնասների վերաբերյալ հարցը, որի հետ կապված հանձնարարվել էր դիտարկել՝ բնակավայրի կարկտից տուժած մարդկանց (տնտեսություններին) աջակցելու, ինչպես նաև կարկտի առավել ակտիվ գոտիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագիր իրականացնելու հարցերը:

 Խնդիրներին առավել հստակ ծանոթանալու և աջակցության ծրագրի մեխանիզմները դիտարկելու համար քննարկումներ են իրականացվել ինչպես Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն և մյուս բնակավայրերի ղեկավարների, տնտեսավարողների, մարզպետարանի ներկայացուցիչների, այնպես էլ շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների հետ։  

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից տրամադրվել էր հանրապետությունում կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող և նախագծում ներառված բնակավայրերի ցանկը (ցանկում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության 9 մարզերի 41 համայնքների 269 բնակավայրեր), որը ուղարկվել է ՀՀ մարզպետների աշխատակազմեր՝ նշված բնակավայրերում պետական աջակցությամբ կարկտապաշտպան ցանցեր ներդնելու ծրագրի իրականացման նպատակահարմարության դիտարկման, ինչպես նաև ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող տնտեսավարողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։

Կատարված հարցումների արդյունքում, ստացված նախնական տվյալներով, պետական աջակցությամբ կարկտապաշտպան ցանցեր ներդնելու ցանկություն են հայտնել վերը նշված բնակավայրերի շուրջ 290 հա տարածքներում բազմամյա տնկարկներ ունեցող տնտեսավարողներ։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն  ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարե­նային անվտան­գու­­թյան ապահովման մակարդակի բարձրացմանը, անաս­նա­բուծու­թյան և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտա­դրան­քի իրաց­մանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակող­ների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Կառավարության 2021-2026թթ. Ծրագրով կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսության ինտենսիվացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը։  Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է ներդրումների արդյունավետության և մատչելիության բարելավումը։

Կարգավորման նպատակը և բնույթը:

Կարգավորման նպատակը` պետական աջակցության միջոցով կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմի առաջադրումն է, կարկտից ստացած վնասների նվազեցումն ու ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցումը։

Ծրագրի շրջանակում տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու նպատակով նախագծով առաջարկվում է՝ կարկտապաշտպան ցացնի ներդրման համար, բացի գործող աջակցության վարկային բաղադրիչից կիրառել նաև ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը և կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող, նախագծում ներառված թվով 269 բնակավայրերի 0․5- 10 հա տարածքում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար յուրաքանչյուր շահառուի փոխհատուցել փաստացի կատարված ծախսերի 75%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով սահմանված ծախսի առավելագույն սահմանաչափի (12,1 մլն դրամ) 75%-ը։

Միաժամանակ, ոռոգման արդիական համակարգի և կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքերում ծրագրում հստակեցվել են անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) և հետներդրումային շահագործման համար սահմանված ժամկետները, ինչպես նաև կապալառու կազմակերպության միջոցով կատարվող աշխատանքներն ու շահառուի և կապալառու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի ժամկետները։

Տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի երկարաժամկետ և բարեխիղճ շահագործման նպատակով,  նախագծով առաջարկվում է ապահովել կարկտապաշտպան ցանցերի շահագործումը՝ հետներդրումային  6 տարիների ընթացքում։ Նախագծով սահմանվել է նաև հիմնվող այգու ամբողջ մակերեսում ոչ արտադրական տարածքի մակերեսի թույլատրելի չափի վերաբերյալ դրույթ։

Սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը կիրականացվեն ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյանը 2024 թվականի համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին (կանխատեսվում է, որ 2024 թվականին ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիով կարկտապաշտպան ցանց կներդրվի շուրջ 20 հա տարածքի վրա,պետական բյուջեից լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 180 մլն դրամ), իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի  միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի շրջանակում։ Նախնական տվյալներով մարզպետների աշխատակազմերից ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում կանխատեսվում է ընդհանուր առմամբ (ներառյալ 2024 թվականը) շուրջ 100 հա տարածքում (հաշվի առնելով ծրագրերի իրականացման փորձը) կարկտապաշտպան ցանցերի ներդրում, որի համար պետական բյուջեից ֆինանսավորումը կկազմի  շուրջ 900 մլն դրամ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունումը կնպաստի արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, բնակլիմայական աղետներից հասցված վնասների նվազեցմանը, տնտեսավարողների եկամուտների կայունացմանը։

Այլ տեղեկություններ:

Այլ տեղեկություններ չկան:

  • Քննարկվել է

    08.05.2024 - 23.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1785

Տպել